Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը հանրության օգնությունն է հայցում

Մարտ 31,2012 13:34

Երեկվա հանրահավաքում նաեւ այսպիսի կոչեր հնչեցին

«ԵսՀայ ազգային կոնգրեսի անդամ եմ, դուրս չեմ եկել եւ դեռ հույսերս չեմ կորցրել»,- երեկ Ազատության հրապարակում «Առավոտի» հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ փարատելով զարմանքը, որ մասնակցում է ՀԱԿ-ի հանրահավաքին: Սոս Գիմիշյանն ասաց, որ ինքը, ի տարբերություն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանի, չի կասեցրել իր անդամությունը ՀԱԿ քաղխորհրդին, պարզապես այս փուլում քաղխորհրդի նիստերին իրեն չեն հրավիրում, հրավիրում են ՀԱԿ նախընտրական դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչը, Սոս Գիմիշյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ» եւ Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունները հայտարարեցին, որ ՀԱԿ-ի հետ մարտավարական եւ ռազմավարական լուրջ տարաձայնությունների պատճառով հրաժարվում են Կոնգրեսի նախընտրական դաշինքում ընդգրկվելուց: Սոս Գիմիշյանն «Առավոտին» ասաց, որ իրենց անհամաձայնությունները դեռ օրակարգում են, եւ կայանալիք ընտրությունների արդյունքները ցույց կտան՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Բայց դա չի խանգարում, որ, ասենք, ինքը՝ Գիմիշյանը, առաջիկա ընտրական շրջանում ՀԱԿ-ի համար աշխատանք ծավալի. «Օրինակ՝ Ներսիսյան Գագիկը իմ ընկերն է, մենք միասին լուսահոգի Եգորյանի պատգամավորական խմբում ենք եղել, ինքն առաջադրվել է Արտաշատում, եւ ես գնալու եմ՝ իրեն օգնեմ: Ինքը նաեւ ՀԱԿ-ի համար է աշխատելու, ես հո իմ ընկերոջը չե՞մ խանգարելու, օգնելու եմ: Տա Աստված, որ իրենց նախընտրած մարտավարությամբ ՀԱԿ-ը կեսից ավելին հավաքի, բայց ես համոզված եմ, որ մեր ասածն ավելի ճիշտ է: Ամեն դեպքում, մայիսի 6-ին կտեսնենք: Կարող է՝ մենք ենք սխալ»:

Գիմիշյանը համոզված է, որ ընտրություններով մանդատ վերցնելու ճանապարհով հայաստանյան խնդիրներին լուծում չկա, հետեւաբար իրենք առաջարկել են ժողովրդին ակտիվացնել, վստահությունը վերականգնել. «Անկեղծորեն եւ ազնվորեն պետք է ժողովրդին ասել, որ ընտրությունների միջոցով լուծում չկա, պետք է ակտիվանանք, հավաքվենք, էստեղ կանգնենք, ստիպենք հրաժարական տան ու դրանից հետո նոր ընտրություններ անցկացնենք: Այսինքն՝ արտահերթ ընտրությունների միջոցով: Այն, ինչը որ ՀԱԿ-ն ասում էր ու, ցավոք, ոչինչ չարեց: Սա է տարաձայնությունը: Իրենք փորձում են ճղճիմ խնդիր դարձնել՝ ցուցակում տեղ եւ այլն, բայց երբ մենք այս հարցերը բարձրացնում էինք, ոչ ցուցակ կար, ոչ էլ: Մեղքն իրենց վիզը»: Գիմիշյանը ցանկացել է Երեւանի Նոր Նորքում առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, քանի որ ՀԱԿ-ի շտաբի պետ է եղել այդ տարածքում, բայց ՀԱԿ-ում դեմ են եղել. «Միջոց ունենայի, հիմա էլ կառաջադրվեի, անկախ նրանից՝ այնտեղ ՀԱԿ-ի ներկայացուցիչ կա, թե ոչ, եւ ցույց կտայի՝ Մասիվում ով ինչ գործ է արել, ով ճանաչում ունի»: «Առավոտի» դիտարկմանը՝ այդ «տղայական» մոտեցումը չէ՞ արդյոք ընդդիմության խնդիրը, քանի որ հենց նույն սկզբունքով ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» իրար դեմ թեկնածուներ են դրել, եւ այդ պարագայում իշխանությունը կարող է կեղծելու ջանքեր էլ չգործադրել, մեր զրուցակիցն ասաց. «Շատ վատ բան է, որ լուծումներ չեն գտել»:

Իսկ ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը, ինչպես ասաց հանրահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, տեղեկատվական բնույթի էր: Իշխանության քննադատությունից, հանրությանը՝ առաջիկա ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավելու կոչերից զատ՝ ՀԱԿ-ը ներկայացրեց իր համամասնական եւ մեծամասնական ցուցակները՝ հավաքվածների հավանությունը եւ աջակցությունը ստանալու համար: Ի տարբերություն ՀՀԿ ցուցակների՝ ՀԱԿ-ի համամասնական եւ մեծամասնական ցուցակները Մանուկյանը համարում է ազնիվ մարդկանց ցուցակներ եւ ասում, որ առաջիկա պայքարը լինելու է ազնիվների եւ գռփողների պայքար: Այն ընթացքում, երբ նա ՀՀԿ ցուցակից անուններ էր հրապարակում՝ «Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան եւ այլ ժողգործիքներ…», հանրահավաքի մասնակիցները սուլում էին եւ «ամոթ» վանկարկում: Արամ Մանուկյանը նույնիսկ ցուցադրեց ՕԵԿ-ի բաժանած մուրաբաները: Նմանատիպ արձագանքներ եղան նաեւ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արտասանեց ՀՀԿ համամասնական եւ մեծամասնական ցուցակներում ընդգրկված մականունավոր մարդկանց անունները: «Սերժ Սարգսյանը քաղաքական գործչի փեշակը շփոթել է ֆոկուսնիկի փեշակի հետ: Որովհետեւ ֆոկուսնիկներն են, որ կրկեսի հարթակում, սեւ ցիլինդրի մեջ մկանը դհոլ սարքելով, ուզում են հավատացնել, թե մուկը փոխվեց, դարձավ դհոլ: Էդ նույն Սերժիկ Սարգսյանն էր, որ ամիսներ առաջ բարձր ամբիոնից ճամարտակում էր բիզնեսի եւ իշխանության տարանջատման մասին: ՀՀԿ-ականները թմբկահարում էին, թե մականունավորներն այլեւս տեղ չեն ունենալու մեր խորհրդարանում: Հիմա Սերժիկ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն մեծամասնական ու համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրել մականունավոր բիզնեսմենների (ընթերցում է անունները- Ն. Գ.)»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Այս թեմայով հրապարակային տասնյակ խոստումները դրժելուց հետո նորմալ մարդը պիտի գետինը մտներ, բայց Սերժիկ Սարգսյանը անամոթաբար կանգնում է մարդկանց առաջ եւ նրանց հավատալու կոչ է անում: Ինչի՞ն հավատանք, Սաշիկի պուճուր ախպեր, որ «Լֆիկ Սամոն» էլ օլիգա՞րխ չի, այլ կարկառուն քաղաքական, հասարակական գործի՞չ»:

Հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ ՀԱԿ համակարգող, ՀԱԿ նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց հանրահավաքի մասնակիցներին այս տարիների ընթացքում իրեն եւ իր ընտանիքին սատարելու համար, կոչ արեց գնալ ընտրությունների՝ գիտակցումով, որ Հայաստանին այլընտրանք է պետք, եւ դա ՀԱԿ-ն է: Նաեւ հավաստիացրեց, որ անկախ նրանից, որ ԿԸՀ-ն չգրանցեց իր թեկնածությունը, ինքը շարունակելու է իր ներդրումներն ու պայքարը՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա: Ելույթ ունեցողները հիմնականում քննադատության ենթարկեցին այս օրերին ՀՀԿ տարբեր ներկայացուցիչների կողմից հնչած հավակնությունը՝ թե ՀՀԿ-ն ակնկալում է ընտրողների ձայների 40 տոկոսը ստանալ, որ ի հեճուկս երկրում բնակչության թվի նվազման՝ ընտրողների թիվն ավելացել է, եւ կոչ արեցին հանրությանն ակտիվ եւ պատասխանատու վերաբերվել առաջիկա գործընթացներին, մարդկանց խնդրեցին օգնել ՀԱԿ-ի աշխատանքներին՝ շտաբներում եւ գրասենյակներում:

ՀՀ առաջին նախագահն իր ելույթում, ըստ էության, հրապարակեց այն ծրագրային դրույթները, որոնցով ՀԱԿ-ը գնալու է առաջիկա ընտրություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կարդացեք :

ՀԱԿ հանրահավաքն ավարտվեց երթով: Հաջորդ հանրահավաքի մասին հանրությունը լրացուցիչ կիրազեկվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031