Արժութային շուկայում որոշակիորեն աճել է տարադրամի պահանջարկը։ Ընդ որում, դա արտահայտվում է ոչ միայն դոլարի, այլեւ եվրոյի դեպքում։ Թեեւ անցած երկու-երեք օրերին եվրոն մի փոքր արժեզրկվեց, այնուհանդերձ անցած տասնօրյակին եվրոպական արժույթը եւս արժեւորման միտումներ է դրսեւորել։ Այդ ընթացքում եվրոն թանկացել է գրեթե 10 նիշով. արդեն գնվում եւ վաճառվում է 518 դրամ միջին փոխարժեքով։
Արժութային շուկայում այս սեզոնին նկատվող տարադրամի պահանջարկի աճը սովորաբար դրսեւորվում է գրեթե ամեն տարի։ Եթե նախորդ տարի այդ ճնշումը հաջողվեց ժամանակավորապես չեզոքացնել հարեւան Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հաշվին, ապա այս տարի դրա ազդեցությունը փոքրացել է։ Չնայած չկան պաշտոնական տվյալներ, այնուհանդերձ ակնհայտ է, որ Նովրուզի տոնակատարություններին իրանցի այցելուների թիվը Հայաստան այս տարի համեմատաբար փոքր էր։
Սա բացատրվում է ինչպես քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական վիճակով։ Բացի դրանից, Իրանում տարադրամն այս տարի զգալիորեն թանկացել է։ Իսկ դա ստիպում է զբոսաշրջիկների մի մասին խուսափել տոներն արտերկրում անցկացնելուց։ Սա այն հիմնական պատճառներից մեկն է, որ այս տարի իրանցիների հոսքը Հայաստան քիչ էր։
Մինչդեռ, տարբեր հաշվարկներով, նրանցից ամեն մեկը այստեղ գտնվելու ընթացքում արժութային շուկայում թողնում է 700-1000 դոլար։ Սա լուրջ ներարկում է հայաստանյան ֆինանսական շուկայի համար, որն էլ սովորաբար հնարավորություն է տալիս որոշակի ժամանակահատված խուսափել տարադրամի նկատմամբ շուկայում այս շրջանում ձեւավորվող ճնշումից։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
«Հայոց աշխարհ»