2007-2011թթ. ընթացքում հանրապետությունում միջին անվանական աշխատավարձն աճել է 55%-ով` 2011թ. կազմելով 115,5 հազար դրամ: Այս նույն ժամանակահատվածում աճել են նաեւ առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների ու ծառայությունների գները: Մասնավորապես, աճել են պարենային զամբյուղում ներառված առաջին անհրաժեշտության անխտիր բոլոր ապրանքների գները:
Առաջին տեսակի հացի կիլոգրամի գինը 273 դրամից դարձել է 369 դրամ (աճը`35%), բարձր տեսակի հացինը` 327-ից` 425 դրամ (աճը` 30%), բարձր տեսակի ալյուրի գինը` 229-ից 313 դրամ (աճը` 37%): Բրնձի կիլոգրամը 362 դրամից հասել է 657 դրամի (աճը` 81%): Նկատենք, որ սա պաշտոնական վիճակագրություն է, իսկ իրականում հազիվ թե սպառողը կիլոգրամն անգամ 700 դրամով սննդի համար պիտանի բրինձ գտնի մանրածախ առեւտրի կետերում, ինչպես համոզում է ԱՎԾ-ն: Ինչեւէ, նշյալ ժամանակահատվածում հատիկ լոբին 755 դրամից դարձել է 1056 դրամ (աճը` 40%):
Անցնենք մսամթերքին: Տավարի միսը 1151-ից դարձել է 2599 դրամ (աճը` 125%), ոչխարի միսը` 1439-ից 3308 դրամ (աճը` 130%), խոզի միսը` 1619-ից 2783 դրամ (աճը` 72%): Կարելի է ենթադրել, որ սոցիալապես անապահով խավերն այս սննդատեսակից իրենց ձեռքները գրեթե լվացել են` ամսվա ռացիոնում թերեւս թողնելով միայն ներմուծված թռչի մսի օգտագործումը, որն անհամեմատ մատչելի է եւ այս ժամանակահատվածում գնային էական փոփոխության չի ենթարկվել: Թռչնի մսի գինն աճել է ընդամենը 11%-ով:
Կաթնամթերքի մասով եւս թանկացումները խիստ շոշափելի են եղել: Մասնավորապես թանկացել են «Չանախ» տեսակի պանիրը` 1403-ից 2019 դրամ (աճը` 44%), «Լոռի» տեսակի պանիրը` 1565-ից 2367 դրամ (աճը` 51%), եւ կենդանական յուղը (կարագը)`1768-ից 3267 դրամ (աճը` 85%):
Կարդացեք նաև
55%-ով թանկացել է շաքարավազը` կիլոգրամը 267 դրամից դառնալով 413 դրամ:
Թանկացել են նաեւ մարգարինը եւ բուսական յուղը` համապատասխանաբար 32%-ով եւ 27%-ով (մարգարինի կիլոգրամը նախորդ տարի կազմել է 1026 դրամ, բուսական յուղինը` 838 դրամ): Այս ողջ ժամանակահատվածում հիմնական սննդամթերքի տեսականու մեջ համեմատաբար ցածր գնաճ արձանագրել են կաթը` լիտրը 342-ից դառնալով 462 դրամ (աճը`12%), եւ մակարոնեղենը` 390-ից 460 դրամ (աճը`16%):
Եթե այս ամենին գումարում ենք այս տարվա հունվար-մարտ ամիսների գնաճը, որին ստորեւ կանդրադառնանք, ապա կարելի է ենթադրել, որ հասարակության ամենաանապահով խավերը, ենթադրաբար, նստած են մակարոնային դիետայի վրա: Քանզի աշխատավարձերի 55%-ով աճը վաղուց լվացել է գնաճը: Ծառայությունների եւ ոչ պարենային ապրանքների թանկացումների մասին խոսելն այս պարագայում ավելորդ է:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ
«Երկիր»