Ֆուտբոլային ակումբների սեփականատերերը համաշխարհային մեծության աստղերին գնելու համար աստղաբաշխական գումարներ են ծախսում:
Դաղստանցի միլիարդատեր Սուլեյման Քերիմովը, որին պատկանում է Մախաչկալայի «Անժին», գլխավոր մարզիչ Գուս Հիդինգի առաջարկով պատրաստ է գնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորեսին՝ 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարելով $ 56 միլիոն: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դաղստանում աչք են դրել նաեւ լոնդոնյան նույն ակումբի հարձակվող Դիդյե Դրոգբայի եւ «Տոտենհեմի» խաղացող Էմանուել Ադեբայորի վրա:
Ավելի մեծ ախորժակ ունի «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրը, որը նպատակ է դրել Մադրիդի «Ռեալի» իր սիրելի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին գնել 80 միլիոն ֆունտ ստերլինգով: Եթե գործարքը կայանա, պորտուգալացին (նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2015 թվականին) իր նոր ակումբում շաբաթական կստանա 400-500 հազար ֆունտ ստերլինգ:
Ի դեպ, Շեյխ Մանսուրը հրավիրել է նաեւ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրիյոին, որն էլ «Ռեալի» ղեկավարությանն ակնարկել է, որ ակումբը կարող է թողնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ