Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որ Պլովդիվում այսօր ավարտվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հավակնում էր չեմպիոնական տիտղոսին, նախավերջին տուրում սեւ խաղաքարերով պարտվեց Լորան Ֆրեսինեին (Ֆրանսիա) եւ 7,0 միավորով նահանջեց 22-րդ հորիզոնական:
Հայաստանցի գրոսմայստերն ամենայն հավանականությամբ դուրս մնաց նաեւ ընդհանրապես մեդալների համար պայքարից ու նրա գլխավոր նպատակը հիմա 25 լավագույնների մեջ մնալն է, որպեսզի աշխարհի գավաթի խաղարկության իրավունք ստանա: Անհաջողության մատնվեցին նաեւ գավաթի ուղեգրին հավակնող Սերգեյ Մովսիսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը: Եվ միայն ոչ-ոքի արած գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դեռ 25 լավագույնների մեջ տեղ զբաղեցնելու աննշան հույսեր կարող է փայփայել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ