Այսօր երթուղային տաքսի նստեցի աշխատանքից տուն վերադառնալիս ու նկատեցի, որ բոլորն ուրախ են: Ես էլ ուրախացա, որ ժպտացող մարդկանց հետ եմ երթեւեկելու ու հաղթահարելու Մամուլի շենքից մինչեւ հեռավոր Չարբախ ընկած տաղտկալի ճանապարհը: Քիչ էր մնում Ալբերտ Մկրտչյանին մի հատ էլ «Ուրախ երթուղային» վերնագրով ֆիլմ նկարելու միտք տայի… ահագին լավ զգացի, որովհետեւ հոգնում եմ փողոցներում մռայլ դեմքեր տեսնելով: Մի քանի րոպեից, սակայն, հասկացա, որ ուղեւորների ուրախության պատճառը շուրջ 65 տարեկան մի տղամարդ է, ով բջջայինով խոսում է սիրած կնոջ հետ` իր զգացմունքների եւ անձնվեր սիրո մասին: Չգիտես ինչու քիթը փորող ռաբիզ, անթրաշ տղամարդն ու նրա հետեւի շարքում նստած առնացի կերպարանքով կինն ու անհաջող ներկումից ժանգագույն երանգ ստացած մազերով նրա ընկերուհին զարմանք չէին հարուցում, բայց սիրահարված տղամարդը «կայֆ» բռնելու առարկա էր դարձել: Թե սիրո մեջ ի՞նչ կար պախարակելի ու ամոթալի, էդպես էլ գլուխ չհանեցի:
Գուցե կաղապարված հայրենակիցներս մտածում էին, թե տղամարդն արդեն շա՞տ մեծ սիրելու համար, իսկ ո՞վ է ասել որ սերը հասակ ունի…Նեղվեցի մի տեսակ, որ վայրենացել ենք, լիքը սիրուն բաներ չենք նկատում, ոգեւորվում ենք նրանից, թե քաղաքական գործիչներից ով հայհոյեց, ում կալանավորեցին-տարան, սկսում ենք «քուջուջ» անել Քիմ Քարդաշյանի անկողնում, ամաչում ենք խենթ լինել…
Երբ սիրահարված տարեց տղամարդն իջավ, երթուղայինի վարորդը հետեւից նետեց.«Ոնց որ պինգվին ըլներ, նատուրի էլ չեմ վեկալելու, որ տենամ»… Քիթը փորող տղամարդը, որ մինչ այդ ականջները սրած հետեւում էր սիրահարվածին, փորձեց ծաղրանմանակել նրան` բերանը ծռմռելով. «Ես քեզ սիրում եմ, ինձ ոչինչ չի կարող ստիպել, որ հրաժարվեմ քեզանից»: Կողքիս նստած տատիկը ծիծաղեց. «Ասա տարիքով մարդ ես, էդ տարիքում ինչ սե՞ր…»
Ժողովուրդ, գժված գարուն է, ժպտացեք ու սիրեք, անկախ նրանից՝ ինչ տարիքում եք: Մանավանդ երիտասարդությունը հոգու վիճակ է…