ՀՀԿ նախընտրական ծրագրում, որը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի օրը, ոչ միայն բազմաթիվ խոստումներ են եւ արածների թվարկում, այլեւ մեկ-երկու տեղ խոսվում է որոշ բաղթողումների մասին: Մասնավորապես, նախաբանում գրված է.«Մեզ դեռեւս չի հաջողվել հաղթահարել աղքատությունը եւ կոռուպցիան, ապահովել արդար մրցակցություն բարենպաստ գործարար միջավայրում: Մենք պետք է հաղթահարենք այն քաղցկեղը, որով հիվանդ է մեր հասարակությունը եւ որը կոչվում է կոռուպցիա: Այս ճանապարհին կիրառվելու են ե՛ւ վիրահատական, ե՛ւ մյուս բոլոր օրինական մեթոդները»:
Որոշ նախանշած բարեփոխումների եւ պլանների անկատար մնալը ՀՀԿ-ն արդարացնում է համաշխարհային ճգնաժամով.« Մենք սկիզբ ենք դրել լայնամասշտաբ բարեփոխումների նոր փուլի, որը ներառում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները: Արտաքին մարտահրավերների բացասական հետեւանքների հաղթահարումը մեզնից խլեց զգալի ռեսուրսներ, որի արդյունքում բարեփոխումների մի մասը դեռեւս չի հասել իր տրամաբանական ավարտին»:
Սակայն, բնականաբար, փաստաթղթի բնույթը ենթադրում է, որ այնտեղ պիտի լինեն առավելապես դրական հնչողություններ, եւ այդպես էլ կա.« Մենք կարողացանք մեղմել ներքին քաղաքական պառակտվածության եւ անհանդուրժողականության դրսեւորումները», «Երկրի բնականոն կյանքը զերծ պահեցինք մեր հարեւանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից», «Ապացուցեցինք երկիրն ամենաբարդ իրավիճակներից դուս բերելու եւ այն ճգնաժամային պայմաններում կառավարելու մեր կարողությունը», «Մեղմեցինք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները», «Բանակաշինությամբ եւ արտաքին ակտիվ քաղաքականությամբ մենք ապահովեցինք մեր երկրի անվտանգությունը՝ ամրապնդելով մեր պարտադրած խաղաղության երաշխիքները»…
Նախընտրական ծրագրում ոլորտ առ ոլորտ ներկայացվում են մեր երկրի սոցիալ-քաղաքական-տնտեսական ուղղությունները եւ դրանցից յուրաքանչյուրի պարագայում ՀՀԿ-ի ձեռքբերումները եւ տեսլականները: Այսպես, օրինակ, կա նման պնդում, որը գուցե թե հասարակության մոտ միանշանակ չընկալվի.«Նպատակաուղղված քաղաքականության շնորհիվ կանխվել է հազարավոր աշխատատեղերի կրճատումը եւ ստեղծվել են նորերը: Արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասցրել ենք 17 տոկոսի, 32 հազար փոքր եւ միջին ձեռնարկություններ օգտվել են հարկային արտոնություններից»:
Կարդացեք նաև
Սա այն, ինչ արդեն եղել է, իսկ ի՞նչ է լինելու.«ՀՀԿ-ն արմատական փոփոխություն է կատարում արդյունաբերական քաղաքականության մոտեցումներում: Այսուհետ պետությունը պատասխանատու է լինելու ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլեւ ուղղակիորեն մասնակցելու է ճյուղային արդյունաբերական քաղաքականության իրականացմանը: Նոր մոտեցումը երաշխավորելու է մասնավոր ներդրումների շեշտակի աճ, հազարավոր ժամանակակից աշխատատեղերի ստեղծում, մրցունակ ճյուղերի առաջանցիկ տեմպերի եւ արտահանման ծավալների ավելացում: Ազատ տնտեսական գոտիների գործարկումը, տեխնոպարկերի եւ բիզնես-ինկուբատորների զարգացումը կնպաստեն մեր տնտեսության մրցունակության աճին եւ վերազգային կորպորացիաների համար գրավիչ դառնալուն»:
Հետաքրքիր է, որ Հանրապետական կուսակցությունը որպես իր կուսակցական ձեռքբերում է նշում տարբեր ջրագծերի եւ կոյուղիների կառուցումը, «Զվարթնոցի» նոր ուղեւորային համալիրի շահագործումը, ինտերնետի եւ հեռախոսակապի մատչելիությունը: Հայտնի է, որ ջրատարները հիմնականում կառուցվել են տարբեր հիմնադրամների եւ ոչ թե պետբյուջեի միջոցներով, դե իսկ գործարար Էռնեկյանի կառավարմանը հանձնված «Զվարթնոցի» բիզնես-ծրագրերի կատարումը որպես սեփական հաջողություն ներկայացնելը առավել քան զարմանալի է:
Հարկ է նկատել, որ այլ կուսակցությունների պարագայում նախընտրական խոստումները կարող են լինել շատ ավելի ճոխ ու շքեղ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իրավունք կունենա դրանց չկատարման համար արդարանալ, թե՝ «ի՞նչ արած՝ եթե մտնեի խորհրդարան, ապա այն ամենն, ինչ խոստացել էի կանեի» կամ «այ, եթե մեծամասնություն լինեինք, այդ դեպքում կարող էիք մեզնից հաշիվ պահանջել, թե ինչու չենք կատարում մեր խոստումները, բայց մենք փոքրամասնություն էինք, (թեկուզ կոալիցիայի անդամ լինելով), եւ մեր ձեռքը չկար ոչ մի հնարավորություն» : Սակայն այս տարբերակը ՀՀԿ-ի դեպքում չի կարող գործել, որովհետեւ, ճակատագրապաշտություն դիտվի թե պարտվողականություն, սակայն մայիսի 7-ը ցույց կտա, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում լինելու է ամենաշատ պատգամավորներով ներկայացված կուսակցությունը, եւ հետեւաբար, իր նախընտրական ծրագրի ցանկացած խոստումից հետքայլ անելն արդեն որեւէ արդարացում չի կարող ունենալ: Եթե իհարկե՝ մի նոր համաշխարհային ճգնաժամ մեր դուռը չչոքի:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Նախընտրական ծրագրի առավել մանրամասն վերլուծությունը կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի վաղվա տպագիր տարբերակում: