Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախկին նախարար. «Կրթության ոլորտում կոռուպցիա, դրամահավաքություն կա ԽՍՀՄ-ի ժամանակներից սկսած»

Մարտ 30,2012 22:24

Այսօր Aravot.am-ը ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին խնդրեց գնահատել ներկայիս նախարար Արմեն Աշոտյանի գործունեությունը՝ հատկապես հաշվի առնելով օմբուդսմենի քննադատությունները:

Լեւոն Մկրտչյանն ասած, որ ՄԻՊ-ի զեկույցին ծանոթ չէ, իսկ Աշոտյանի գործունեությունը նորմալ է գնահատում. «Կրթության ոլորտն այն եզակի ոլորտներից է, որտեղ բոլոր նախարարները շարունակել են միեւնույն ծրագրերն իրականացնել: Բացթողումներ շատ կան բնականանբար, եղել են եւ կլինեն»: Մեր հարցին՝ չե՞ք հերքում, որ դպրոցներում, բուհերում կոռուպցիա եւ դրամահավաքություն կա՝ նա պատասխանեց. «Խորհրդային ժամանակներից սկսած՝ դա կա, բայց կա բոլոր ոլորտներում եւ համակարգային փոփոխություն է պետք: Կոռուպցիան այսօր Եվրոպայում էլ կա: Շղթա է աշխատում, դրա համար փոփոխություները պետք է լինեն համալիր՝ աշխատավարձերի բարձրացում եւ դրա հետ միասին որակի վերահսկում: Եթե բժիշկը ստանում է 200 դոլար աշխատավարձ ու կատարում է մի վիրահատություն, որն արտասահմանում արժե 10 հազար դոլար, ինչի մասին ենք մենք այսօր խոսում»:

Մեր դիտարկմանը, որ ասում են՝ ձուկը գլխից է հոտած, եթե վերեւում չվերցնեն կաշառք՝ ներքեւի օղակներից էլ կկարողանան պահանջել, որ չվերցնեն՝ նախկին նախարարը պատասխանեց. «Դա հավի ձվի պատմությունն է: Եթե հասարակությունն ինքը պրոբլեմ չունի, չի կարող գլուխը հոտած լինել: Եթե հասարակությունը պրոբլեմ  ունի՝ իր տեսքի շարունակությունն է՝ մի քիչ շատ մի քիչ քիչ: Դրա համար պետք է քայլ առ քայլ հասնել:  Եթե շոու  սարքեն, դրանից ժողովուրդը հետո ավելի կհիասթափվի. 2-3 բարձրագոչ հայտարարություններ, մի քանի դատեր, հեռացումներ, բայց հարցը չի լուծվի»:

Պարոն Մկրտչյանը չհամաձայնեց մեր տեսակետին, որ երբ ուսուցչին ասում են կաշառք մի վերցրու, նա ասում է` տնօրենը վերցնում է, տնօրենն էլ տալիս է իրենից բարձրին. «Ես ուրիշ ճանապարհ գիտեմ, ոչ թե պետք է բարձրից սկսել, որ վերեւը չվերցնի, նրանից ներքեւն էլ չվերցնի, ես չեմ կարծում, որ կրթության նախարարությունում շղթա է աշխատում, այլ պետք է ուսուցչի աշխատավարձը դարձնել մարդկային միջին գոյատեւման համար նորմալ, նոր պահանջել»:  Այն, որ դատավորների աշխպատավարձը բարձրացրին՝ դա չաշխատեց, ըստ Լեւոն Մկրտչյանի, նշանակում է բավարար չեն բարձրացրել. «Պետք է հարցումներ անել ու պարզել՝ որքան գումար է պետք ուսուցչին՝ նորմալ ապրելու համար: Հիմա, կարծում եմ, այս որակի ուսուցիչներին իրենց աշխատավարձը բավարար չէ, բժիշկների աշխատավարձը բավարար չէ: Պետք է նվազագույն սպառողական զամբյուղ հաստատես, ածանցես նվազագույն աշխատավարձ, միջին աշխատավարձ, ՀՆԱ-ն բարձրացնես, ստվերը կրճատես: Երբ երկիրը հարուստ լինի, կդնի աշխատավարձի բարձրացման խնդիր, իսկ այդ դեպքում ապիկար ղեկավարներին կհեռացնի աշխատանքից: Սա շղթա է: Ես դեմ եմ, որ  քարոզղարշավի մակարդակով անընդհատ խոսվի կոռուպցիայից, որովհետեւ լուրջ անելիքներ են պետք այն վերացնելու համար: ԽՍՀՄ-ի ժամանակ դոցենտը ստանում էր 300 ռուբլի փող, դա ահագին գումար էր, բացի այդ, նա լիքը արտոնություններ ուներ՝ բնակարան էին կառուցում, մեքենա էին ստանում, այսինքն՝ դու կարող էիր իրենից պահանջել: Հիմա եթե ես դնում եմ բացարձակ պահանջ, թեկուզ նույն նախարարության աշխատակիցների մոտ, ես ո՞նց կարող եմ պահանջել եւ որակ եւ  որակին համարժեք տամ շատ ցածր աշխատավարձ, հետն էլ պահանջեմ, որ կոռուպցիան վերանա՝ իրար բացառող պահանջներ են: Մենք ուզում ենք, որ հա՛մ լինի եվրոպական որակ, հա՛մ վերանա կոռուպցիան, հա՛մ աշխատավարձերը լինեն այնքան, որ մարդը չկարողանա իր գոյությունը պահպանել: Այս 3 պահանջներն իրար հետ անհամատեղելի են»:

Լեւոն Մկրտչյանը համոզված է, որ կրթության ոլորտում կոռուպցիոն երեւույթները ճիշտ այնքան կան, որքան  բոլոր մյուս ոլորտներում, պարզապես մենք շատ ենք առնչվում այդ ոլորտների հետ, մեր երեխան դպրոցում է կամ մանկապարտեզում է, այդ ամենը մեր աչքի առաջ է, դա ուղիղ բազմահազար մարդկանց է առնչվում եւ ավելի երեւացող է. «Բայց հավատացնում եմ, որ այս ոլորտը այդպես փչացած, ապականված չէ, ուսուցիչներն էլ բոլորը գռփողներ չեն: Կարող է պատահական նման մարդիկ լինեն, բայց նրանք այդպիսին են՝ ցածր աշխատավարձի պատճառով»:

ԿԳ նախկին նախարարը մեկ այլ խնդիր էլ բարձրացրեց: Նա փաստեց, որ եվրոպական երկրներում ուսուցիչ-աշակերտ ծանրաբեռնվածությունը 22 է, 1 ուսուցչի բաժին է ընկնում 22 աշակերտ: Մեզ մոտ 8-9 է. «Բայց հենց ուզում ես կրճատել՝ կանգնում ես սոցիալական խնդրի առջեւ, որովհետեւ այդ գյուղում 3 ուսուցիչներից 2-ին կրճատես, որ մեկի աշխատավարձը բարձր լինի, մյուս երկուսը, որոնք մտավորական մարդիկ են, ուղղակի դատապարտվում են սովի: Սոցիալականը սկսում է խանգարել կրթության որակին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031