Հատուկ քննչական ծառայությունը 4–րդ անգամ կարճեց Գուլյանի գործի վարույթը՝ չկատարելով Վճռաբեկ դատարանի որոշումը
2007թ. ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի գործի վարույթն արդեն չորրորդ անգամ կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդպես էլ չի կատարում Վճռաբեկ դատարանի վճիռը, այն է՝ վերսկսել Լևոն Գուլյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի քննությունը և վերացնել նախաքննության ընթացքում թույլ տրված անձի իրավունքների և ազատությունների խախտումները։
Գործի վարույթը կարճելու վերջին որոշումը ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գաբրիել Պետրոսյանը կայացրել է 2012թ. փետրվարի 8-ին: Դրանից հետո անցել է մոտ 2 ամիս, սակայն մինչ օրս Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Ղուկասյանն այդ մասին չի տեղեկացվել: Նրա խոսքերով՝ գործի վարույթը վերաբացելուց հետո իրենք որևէ ծանուցում կամ տեղեկություն չեն ստացել, թե ի՞նչ քննչական գործողություններ են կատարվել:
Կարդացեք նաև
ՀԿԳ քննիչ Գաբրիել Պետրոսյանն իր աշխատանքային գործունեության վերջին ընթացքում տարին մեկ այս գործը կարճում է՝ առանց որևէ գործողություն կատարելու։ Նույն քննիչը գործը կարճել է 2008թ. մարտի 18–ին, 2009թ. ապրիլի 16–ին, 2011թ. մարտի 21–ին և 2012թ. փետրվարի 8–ին։ Իսկ այս ամսաթվերի միջանկյալ ժամանակահատվածում Գուլյանի իրավահաջորդն անցնում է ՀՀ դատական ատյաններով՝ կարճման որոշումը բողոքարկելով. արդեն գրեթե 5 տարի։
Քրեական գործը կարճելու վերջին որոշման մասին մեզ հաջողվեց իմանալ հարցում ուղարկելուց և շարունակ ՀՀ քննչական ծառայություն զանգելուց հետո: ՀԿԳ քննիչ Գաբրիել Պետրոսյանը մեր գրավոր մի քանի հարցերին պատասխանել է 3 օրում ընդամենը մի նախադասությամբ՝ «Քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով», նույնիսկ չնշելով կարճման որոշման ամսաթիվը։
Փաստաբան Հրայր Ղուկասյանը կարծում է, որ ոչ մի քննչական գործողություն էլ չի արվել և քննություն իրականացնող մարմինը հակված չէ բացահայտել Գուլյանի մահվան իրական հանգամանքները:
Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչներն անցյալ տարվա հոկտեմբերին դիմել էին գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել կատարված քննչական գործողությունների վերաբերյալ:
«Միայն պատասխանել էին, որ վարույթը վերսկսվել է և նախկին քննիչն է քննում գործը: Այդ պահից ի վեր մենք որևէ գործողության մասին չենք ծանուցվել, մենք չգիտենք՝ ի՞նչ գործողություններ են կատավել»,– www.hra.am –ին փոխանցել էր Հրայր Ղուկասյանը:
Հրայր Ղուկասյանի կարծիքով՝ գործի կարճումը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ոչ միայն Լևոն Գուլյանի հիշատակի ու նրա ընտանիքի հանդեպ, այլ՝ արհամարհանք Հայաստանի ամբողջ դատական իշխանության նկատմամբ, որովհետև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները չեն կիրառվում:
Փետրվարի վերջին Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Հրայր Ղուկասյանը և Արամ Կարախանյանը Լևոն Գուլյանի գործով նախնական բողոք են ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ից ստացել են հաստատում և 2 ամիս ժամանակ՝ հիմնական բողոքն ուղարկելու համար:
«Քաղաքացիական հասարության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը կարծում է, որ «անօգնական» վիճակում հայտնված նախաքննական մարմնի վերաբերյալ երկու եզրահանգում կարելի է անել:
«Կա՛մ նախաքննական մարմինն անկարող է գործի նորմալ քննություն իրականացնել, և պետք է դրա վերաբերյալ լուրջ կադրային հետևություններ անել, կա՛մ եթե պարզվի, որ գործը չի բացահայտվել միտումնավոր, ապա պետք է համապատասխան մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- կարծում է Դանիելյանը:
Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ Լևոն Գուլյանի՝ ՄԻԵԴ ներկայացված գործի քննության արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է:
Նախաքննական մարմինը շարունակաբար անտեսում է դատարանի որոշումները և չի իրականցանում այն գործողությունները, որոնք մատնանշված են դատարանների վճիռներում: Ավելին, գործը վերսկսելու վերբերյալ դատարաների որոշումները մշտապես բողոքարկվում են դատախազության կողմից, ինչը կարելի է մեկնաբանել որպես դատախազության կողմից հստակ հայտարարություն՝ մենք այս գործը չեք ուզում բացահայտել»,- ասում է Արման Դանիելյանը՝ հավելելով, որ հինգ տարվա գործընթացն ապացուցեց, որ Հատուկ քննչական ծառայությունը հետևողականորեն ամեն ինչ անում է, որ գործը չբացահայտվի: