Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ Խաչատուր Սուքիասյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց հավաքվածներին՝ այս տարիների ընթացքում իրեն եւ իր ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար: Ասաց, որ ընկճված չէ իրեն չգրանցելուց ու այդ առիթով Սասուն Միքայելյանի հարցին պատասխանել է՝ «Սուքիասյանին գրանցել են» (խոսքը իր եղբայր Սարիբեկ Սուքիասյանի մասին է): Խաչատուր Սուքիասյանի համոզմամբ, Հայաստանին հակակշիռ է պետք եւ դա Հայ ազգային կոնգրեսն է: Նա հանրությանը կոչ է անում հենց այդ գիտակցությամբ գնալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Սուքիասյանը նաեւ ասաց, որ իրեն չգրանցելը որեւէ կերպ չի ազդելու իր գործունեության ակտիվության վրա, որը նպատակաուղղված է լինելու ազատ եւ արդար Հայաստանի կերտմանը:
Ելույթ ունեցավ նաեւ Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով նույնպես կոչ արեց լինել ակտիվ, քանի որ խորհրդարանական ընտրություններով, ըստ նրա, իրադարձությունների զարգացումը սկսվելու են եւ չեն ավարտվելու, շարունակվելու են:
Ելույթ ունեցող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հեգնեց իշխանության տարբեր ներկայացուցիչների վերջերս արած այն հայտարարությունները, որ ակնկալում են ստանալ ընտրողների ձայների 40%-ը. «Նման հույս է տածում մի իշխանություն, որի օրոք երկրի պարտքը հասել է 4 միլիարդ դոլարի, աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամ է երկրում»: Ստեփան Դեմիրճյանը հեգնեց նաեւ, որ արդար ու ազատ ընտրությունների մասին իշխանությունների ճառերին հակառակ, երկրի բնակչությունը նվազում է, մինչդեռ ընտրողների թիվն՝ աճում: Ս. Դեմիրճյանը նույնպես ակտիվության կոչեր արեց, որպեսզի ՀԱԿ-ի եւ ժողովրդի տարիների պայքարը վերջապես հասնի իր տրամաբանական ավարտին: Այս պահին ելույթ է ունենում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրան կհետեւի երթը: