Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» գրավաճառները ցուցմունք տվեցին

Մարտ 30,2012 19:41

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Սպարտակ Ակոջյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Անցյալ տարվա ապրիլի 23-ին Ս. Ակոջյանը «Վերնիսաժ» կոչվող տարածքում 10 000 դրամով վաճառել է «Արմյանսկի տեռորիզմ»գիրքը:

Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը: Ըստ մեղադրանքի, Ս. Ակոջյանն իր այդ արարքով վիրավորել է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, զգացմունքները եւ, ըստ էության, զբաղվել է ադրբեջանական ագիտացիայով:

Այսօր դատարան էին ներկայացել «Վերնիսաժ» կոչվող տոնավաճառի գրավաճառները՝ Աննա Սիմոնյանը, Արեւիկ Խաչիկյանն ու նրա ամուսինը՝ Ֆրունզիկ Թադեւոսյանը:

Նրանք նկարագրեցին, թե ինչպես է Ս. Ակոջյանը գիրքը վաճառելիս հաճախակի ասել, թե գիրքը «ԱՍԱԼԱՅԻ» եւ «Ղարաբաղի ահաբեկչական գործողությունների» մասին է: Նրանցից Ֆրունզիկ Թադեւոսյանը հիշեց, որ Ակոջյանին է մոտեցել սփյուռքահայ մեկը, որը ամոթանք է տվել՝ ասելով.«Չես ամաչում, գետինը մտնես, վաղը Եղեռնի օրն է, իսկ դու ադրբեջանցիներին ռեկլամ ես անում»:

Վկաները հաստատեցին, որ տեսել են այդ գիրքը, երբ մեղադրողը ցույց տվեց այն՝ մեկ անգամ եւս համոզվելու համար:

«Արմյանսկի տեռորիզմ» գրքի նկարներն էր հեռվից տեսել վկա Թադեւոսյանի կինը, որը «ԱՍԱԼԱՅԻ»՝ Հայ ազատագրական գաղտնի բանակի մասին առաջին անգամ իմացել էր ամուսնուց:

Դատախազը միջնորդեց հրապարակել նաեւ վկաների ցուցմունքները, ինչը եւ արվեց, քանի որ մեկ տարի էր անցել նախաքննությունից հետո, ինչ վկաները բացատրություններ էին տվել եւ բառացի մի քանի արտահայտություններ հակասությունների տեղիք էին տվել:

Ամբաստանյալն այս դատավարությանը հետեւում էր բացակա հայացքով, եւ երբ դատավորը դիմում էր նրան, թե միջնորդության վերաբերյալ հարցեր ունես, նա հարցնում էր՝«Ինչի մասին»: Նա անվերջ նայում էր դատական նիստին հետեւող իր կնոջը: Ի վերջո դատավորը հարցրեց.

-.Ո՞վ է այդ կինը:

Հետեւեց պատասխանը.

-Իմ կինն է:

Դատավորը կրկին հարցրեց.

-Խանգարո՞ւմ է:

-Ընդհակառակը…օգնում է,-հետեւեց պատասխանը:

Դատավորն ամբաստանյալի տեղը փոխելու հրահանգ տվեց, քանի որ «օգնելու» արդյունքում ամբաստանյալը կիսապառկած դիրք էր հաճախակի ընդունում:

Ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդիկ Չինարյանը:

Դատարանն ավարտեց վկաների հարցաքննությունն ու անցավ ապացույցների հետազոտման փուլին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031