Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի աշխատակազմի պատասխանը ոստիկանության արձագանքին

Մարտ 30,2012 18:51


Ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2011 թվականի տարեկան զեկույցի առանձին բաժինների ամփոփումների տարածումը զանգվածային լրատվության միջոցներով: Պաշտպանի ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ www.pashtpan.am հասցեով: Անդրադառնալով, տարեկան զեկույցի մեզ հայտնի առաջին և միակ բովանդակային անհամաձայնությանն ու քննադատությանը, հայտնում ենք հետևյալը: Դրական ենք գնահատում ՀՀ ոստիկանության կողմից Պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրների հանգամանալի ուսումնասիրությունը և կառուցողական արձագանքը: Միևնույն ժամանակ հուսադրող է այն, որ անհամաձայնություն հայտնելով բարձրացված բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ոստիկանությունը ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնել իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները: Պաշտպանն ու իր աշխատակազմը պատրաստ են աջակցել ոստիկանությանը՝ մարդկանց իրավունքների վրա բացասաբար ազդող բոլոր խնդիրների աստիճանական ու համակարգային լուծման համար: Այդուհանդերձ, ոստիկանության անհամաձայնության առարկա դարձած կոնկրետ խնդրի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման գործընթացի թերությունը վերաբերում է ոստիկանության կողմից ոչ թե ըստ մշտական, այլ փաստացի բնակության վայրի անձնագրի տրամադրման գործընթացում ստեղծվող խոչընդոտներին: Մինչդեռ ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման 10-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի տրամադրման հնարավորությունը նաև ըստ փաստացի բնակության վայրի: Մասնավորպես, ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման վերաբերյալ թերացումը վերաբերել է այն դեպքերին, երբ քաղաքացին դիմել է անձնագրային տարածքային բաժանմունք՝ հայտնելով որ չունի մշտական հաշվառում և խնդրել, որպեսզի ըստ փաստացի բնակության վայրի հաշվառեն և տրամադրեն ՀՀ քաղաքացու նոր անձնագիր, սակայն նման դիմումներին պատշաճ և ժամանակին ընթացք չի տրվել: Որպես օրինակ նշենք դեպքը, երբ քաղաքացին 2011թ. Պաշտպանին հաս­ցեա­գ­վրած դիմումով հայտնել է, որ իր անձնագրի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ դիմել է ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք, սակայն մերժվել է հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Նշված դեպքում քաղաքացին Պաշտպանի միջամտությունից հետո կրկին դիմել է տարածքային անձնագրային բաժանմունք, և միայն այդ ժամանակ վերջինս փաստացի հաշվառվել է ըստ բնակության վայրի, և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է: Պատրաստ ենք շարունակել զեկույցի հրապարակային և կառուցողական քննարկումը տարբեր ոլորտներում առկա վիճահարույց խնդիրների և դրանց արդյունավետ լուծման եղանակների վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031