Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ժառանգության» առաջարկն ինքնախաբեություն է»

Մարտ 30,2012 17:50

«Մտածենք, որ «Ժառանգության» առաջարկն ընդունելով՝ մենք կհասնենք հաջողության, լուրջ հակակշիռ կհանդիսանանք եւ մեծամասնական օլիգարխները չեն ընտրվի` սա ինքնախաբեություն է: Կտեսնեք, չեմ ուզում նսեմացնել իրենց պայքարը, թող պայքարը գնա՝ տեսնենք ինչի են հասնում, բայց բնույթը մեծամասնականի այսպիսին է` քաղաքական որեւէ լուրջ մրցակցություն չկա»,- այսօր Aravot.am –ի հետ զրույցում մեր հարցին` վերջնական ի՞նչ որոշեցիք մեծամասնական ընտրակարգով միասնական թեկնածուի պաշտպանելու «Ժառանգության» առաջարկի հետ կապված` այսպես պատասխանեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա հիմա անիմաստ է համարում այդ առաջարկը. «Դժվար է միասնական գործընթաց սկսելը: Եթե մեծամասնական գոնե ընտրակարգը, որ մնում է, դա համապետական  բնույթ ունենար, այսինքն` քվեարկությունը լիներ ողջ Հայաստանով մեկ, այդ տրոհվածությունը 41 ընտրատարածքների, լուրջ բարդացնում է քաղաքական համաձայնության արդյունավետ իրականացումը տեղերում: Որովհետեւ մեծամասնական ընտրակարգը ամեն ընտրատարածքում ունի իր առանձնահատկությունները, որովհետեւ կարող է կոչերով հանդես գաս, բայց տեղերում կարող է չիրականացվեն: Գաղափարի դեմ բան չունենք, ընդունելի է, բայց իրականացման մեխանիզմները մինչեւ վերջ հաշվարկված չեն, չի եղել այդպիսի փորձ: Հիմա առաջին անգամ զբաղվել դրանով, կարծում եմ, նաեւ լուրջ ժամանակ է դա պահանջում, որպեսզի կարողանանք թղթի վրա չթողնել որոշումը: Մենք չենք կարող կոչ անել, հայտարարություն անել, բայց դրա իրականացման մեխանիզմները մինչեւ վերջ թողնել օդում կախված»: ՀՅԴ-ն առաջարկում էր, որ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներին պետք է քվեարկեր ողջ հանրապետությունը եւ առաջին 41-ը, որոնք շատ ձայն կստանային` թող նրանք անցնեին խորհրդարան. «Անգամ դա մերժեցին: Մերժեցին  հենց այդ տրամաբանությամբ: Իրենք շատ լավ գիտեն, որ ապաքաղաքականացնելու լավագույն ձեւն է տրոհել երկիրը 41 օկրուգների, որտեղ քաղաքական ընտրություն կատարելը գրեթե հնարավոր չի: Ես ինքս երկու անգամ մասնակցել եմ մեծամասնական ընտրակարգով, գիտեմ՝ դա ինչ է: Ահավոր ճիգեր պիտի գործադրենք, որ այդ պայքարը դառնա քաղաքական: Այդտեղ  ոչ միայն ֆինանսներ են, անձնական-անհատական կապերը շատ ավելի գերակա նշանակություն են ունենում: Բարեկամ-խնամի հասկացությունը, իսկ դրանք շատ են հայ իրականության մեջ: Գերդաստաններ կան, որ ընտրատարածքների գրեթե 30 տոկոսն են գրավում, դե, այդ պայմաններում արի քաղաքականացրու: Շատ դժվար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031