Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն որտեղ թեկնածու չունի` կարող է պաշտպանել ինքնառաջադրվածների

Մարտ 30,2012 17:37

Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում հարցին` թիվ 7 ընտրատարածքում ո՞ւմ եք սատարելու`Սամվել Ալեքսանյանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին` պատասխանեց. «Տեսնենք, դեռ որոշում չունենք: Բնականաբար մենք պետք է այնպես անենք, որ նախ ինքներս պայքարենք, որ վերարտադրման կարեւոր օղակները կանխվի: Առայժմ հանդիպումներ չենք ունեցել, բայց շատ հնարավոր է, որ հանդիպենք եւ գտնենք ինչ-որ լուծում: Մենք ընդհանրապես հակված ենք, որ այնտեղ, որտեղ չունենք թեկնածու, պաշտպանենք ընդդիմադիր թեւին: Տեսնենք դա ինչպես է տեղի ունենում: Կան նաեւ ինքնաառաջադրվածներ, որոնք անպայման չի, որ իշխանությունն են ներկայացնում: Հետաքրքիր թեկնածուներ կան, մենք ուսումնասիրում ենք ընտրատարածքները: Շատ հնարավոր է, որ որոշ ինքնաառաջադրվածների պաշտպանենք, որ իշխանություն չի, ընդդիմություն չի, եւ իսկապես նորմալ մարդ է եւ կարող է ԱԺ-ում պաշտպանել ընդդիմության մոտեցումները»:

Պարոն Ռուստամյանն անդրադարձավ նաեւ ընտրացուցակներին. «Խայտառակություն են, արդեն պարզ է, որ իշխանությունները գնում են վերարտադրման ճանապարհով, իրենց գեղեցիկ խոսքերը հօդս են ցնդում: Այդպիսի ուռճացված ընտրացուցակներ երբեք Հայաստանում չեն եղել: Պետք է արագ արձագանքել, վեր հանել եւ թույլ չտալ, որ այդ ուռճացված ընտրացուցակներով գնանք ընտրությունների: Սա բազմակի քվեարկությունների ամենապարարտ հողն է: Մենք տեսանք, թե ինչպես են ցուցակները կազմել, հրապարակեցին, հետո ստիպված եղան ասել, թե իբր կոմպյուտերը տեխնիկական վրիպում է ունեցել: Մենք տվել ենք փաստ, որ 100-ից ավելի մարդ 1 բնակարանում գրանցվել է: Ահավոր է այն, ինչ հիմա կատարվել է ցուցակների հետ: Դրա համար էինք մենք ժամանակին ասում, որ եթե 2 տոկոս, օրինակ կեղծիք է հայտնաբերվում ընտրացուցակում` քրգործ հարուցվի այդ պատասխանատուի նկատմամբ: Մերժեցին, որովհետեւ հիմա քանի~ քրեական գործ կհարուցվեր: Մեկին գոնե պետք է պատժենք այս ամենի համար: Կոմպյուտերի՞ն պատժենք: Չեմ հավատում էդ հեքիաթներին բացարձակապես: Կոմպյուտերն էլ մարդն է անում, գիտենք էլի դա ինչպես է կատարվում: Պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել»:

Ըստ պարոն Ռուստամյանի, այս ընտրությունները հետաքրքիր են նրանով, որ մրցակցություն կա նաեւ իշխանության մեջ եւ դա ավելի օգտակար է. «Բարենպաստ հող է ստեղծում, որ կարողանանք ի վերջո ընտրությունների միջոցով գոնե հակակշռել իշխանություններին, որին ես հավատում եմ: Ընդդիմությունը առաջին լուրջ հնարավորությունը ձեռք կբերի հակակշռման առումով, եթե 20 % -ը հաղթահարի: Մինչեւ հիմա դա չենք ունեցել, 1/5-րդ անգամ ներկայություն չի եղել ԱԺ-ում: Սա շատ կարեւոր հարց է: Եթե ընտրություների արդյունքում պարզվեց, որ դա չունենք, պետք է լուրջ մտածել ինչպես կազմակերպել մեր գործունեությունը հետագա ԱԺ-ում: Գոնե ՍԴ դիմելու հնարավորություն ենք ունենում, չէ՞»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031