«Modd events» ֆրանսիական ընկերության և «Mezzo production»-ի հրավերով Հայաստան է ժամանել ծագումով հայ, ֆրանսիացի հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին: Այսօր «Մեցցո» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Modd events»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմենուհի Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ սա մշակույթի ոլորտում առաջին համատեղ նախագիծն է «Mezzo production»-ի հետ: «Մեր ամբողջ թիմը Պատրիկ Ֆիորիի երգերի երկրպագուն է, դրա համար էլ որոշեցինք նրան հրավիրել Հայաստան: Համերգը նվիրված է կանանց տոնին»,-ասաց տիկին Հայրապետյանը:
Պատրիկ Ֆիորին, նույն ինքը` Պատրիկ Շուշայանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փաստեց, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 2004 թվականին: Ըստ նրա, սա ևս մեկ լավ առիթ էր Հայաստան այցելելու համար. «Անկեղծ, սա ինձ համար անսպասելի հրավեր էր: Չնայած լինելով Հայաստանից հեռու, կարծում եմ՝ դաստիարակվել եմ այնպես, ինչպես դուք: Այս այցիս ընթացում երկրում դրական փոփոխություններ եմ նկատում: Շատ հպարտ եմ, որ հայ եմ: Ու մոտակա տարիներին իմ ելույթներով էլի կգամ Հայաստան»:
Հայաստան կատարած իր այցերից երգչի մոտ տպավորվել է Էջմիածնում տեսած հայուհու ժպիտը: Սկզբում կարծել է, թե այդ կինը իրենից գումար պետք է խնդրի, բայց նա մոտենալով Պատրիկին, ասել է. «Դուք լավ մարդ եք»:
Պատրիկ Ֆիորիին հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում իր անզուգական ելույթից. «Շատ երկրներում են ինձ «Բել» երգով ճանաչում: Այդ երգը իմ կարիերայի համար մեծ խթան հանդիսացավ: Դա այն երգն էր, որ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում ինձ տվեց բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ