Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ցանկերը կգան-կգնան»

Մարտ 30,2012 15:43

 ՀՅԴ համամասնական ցուցակում «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանի եւ կուսակցության Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանի չընդգրկվելը քննարկումների տեղիք է տվել: Իսկապես նեղացա՞ծ են նրանք, որ իրենց անունները չկան ցուցակում` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ բացարձակ նման բան չկա. «Եթե այդպես լիներ` նրանք կասեին: Չկա նման բան: Մենք հսկայական կառույց ունենք, որ ցանկի մեջ չի տեղավորվել, այդպես ո՞նց կլինի նեղանանք իրարից` մի ցանկ գրելով: Ցանկերը կգան-կգնան, մեր պայքարը մնում է միասնական: Ով որ ցանկում չի` հո չի՞ նշանակում պայքարի մեջ չի: Ի վերջո մենք որ ֆրակցիայում աշխատում ենք, դա հո միայն մե՞ր ուժը չի, մենք ի վերջո ներկայացնում ենք կառույցը միայն, մեր թիկունքում զգում ենք, որի պահանջները, հետեւողականությունը, հաշվետվությունը խնդիրների լուծման ամեն քայլափոխի պահանջելու են: Ֆրակցիան չի կարող գնա ինքնագլուխ աշխատի, կառույցը մի կողմ քաշվի: Մեզնից անընդհատ հաշիվ են պահանջելու: Մենք 30-ից ավելի երկրներում ներկայություն ունենք: Չեմ ուզում մյուս կուսակցութուններին նսեմացնել, բայց հայ իրականության մեջ չկա այնպիսի ուժ, թե’ Հայաստանում է, թե’ դրսում»:

Սպարտակ Սեյրանյանի խոսքերով` «Ցուցակում չներգրավելը ինչի՞ պիտի նեղացածություն առաջացնի որեւէ մեկի մոտ»: Այսինքն սպասո՞ւմ էիք, որ չեք լինի ցուցակում` նա պատասխանեց. «Անակնկալի խնդիր չկար, ամեն մեկն ունի իր գործառույթները: Որեւէ մեկի համար գործառույթների ընտրությունը ոչ նեղանալու, ոչ էլ հիստերիկ ոգեւորություն դրսեւորելու առիթ չի: Աշխատանքը միայն խորհրդարանում չի, որ իրականացվում է: Եվ նրանք, ովքեր խորհրդարանում չկան, դա չի նշանակում, որ նրանք պակաս կարեւոր գործառույթ են իրականացնելու, քան մյուսները: Խորհրդարանն ունի իր գործունեության դաշտը, վերլուծական աշխատանքը` իր»: Մեր հարցին` չե՞ք ուզում պատգամավոր դառնալ` Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց. «Ես ունեմ աշխատանքային ուղղություն, դա ես ինքս եմ որոշում: Իսկ վայրը թե որտեղ ես աշխատելու` կապ չունի: Այն, ինչ ես այսօր անում եմ, անում եմ իմ տեղում եւ ինձ թվում է` հաջող»:

ՀՅԴ-ի համամասնական ցուցակում շատ է քննարկվում նաեւ 10-րդ հորիզոնականի` «Արմենիա-Լադայի» սեփականատեր Կարեն Շահմուրադյանի հարցը: Մեր հարցին` պատրա՞ստ է նա օրենսդիր մարմնում լավ աշխատել` առանց բացակայությունների, ակտիվ լինել` Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ այո. «Նա լավ կրթություն է ստացել տնտեսագիտական, շատ օգտակար կլինի: Իհարկե, նա պարտավոր է հարգել Սահմանադրության պահանջը եւ չի կարող աշխատել` համատեղելով բիզնեսը, մենք դա հետեւելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031