Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 30,2012 14:57

Առանձին դեպքերում Ծառայության քննիչների կողմից չեն պահպանվել նա­խաքննության անցկացման ողջամիտ ժամկետները և դրանք անհարկի ձգձգվել են: Ընդ որում, վերջիններս տվյալ դեպքերում չեն խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական գործի նախաքննության ժամետները, և դրանք բոլոր դեպքերում երկարացվել են սահմանված ժամկետներում և կարգով: Նշված գնահատականը որոշակի առումով ընդունել է նաև Ծառայության պետը իր 2011թ. կա­­տարված աշխատանքների ամփոփման ընթացքում՝ մասնավորապես նշելով, որ Ծա­ռա­­յության կողմից անհրաժեշտ է առանձնակի հետևողականություն դր­սևո­րել նյու­թերի նա­խա­պատրաստման, քրեական գործերի նախաքննության օրենքով սահ­մանված ժամ­կետ­ների պահպանման նկատմամբ:

Շարունակվել են Ծառայության աշխատանքների նկատմամբ քննադատությունները՝ կապված 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության անարդյունավետության հետ: Զոհված անձանց ընտանիքի անդամներն ու հարազատները այն համոզման են, որ Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները: Նշված խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Թոմաս Համերբերգը իր 2011թ. հրապարակված զեկույցում՝ մատնանշելով հարցի կար­ևորությունն ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հա­սա­րա­կության վստահության բարձրացման տեսանկյունից: Դրական է, որ նշված գործերի քննության վերաբերյալ Ծառայությունը հրապարակել է կատարված աշխատանքների մասին մանրակրկիտ տեղեկատվություն, այդուհանդերձ զոհերի ընտանիքները և հանրությունը ակնկալում են նշված գործերի ամբողջական բացահայտում:

Ծառայության քննությանը օրենքով ենթակա գործերի նախաքննությունը իրականացվել է այլ մարմինների կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ մատնանշում է այն բոլոր դեպքերը, որոնց քննությունը ընդդատյա է Ծառայությանը, սակայն օրենքի այդ պահանջը երբեմն անտեսվել է: Օրինակ, ըստ Ծառայության կողմից ներկայացված տվյալի` ՀՀ ՊՆ զինծառայողի մասնակցությամբ (կող­մից) կատարված հանցագործության վերաբերյալ ծառայությունում քննվել է մեկ քրեա­կան գործ: Սա ինքնին արդեն վկայում է օրենքի խախտման մասին, որովհետև հան­րու­թյանը հայտնի են ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի մասնակցությամբ (կողմից) կատարված բազմաթիվ հանցագործություններ, որոնք քննվել և ավարտվել են հենց ՀՀ ՊՆ քննչական ծա­ռա­յու­թյունում: Այդպիսի դեպքեր եղել են նաև ոստիկանական հա­մա­կար­գում: Ենթակայության վերաբերյալ օրենսդրական պահանջների խախտումը հանգեցրել է նախաքննության ընդհանուր պայմանների խախտման, ինչի հետևանքով կասկածի տակ է դրվել նախաքննության օբյեկտիվությունը:

Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների խախտումները և կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ: Կարևորելով Ծառայության համակարգում աշխատող պետական պաշտոնյաների կողմից «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանումը՝ Պաշտպանը գրավոր հարցմամբ դիմել էր Ծառայությանը՝ պարզելու, թե ինչ տեղեկատվություն է առկա այդ խնդրի վերաբերյալ տվյալ մարմնում և ինչ միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ:   Ի պատասխան,  Ծառայությունը հայտնել է, որ  աշխատակիցները «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հատուկ քննչական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին ծանոթացել և ներկայացվող պահանջների պահպանման մասին նախազգուշացվել են:

Ըստ Ծառայության կողմից հայտնած տվյալների, պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսևորումների) դեպքերով 7 քրեական գործ է քննվել, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 2-ը կարճվել է հանցակազմի բացակայությամբ, 1-ը կարճվել է կողմերի հաշտվելու հետևանքով, իսկ 2-ը մնացել են անավարտ: Ներկայացված  թվական տվյալները վկայում են, որ պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի (բռնության դրսևորումների) արժանացած ոչ բոլոր քաղաքացիներն են հաղորդում ներկայացրել Ծառայություն, ինչը վկայում է, որ Ծառայության համապատասխան գործառույթների իրացումը պաշտոնատար անձանց կողմից իրականում կատարված  բռնության դեպքերին խիստ անհամաչափ է, և դա Ծառայության գործառույթների ոչ բավարար լուսաբանման և հասարակության շրջանում վերջինիս նկատմամբ ոչ բավարար վստահության արդյունք է:

Դրական է, որ ընթացիկ տարում Ծառայության վարույթում քննվել է 193 քրեական գործ, որից 69-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված գործերով մեղադրանք է առաջադրվել հիմ­­նականում ոստիկանության, ՊԵԿ, քրեակատարողական հիմ­նարկ­նե­րի, ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ: Ծառայության վարույթում քննված և ա­վարտ­ված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վե­րաց­նե­լու ուղ­­ղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր.դատ. օր-ի 200-րդ հոդվածի կար­­­գով ներկայացվել է 14 միջնորդագիր, որոնք սահմանված ժամ­­­կետում քննարկվել են, և ձեռնարկված միջոցառումների մասին հայտնվել է նախա­քն­նու­­­թյան մարմնին:

 

Կարեն Անդրեասյան

ավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031