Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ գլխավոր դատախազության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 30,2012 14:52

Չնայած դատախազական հսկողության արդյունքում հայտնաբերվել և համապատասխան ընթացք են ստացել հետաքննության և  նախաքննության մարմինների կողմից թույլ տրված բազմաթիվ իրավախախտումներ,  այդ թվում` հանցագործությունների մասին հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման և ընթացք տալու գործընթացի հետ կապված, այնուամենայնիվ,  Պաշտպանին ուղղված  բողոքները վկայում են, որ եղել են դեպքեր, երբ նախապատրաստված նյութերով անձանց տրված բացատրություններում եղել են էական հակասություններ, իսկ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից կայացվել են «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումներ: Քաղաքացիների իրավունքների և շահերի նման խախտումները հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հիմնականում հնարավոր է դարձել Դատախազության կողմից հետաքննության և նախաքննության նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանքով, երբ վիճելի կամ ոչ իրավաչափ որոշումները չեն վերացվել:

Դարձյալ  հետաքննության և նախաքննության նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանքով  բազմաթիվ են դեպքերը, երբ հետաքննության կամ նախաքննության մարմինները խախտել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված 10-օրյա ժամկետները:     Խնդիրն, իրականում, ոչ իրատեսական օրենսդրական կարգավորման հետևանք է, ինչը հաստատվել է նաև Պաշտպանին ուղղված դատախազության պատասխանում, որտեղ նշվել է, որ օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը  հաճախ չի բավարարում քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը պարզելու համար։

Շատ դեպքերում Դատախազության ոչ բավարար հսկողության արդյունքում ՀՀ ոստիկանության ձեր­բա­կալ­ված­ների պահման վայրերում (այսուհետ՝ ՁՊՎ) գտնվող կալանավորված անձանց նկատմամբ չեն պահպանվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետները:

Չնայած դատախազությունում դիմում-բողոքների քննարկման կարգը կարգավորված է ՀՀ գլխավոր դատախազի 20.06.2008թ. «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 59 հրամանով, և այդ հրամանի 224-րդ կետի համաձայն արգելվում է քննարկման համար դիմումն ուղարկել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին, ում որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, այնուամենայնիվ, առանձին դեպքերում, քաղաքացիները դժգոհելով քննիչի գործողություններից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով` այդ մասին դիմել են վերադաս դատախազին, իսկ վերջինս էլ դիմումի հետագա ընթացքը լուծելու համար այն մակագրել է այն քննիչին, որի գործողությունները վիճարկվել են: Նման գործողությունների արդյունքում խախտվել է անձանց բողոքարկման, այսինքն՝ արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը:

Թեև ՀՀ դատախազության համակարգում խիստ կանոնակարգված է ՁՊՎ-ներում և ՔԿՀ-ներում բռնությունների և խոշտանգումներիմհնարավոր դրսևորումներին օրենսդրությամբ սահմանված կարգով արձագանքելու գործընթացը, այնուամենայնիվ, քաղաքացիների պնդմամբ, ոչ բոլոր դեպքերում է Դատախազությունը տեղեկացվել կամ արդյունավետ միջամտել:

Օրենսդիրը և դատարանը բավարար չափով չեն ապահովել սահմանված դատաքննության փուլում կողմերի հավասարությունը՝ մրցակցության  սկզբունքը: Իրավապաշտպան կազմակերպությունների կողմից կատարված մոնիտորգի արդյունքները վկայում են, որ դատախազը  դատաքննության փուլում իր գործունեությունն իրականացնելիս մյուս կողմի նկատմամբ ունի առավելություններ, որը հանգեցնում է դատավարության մասնակիցների անհավասարությանը: Նման դրսևորումների արդյունքում  խախտվում է արդար դատաքննության իրավունքը:

Մտահոգիչ է այն, որ Դատախազությունն ընդհանուր առմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս նախապատվությունը տալիս է կալանքի միջնորդություն դատարան ներկայացնելուն, մինչդեռ կալանքը պետք է դիտվի որպես բացառիկ խափանման միջոց և կիրառվի այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Գործնականում գրեթե չեն  կիրառվել «անձնական երաշխավորություն» և «կազմակերպության երաշխավորություն» խափանման միջոցների տեսակները: Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չեն կալանքի հետ չկապված առավել  արդյունավետ այլընտրանքային խափանման միջոցներ:

ՀՀ դատախազությունն իր լիազորությունների սահմաններում հսկողություն է իրականացնում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի («Քննչական ենթակայությունը») կիրառման մասով: Հսկող դատախազը պետք է միջոցներ ձեռնարկի գործերի  քննչական ենթա­կա­յու­թյան խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ` փոխանցելով այդ գործերը համապատասխան նախաքննության մարմիններ ըստ ենթակայության քննելու համար: Դատա­խա­զության այս գործառույթի վերաբերյալ իրենց բացասական կարծիքներն են հայտնել միջազգային և տեղական մի շարք իրավապաշտպաններ ու փորձագետներ, որոնց կարծիքով պետք է նվազագույնին հասցնել սուբյեկտիվ մոտեցումները, և հստակ սահմանել այն մոտեցումներն ու չափորոշիչները, որոնք պետք է կիրառվեն քրեական գործերի քննչական ենթակայության հարցը որոշելիս:

Չնայած ձեռ­նարկ­ված որոշակի դրական բարեփոխումներին և աշխատանքների առավել  արդյունավետ ու թափանցիկ իրականացմանը, այնուամենայնիվ, ընթացիկ տարում եղել  են բողոքներ նաև ՀՀ զինվորական դատախազությունից: Մասնավորապես` ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում զոհված կամ սպանված զինծառայողների ծնողների և բարեկամների դժգոհությունները վերաբերել են ՀՀ զինվորական դատախազության ոչ պատշաճ հսկողության արդյունքում  նախաքննությունն իրականացնող մարմնի ոչ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննությանը: Նման բողոքները հիմնականում վերաբերել են մինչև 2011 թվականը կատարված հանցագործություններին:

«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման  2009-2012թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.10.2009թ. թիվ 1272-Ն որոշմամբ սահմանված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացրել է մի  շարք միջոցառումներ՝ կապված օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայի բացերի վերացման և այլ խնդիրների հետ: Այդուհանդերձ, կոռուպցիոն երևույթների նվազեցմանը նպաստող հիմնական պայմանը սոցիալական խնդիրն է, որի համատեքստում անհրաժեշտ է վերանայել դատախազների աշխատավարձին վերաբերող օրենսդրական կարգավորումները՝ դրանք հնարավորինս բարձրացնելով և անկախացնելով գործադիր մարմնի հայեցողությունից:

ՀՀ դատախազությունն առավելագույնս ապահովել է իր գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, որի վկայությունն է դատախազության ամենօրյա գործունեության ներկայացումը համացանցային կայքէջում: 2011թ. հունվարին «Խոսքի ազատության կոմիտե» հասարակական կազմակերպության հրապարակած դիտարկման արդյունքներով դատախազության համացանցային էջը համարվել է տեղեկատվության մատչելիության առումով ամենաթափանցիկը: Բացի այդ,  ՀՀ գլխավոր դատախազությունն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ Հայաստանում տեղեկության ազատությանը և հրապարակայնությանը նպաստելու համար:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031