Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԺԻ-ի հայտարարությունը և կոչը ՀՀ ոստիկանությանը

Մարտ 30,2012 14:44

ՄԻԺԻ-ի հայտարարությունը և կոչը ՀՀ ոստիկանությանը` 

Մաշտոցի պուրակի ապօրինի շինությունների ապամոնտաժման կապակցությամբ

Այսօր ՀՀ Ոստիկանության հիմնական մարտահրավերն է` կատարել ԻՐԱՎԱՊԱՀ մարմնի իր սահմանադրական առաքելությունը և ևս մեկ անգամ գործիք չդառնալ փոքրաթիվ օլիգարխների ապօրինի մասնավոր սեփականության ու անօրինական որոշումների պաշտպանության համար:

Մաշտոցի պուրակում անօրինական կերպով հանրային շահի և սեփականության դեմ տեղադրված բուտիկների ապամոնտաժումը ստանձնած ՀՀ քաղաքացիները ս.թ. մարտի 27–ին պաշտոնական նամակով դիմել են ՀՀ ոստիկանապետին` 31.03.2012-ին ապահովելու իրենց ազատ մոտեցումն այդ ապօրինի շինություններին` դրանց ապամոնտաժումը կատարելու համար, նաև պահանջելով պահպանել հասարակական կարգը և իրենց անվտանգությունը գործողության ընթացքում:

Ի պատասխան այս պահանջի`ՀՀ ոստիկանությունը նշում է, որ ինքը իրավասու չէ քննարկելու պետական մարմնի որոշումների ապօրինի կամ ոչ ապօրինի լինելու հանգամանքը և գործելու է իր լիազորությունների սահմաններում` պարտադրելու տվյալ որոշումների իրականացումը:

Նման վեճերը պետք է լուծվեն դատարանի միջոցով, սակայն ՀՀ դատական համակարգը մերժում է քննել հանրային շահի պաշտպանությանն ուղղված հայցեր (օրինակը` Թեղուտի [գործ` ՎԴ/3275/05/09] և Ուսանողական այգու [գործ` ՎԴ/3432/05/10 ] նախադեպերը): Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ կառավարությունն իր 2012թ. մարտի 15-ի որոշումով (չնայած խնդիրն ավելի շատ վերաբերվում էր դատական համակարգին, քան ՀՀ Կառավարությանը), սակայն կրկին չի կարողացել հիմնավորել տաղավարների ապամոնտաժման համար մինչև երեք տարի ժամկետ տրամադրելու պատճառը, առավել ևս, որ այդ տաղավարները, որոնք ի սկզբանե տեղադրված են եղել Աբովյան փողոցի հանրային տարածքում, արդեն իսկ անօրինական են եղել։ Այս ամենի հետևանքով քաղաքացիների և Երևանի քաղաքապետի միջև առաջացած վեճը չի ստացել իր վերջնական արդար լուծումը։ Ս.թ. մարտի 17-ին նոր սերնդի ինքնորոշված քաղաքացիական շարժումը, առաջնորդվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, հանուն հանրային շահի և սեփականության սահամանդրական իրավունքի պաշտպանության ձևավորել է «Քաղաքացիական արդար և անկախ դատարան»։Քաղաքացիների դատարանն իր արդար ու անկախ վճիռով պահանջել է Երևանի քաղաքապետարանից 10-օրյա ժամկետում ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել ու օգտագործել իր նպատակային նշանակությանը համապատասխան: Երևանի քաղաքապետը թողել է այդ պահանջն անպատասխան:

Տեղեկացնում ենք ՀՀ Ոստիկանությանը, որ եթե ՀՀ Ոստիկանության ու մյուս պետական մարմինների միջև փոխհարաբերություններում ու կարգավորումներում կան օրենսդրական նորմատիվային բացեր, եթե հստակ չեն պետական ու տեղական կառավարման մարմինների որոշումների օրինական կամ ոչ օրինական լինելը կանխորոշելու ընթացակարգերը, ապա այդ դեպքում որպես հարաբերությունների կարգավորման հիմք պետք է ծառայեն Մարդու հիմնարար իրավուքներն ու ազատությունները,  ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ վավերացրած միջազգային կոնվեցիանները: ՀՀ ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածով արտահայտված դրույթների վրա, որոնց համաձայն` «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով: Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»: Պետական մարմնի անօրինական որոշումները կատարելուն ուղղված` ոստիկանության ծառայողների գործողությունները անխուսափելիորեն հանգեցնելու են ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարման, քանի որ անօրինական որոշումների իրականացումն  ապահովելը անհամատեղելի է ոստիկանության կոչման եւ նրա գործունեության նպատակների ու սկզբունքների հետ, անխուսափելիորեն հանգեցնելու է մարդու իրավունքների խախտումների:

Ապամոնտաժող քաղաքացիների գործողությունները բխում են ՀՀ Սահմանադրությունից, մարդու իրավունքների ու արժանապատվության համընդհանուր սկզբունքներից: Հանրային շահ հանդիսացող սեփականությունը չի կարող օտարվել հանուն մասնավոր շահի: Մասնավոր սեփականությունը չի կարող բռնի ուժով պաշտպանվել, այն պետք է օրինական ճանաչվի հասարակության կողմից:

Ապամոնտաժող քաղաքացիների գործողությունների և իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն, ոստիկանության կողմից որևէ բռնի ուժի գործադրում դիտարկվելու է որպես քաղաքապետարանի ապօրինի որոշումների իրագործում, փոքրաթիվ խմբի ապօրինի մասնավոր սեփականության` «բուտիկների» պաշտպանություն` ի հաշիվ հանրային շահի և սեփականության: Այդ պարագայում ՀՀ Ոստիկանության ղեկավարությունը պատասխանատվության կենթարկվի մարդու հիմնարար իրավունքները, ՀՀ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և ՀՀ սահմանադրական կարգը խախտելու համար:

 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031