Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Դատի» հանձնախմբի ներկայացուցիչ. Իշխանությունները չեն խառնվում Ցեղասպանության ճանաչման հարցին

Մարտ 30,2012 14:31

Այն հրապարակումները, թե հայ ժողովրդին չի հետաքրքրում Հայ Դատը, թե հասարակությունը մտահոգված է միայն սոցիալական, տնտեսական խնդիրներով, թող մոլորության մեջ չգցեն Հայ Դատի հանձնախմբերին»,- այսօր ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի մեկնարկի ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով`«Սոցիալական տնտեսական, բանակի, ներդրումների հարցերը ի վերջո ածանցյալ են այն հսկայական ողբերգության, որն ապրել է հայ ժողովուրդը: Դա նույնիսկ սկսել են հասկանալ արտասահմանցիները, որ մեզ համար ցեղասպանությունն ավարտված չէ: Հայաստանն իր այսօրվա սահմաններով, պաշարներով հետեւանք է ցեղասպանության եւ դրա դեմ չպայքարել՝ նշանակում է ընդհանրապես չպայքարել, այսինքն՝ մահանալ: Հայ քաղաքացին դա հասկանում է, որոշ քաղաքական շրջանակներ՝ ոչ»:

Վահան Հովհաննիսյանը նաեւ մտահոգված էր, որ Եվրոպական խորհրդարանը բանաձեւ է առաջ քաշում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը պետք է փոխարինվի ԵՄ մանդատով: «ԵՄ գործադիր մարմինները ասում են սա հեչ, կարեւություն մի տվեք, բանաձեւ է, բանի տեղ մի դրեք: Բայց մենք ունենք օրինակներ, երբ մի քանի անգամ բանի տեղ չենք դրել, հետո այդ բանաձեւերը հեռահար շատ վտանգավոր հետեւանքներ են ունեցել»:

Նշենք, որ խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի շուրջ 25 հանձնախմբերի անդամներ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով. «Հայ Դատի գաղափարախոսության հիմքում ընկած է պահանջատիրությունը: Իշխանությունները կփոխվեն թե չեն փոխվի՝ սա պետք է առաջ տանեն, թեեւ որոշ քաղաքական ուժեր դա չեն հասկանում: Մեր պայքարը տեղավորվում է միջազգային չափանիշների մեջ: Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ մեր բարձրացրած այս կամ այն հարցը դուրս է միջազգային նորմերից: Ոչ մի լոբբինգ այդքան արդյունավետ չի կարող լինել Ամերիկայի նման երկրում, Եվրոպայում, մանավանդ, եթե չունենք ֆինանսական ռեսուրսները, որն ունի Ադրբեջանն ու Թուրքիան, չես կարող հաջողության հասնել, եթե արդար չլինի քո պահանջը»:

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Սեւանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որքան էլ իշխանությունները ցեղասպանության ճանաչման հարցում հաջողություններն իրենց են վերագրում, կոնկրետ Երուսաղեմում ոչ ոք այդ հարցերին չի խառնվում եւ որեւէ ազդեցություն չունի. «Տկար անձը միշտ հաջողությունները ուրիշների կրնա իրեն վերագրել: Որեւէ ձեւով չեն խառնվում: Այս պահին խորհրդակցությունների մեջ ենք, թե ինչ ձեւով պետք է շարունակենք հարցը, ճնշումներ բանեցնենք հանձնաժողովների նախագահի վրա,որ քննարկումները շարունակեն, այդ հարցով, բանակցությունների մեջ ենք: Մենք ճանաչման հարցը ոչ մի ձեւով չենք զիջի»:

Aravot.am-ի հարցին` հայաստանյան ներքաղաքական իրավիճակն ի՞նչ ազդեցություն է ունենում խնդրի լուծման վրա, ի՞նչ արձագանքներ եք ստանում` նա պատասխանեց. «Մեր գործին համար ասկե մի քանի տարի առաջ ինչը որ տեսանք` արձանագրությունները հայ-թուրքական, բավականին մեծ հարված էր մեր գործին: Կրնամ ըսել, որ մինչեւ այսօր իր արձագանքը ունի: Մինչեւ այսօր արտաքին գործոց նախարարությունը այդ արձանագրությունների հիմքի վրա կմերժե որեւէ գործով զիջումների գնալ հայկական ճանաչման հարցում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031