Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ են անելու կուսակցությունները հանուն գիտության ոլորտի խնդիրների լուծման

Մարտ 30,2012 14:22

«Սերունդները նոր ընտրվելիք այս խորհրդարանը համարելու են հանցագործ, եթե այն կրկին թույլ տա գիտության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների հետագա զարգացումը»,- գիտության ֆինանսավորման խնդիրներին վերաբերող այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության անդամ Արթուր Իշխանյանը: Նա հղում կատարելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած զեկույցին, նշեց, որ ըստ այդմ՝ ՀՀ-ում գիտնականի միջին տարիքը հասել է 58-ի, այնինչ աշխարհում դա 40 տարեկանն է: Նույն զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն աշխարհում գիտության բնագավառում ամենավատ ֆինանսավորվող երկիրն է: Ա. Իշխանյանը նկատեց. «Մեր քաղաքական գործիչների խոսքը, թե գիտությունն առաջնահերթություն է, հաճախ հակասում է իրենց գործունեությանը»:

ՀՀ  կուսակցությունների ներկայացուցիչներն էլ ներկայացրին, թե իրենց քաղաքական ծրագրերով ինչպես են պայքարելու գիտության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների լուծման համար: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց. «Միայն ԱԺ-ի վրա մեղք բարդելը ճիշտ չէ, քանի որ այնտեղ կան ուժեր, որոնք պայքարել են այդ խնդիրների համար, բայց չեն կարողացել իրենց դիրքորոշումներն առաջ տանել մեծամասնություն չկազմելու պատճառով»: Դաշնակցությունն իր ծրագրով առաջարկում է ինովացիոն ծրագրերի խրախուսում, գիտական արդյունքի կիրառություն արտադրության մեջ, գիտության մեկնարկային ֆինանսավորման ավելացում ՝ մինչև ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով:

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Միքայել Մելքումյանն էլ հայտնեց. «Գիտության մեկնարկային ֆինանսավորումը կլինի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով, որը հինգ տարվա ընթացքում կհասցնենք 3 տոկոսի»: Նա հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն հեռու է այն մտքից, թե գիտության ֆինանսավորումը պիտի պետությունն ամբողջությամբ իր վրա վերցնի, կուսակցությունը կողմ է ստեղծել այնպիսի դաշտ, որտեղ գիտական արդյունքի ներդրումը կլինի շահութաբեր:

ՕԵԿ անդամ Հովհաննես Վահանյանը թվեր չնշեց, պարզապես հպանցիկ ասաց, որ իրենց ծրագրով նախատեսվում է գիտության բնագավառի անձանց աշխատավարձը հասցնել պետական ծառայողի աշխատավարձին, երիտասարդ գիտնականներին օգնել ձեռք բերել բնակարան առանց կանխավճարի:

ՀԱԿ կրթության և գիտության հանձնախմբի համակարգող Սամվել Կարաբեկյանն էլ նշեց, որ որքան էլ մեծ լինեն ներդրումները գիտության բնագավառում, դրանք կրկին մսխվելու են, մինչև չփոխվի կառավարման համակարգը: ՀԱԿ-ն իր ծրագրով առաջարկում է բուհական կրթության և գիտահետազոտական ոլորտի կապի սերտացում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության համակիր, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանն էլ հայտարարեց, թե իզուր իշխանությունները թող չասեն, թե փող չկա, ինքը լավ գիտի՝ փող որտեղ կա և կարող է ասել որտեղից այն բերել պետական բյուջե:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ իրենց կուսակցությունը ևս կարծում է, որ գիտության մեկնարկային ֆինանսավորումը պետք է լինի ՀՆԱ 1 տոկոսի չափով: Հետո էլ ասաց. «Մեր իշխանությունները լավ գիտակցում են, թե ինչ վտանգներ կարող է ունենալ գիտության ֆինանսավորումը, քանի որ այդ դեպքում կաճի գիտնականների թիվը: Իշխանությունները, որ ընտրություններից առաջ բարեգործությամբ են հանդես գալիս, գիտակցում են, որ գիտնականներին կառավարելն ամենադժվարն է»: Պարոն Խուրշուդյանն անդրադարձավ նաև հետևյալ խնդրին. «Այնպես պետք է դաստիարակել երեխային, որ նա ոչ թե ցանկանա դառնալ օլիգարխ, կամ նրա թիկնապահը, այլ դառնա գիտնական: Ահա դրա դեմ տարվում է հատուկ քաղաքականություն, այլապես եթե այդ քաղաքականությունը չտարվեր, մեր հասարակության մեջ, որն ունի գիտական մեծ պոտենցյալ, ինքնաբերաբար կհաստատվեր այդ գիտակցությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031