Armenian Navy Band-ի պրոդյուսեր Արտակ Գեւորգյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ Armenian Navy Band-ն ու երաժշտական աշխարհում իբրեւ Mr. Avant-Garde Folk հայտնի Արթո Թունչբոյաջյանը մայիսի 19-ին համերգ կունենան Մոսկվայի «Երաժշտության տանը»:
Պրոդյուսերը տեղեկացրեց, որ համերգի կազմակերպիչը «Որակ-Մեդիա» ընկերությունն է. «Հյուրեր էլ են լինելու՝ սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, «Ակվարիում» ռոք-խմբի մենակատար Բորիս Գրեբենշչիկովը եւ կինոդերասան ու շոումեն Պավել Վոլյան»: Նա տեղեկացրեց, որ սա Արթոյի երրորդ համերգն է Մոսկվայում, ունկնդիրը ջերմ է ընդունում սիրված երգչին. «Տոմսերի վաճառքից արդեն երեւում է, որ ամեն ինչ լավ է լինելու»: Համերգին բնականաբար կհնչեն հիթեր եւ կլինեն ջազային իմպրովիզներ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ