Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաերջանիկներն ու անհույսները

Մարտ 30,2012 13:39

Մեկնաբանում է հոգեթերապեւտ Միհրդատ Մադաթյանը

Դեռեւս հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե ինչպիսին է մահացող մարդու հոգեբանությունը ու ինչպես է այն դրսեւորվում: Ինչպես շատ հարցեր, սա եւս միանշանակ պատասխան չունի: Մասնագետները մահացող մարդու հոգեբանությունը փորձել են սահմանել եւ դասակարգել:

«Ամենաերջանիկներն այն մարդիկ են, ովքեր գիտակցում են, որ լիարժեք եւ բարի կյանք են ապրել: Ավելի քիչ երջանիկ են նրանք, ում համար մահը հիվանդություններից, խղճի խայթից, կյանքի դժվարություններից եւ անիմաստ հոգսերից ազատվելու տարբերակ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեթերապեւտ Միհրդատ Մադաթյանը, ըստ որի՝ ամենատանջվողներն էլ նրանք են, ովքեր մահանում են հիվանդությունից, քանի որ տեղյակ են լինում իրենց հետագա ճակատագրի մասին:

Անհույս հիվանդների պարագայում դիտարկվում է մահացողների հոգեպաթոլոգիկ տասը հակազդում: Ըստ Մ. Մադաթյանի՝ առաջին տեսակը տագնապային-դեպրեսիվ համախտանիշն է, որը հանդիպում է բավական հաճախ եւ արտահայտվում վախով, ընկճվածությամբ՝ մոտալուտ մահի մտքի նկատմամբ, որի ժամանակ շատերի մոտ նկատվում է սուիցիդալ վարքագիծ: «Երկրորդ տեսակը դիսֆորիկ համախտանիշն է, որն արտահայտվում է դյուրագրգռությամբ, շրջապատի նկատմամբ դժգոհությամբ, իրենց հիվանդությանը բերող պատճառների փնտրտուքով, բուժաշխատողների կամ հարազատների հասցեին հնչող մեղադրանքներով եւ այլն: Այդ վարքագծում հաճախ թաքնված է ճնշված տագնապը»,- պարզաբանում է Մ. Մադաթյանը՝ հավելելով, որ հաջորդ տեսակի համախտանիշը տագնապային-հիպոխոնդրիկն է, որի ժամանակ լարվածությունն ավելի քիչ է, իսկ հիվանդներն ավելի անտրամադիր են ու ինքնամփոփ: «Օբսեսիվ-ֆոբիկ համախտանիշը հանդիպում է տագնապային կասկածամտության տիպ ունեցող մարդկանց մոտ եւ արտահայտվում է կպչունություններով ու վախերով: Նրանք արտահայտում են ակնհայտ զզվանք, օրինակ՝ իրենց պալատում պառկած այլ հիվանդների նկատմամբ, ունենում են քաղցկեղի մանրէներով վարակվելու կպչուն վախ եւ մահանալու մասին տանջալի պատկերացումներից առաջացող տագնապներ: Ապատիկ համախտանիշ կոչվածն էլ այն է, որի դեպքում հիվանդները մի փոքր արգելակված են, թմրած ու անտարբեր: Իսկ ասթենո-դեպրեսիվ համախտանիշը բնութագրվում է ճնշվածությամբ, թախծոտությամբ, սեփական հիվանդության անհուսության վերապրումներով եւ դատապարտվածության զգացումով: Լինում է նաեւ ասթենո-հիպոխոնդրիկ համախտանիշ, որը հանդիպում է հետվիրահատական շրջանում: Առաջանում է վախ, վիրահատական վերքերի ապաքինվելու մասին տագնապներ, անհանգստություն»,- բացատրում է հոգեթերապեւտը: Վերջինի մեկնաբանմամբ՝ սովորաբար դեպերսոնալիզացիոն-դերեալիզացիոն հիվանդները բողոքում են իրականության զգացումի կորստից՝ ասելով, որ չեն զգում ոչ շրջապատը, ոչ էլ սեփական մարմինը: Հաճախ քնաբեր են պահանջում, թեպետ առանց դրա էլ հանգիստ են քնում: Գոյություն ունի նաեւ պարանոիդալ համախտանիշ ասվածը, ինչն էլ արտահայտվում է շրջապատի նկատմամբ զառանցանքային վերաբերմունքով, եւ ուղեկցվում հետապնդման, խաբեությունների, շրջապատի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի գաղափարներով: Էյֆորիկ համախտանիշն էլ, որը արտահայտվում է հետվիրահատական շրջանում՝ արտահայտվում է բարձր տրամադրությամբ եւ վիճակի, հնարավորությունների գերագնահատմամբ:

Մասնագետները, տալով մահացող մարդու հոգեբանության մասին տարբեր դասակարգումներ, հավատացնում են, որ մարդը միշտ էլ կարող է մահանալ, սակայն արժե փնտրել ապրելու ճանապարհներ` հնարավորինս երկար վայելելու կյանքը:

ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031