Լրահոս
Օրվա լրահոսը

Այլեւս կարիք չկա ժամեր «սպանել» գրադարանում

Մարտ 30,2012 13:28

«Հայկական վիրտուալ գիտական գրադարան» (ՀՎԳԳ)՝ Armeniavsl.org ծրագրի շնորհանդեսը կայացել էր դեռեւս 2011թ. նոյեմբերին՝ Գիտությունների ազգային ակադեմիայում: Երեկ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) վիրտուալ գրադարանը ներկայացրին «Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման գլոբալ հիմնադրամի» ներկայացուցիչ Չարլզ Դունլապը եւ հանրահայտ «Թոմսոն Ռոյթերս» գործակալության ներկայացուցիչ Ահմեդ Բորհիդան: «Հայկական վիրտուալ գիտական գրադարանը» թույլ է տալիս որոնում կատարել բոլոր հասանելի գիտական ամսագրերում՝ առանց յուրաքանչյուր հրատարակչի կայքն այցելելու անհրաժեշտության, ինչպես նաեւ՝ ստեղծել օգտագործողի հաշիվ՝ ամսագրերի առցանց հավաքածու մշակելու եւ նախընտրած որոնումների հիման վրա էլփոստով նոր հրապարակված հոդվածների վերաբերյալ զգուշացումներ ստանալու նպատակով: Ինչպես տեղեկացրեց Չ. Դունլապը. «Armeniavsl.org կայքն ունի հետազոտողների համար մեծ ռեսուրս հանդիսացող, 10.000 ամսագրերում հրապարակված շուրջ 8.6 միլիոն հոդված, այդ թվում՝ հայ եւ ամերիկյան համալսարանների, ՄԱԿ-ի հրատարակչությունների մոտ 20000 գիտական ամսագիր»: Նա հավելեց, որ կայքը հասանելի է միայն 80 համալսարանում եւ հետազոտական կազմակերպությունում աշխատող եւ սովորող անձանց, այն ընդգրկում է շուրջ 60000 էլեկտրոնային գիրք: Վիրտուալ գրադարանում կարելի է որոնում կատարել ըստ ամսագրի անվանման, համարի, հոդվածի թեմայի, բանալի-բառերի եւ հեղինակի: Ընթերցողները կարող են զննել ամսագրի համարի բովանդակությունն ամբողջությամբ, ծանոթանալ գրադարանի հետ համագործակցող հրատարակչություններին եւ հեղինակներին: Չ. Դունլապի հավաստմամբ՝ գրադարանում զետեղված են միայն հեղինակավոր գիտական ամսագրերի ստուգված հոդվածները, որոնք օգտատերերը նույնիսկ չեն կարող գտնել Google-ի որոնման համակարգում: «Հայաստանը միջազգային ամսագրերում ունի շուրջ 700 հրապարակում, մինչդեռ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը՝ 550»,- ասաց Չ. Դունլապը: Համակարգը ներառում է նաեւ «Բաց մատչելիությամբ ամսագրերի տեղեկատու» եւ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում պարունակվող ամսագրերի հավաքածուն: «Մնացած ամսագրերը հասանելի են միայն բաժանորդագրմամբ, ինչն առայժմ հիմնականում ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, հետագայում այն լիովին կստանձնեն ԳԱԱ-ն եւ ԿԳ նախարարությունը: Հայաստանի կառավարությունը տարեկան վճարում է 3000 ԱՄՆ դոլար»,- ասաց Չ. Դունլապը: ՀՎԳԳ-ն ներառում է բրիտանական «Թոմսոն Ռոյթերս» գործակալության ընդլայնված որոնման համակարգը, որը 1975թ.-ից ի վեր հրատարակված ամսագրերը դասակարգում է ըստ դրանց ազդեցության գործակցի: Որոնումը կատարվում է անգլերեն, սակայն համակարգն այն իրականացնում է 40 լեզուներով: «Գտնելով որեւէ հոդված՝ ընթերցողը կարող է տեսնել, թե քանի անգամ է այն ցիտվել, ով է հեղինակը եւ այդ թեմայով էլ ինչ հրատարակություններ ունի: Նույնիսկ կարող է համագործակցության առաջարկով դիմել հեղինակին: Իսկ ցիտումների մասին տեղեկությունը ստանում եք էլփոստի միջոցով»,- նշեց Ահմեդ Բորհիդան: Նրա հավաստմամբ՝ համակարգում ներառված են միայն լավագույն ամսագրերը. «Թուրքիան 15 տարի օգտվում է ծրագրից, բայց դեռեւս ունի միջազգային ճանաչման 2 ամսագիր, իսկ ընդամենը 3 ամիս օգտվող Հայաստանը՝ արդեն 3 ամսագիր, օրինակ՝ «Աստրոֆիզիկան», որն ամենաշատ ցիտվող ամսագրերից է»: ՀՎԳԳ-ի հետ կապված տեխնիկական հարցերով ընթերցողները կարող են դիմել «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամին»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց ԳԱՏԱՀ փոխտնօրեն Ալեքսանդր Խաչունցը, ՀՎԳԳ-ն հայ գիտական համայնքին թույլ է տալիս ժամանակին համընթաց քայլել՝ որոնելով արդի ինֆորմացիա. «Թոմսոն Ռոյթերսն» ընթերցողին հնարավորություն է ընձեռում գնահատել գիտնականների աշխատանքները՝ ստեղծելով գործնական կապեր գիտության անհրաժեշտ ոլորտի զարգացման համար»: Ա. Խաչունցի խոսքով, այլեւս կարիք չի լինի գրադարաններում ժամերով գիտական գրքեր ընթերցել:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի գրադարանի տնօրենի տեղակալ Քնար Մկրտչյանը նշեց, որ հիմնականում համալսարանի գիտաշխատողներն ու ասպիրանտներն են օգտվում «Հայկական վիրտուալ գիտական գրադարանից». «Այն շատ կարեւոր բազա է ուսումնական եւ գիտական պրոցեսների զարգացման համար: Ավելի շատ ընթերցում ենք տեխնիկային վերաբերող հոդվածներ»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031