Ապրիլի 10-ին «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Հայաստանի նկարիչների, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ ՌԴ նկարիչների միության անդամ Լեո Լեոյի (Լեւոն Վարդանյան) անհատական ցուցահանդեսը: Նա ներկայացնում է աբստրակտ արվեստ, որը նրա ձեւակերպմամբ՝ հոգեւոր, մեդիտացիոն բնույթ ունի: «Առավոտի» հետ զրույցում Լեոն նշեց, որ աբստրակտ ասվածով հնարավոր չէ ամբողջովին բացահայտել արվեստագետին: «Եթե նկարչությունը ֆիգուրատիվ չէ, դա չի նշանակում, թե վերացարկված, վերացական մի բան է: Հնարավոր է՝ կոնկրետ առարկա, պատկեր չտեսնես նկարի վրա, բայց գոյություն ունեցող իրավիճակը, էներգիաները, այն արձանագրությունը եւ հետքը, որ թողել է նկարիչը, ավելի խորը, իրավիճակային եւ հոգեւոր բնույթ ունենան: Արվեստն իր ամբողջ պատմության ընթացքում կամաց-կամաց դարձել է ավելի ներքին արտահայտությունների տարածք, դա իրական եսի տարածքն է, որի սահմանները հնարավոր չէ բնորոշել: Գեղանկարչությունն ինչ-որ ձեւով այդ անսահմանի գիտակցումը պարունակում է իր մեջ»,- համոզված է նկարիչը:
Ըստ Լեոյի, նկարիչը որքան կոնկրետ է իր աշխարհայացքում ու տեսակետներում, այնքանով ավելի հստակ է արտահայտչաձեւերում. «Երբ դու ունես, օրինակ, երջանկության բանաձեւը, հնարավոր չէ, որ նկարակալի առաջ ստեղծագործելիս շրջանցես այդ բանաձեւը: Ինչ-որ առումով քո նկարչությունը դառնում է դրա շարունակությունը: Ստեղծագործելիս նկարիչը գտնվում է իր ամենաներկայի մեջ, այսինքն՝ կոնկրետ երջանկության բանաձեւը ամենահզոր թափով հենց այդ ժամանակ է աշխատում»:
Լեոն չի «կիսում» այն տեսակետը, թե աբստրակտ արվեստի հետեւից գնում են այն նկարիչները, ովքեր ֆիգուրատիվ արվեստում չեն կարողանում իրենց տեղը գտնել ու կայանալ. «Ես չէ, որ պետք է ասեմ, թե ի՜նչ հզոր արվեստագետներ են ֆիգուրատիվ արվեստի մեջ վառ արտահայտչամիջոցների հասել ու հետագայում գտել են ավելի հարմար՝ ներքին իրավիճակին հավասարազոր ֆորմուլաներ: Օրինակ՝ Կանդինսկին, որ 20-րդ դարասկզբի աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկն էր, ասում էր, թե գեղեցիկ է այն, ինչ բխում է ներքին հոգեկան անհրաժեշտությունից, իսկ դա շատ հարաբերական է: Կանդինսկին նաեւ նշել է, թե գեղեցիկ է այն, ինչ գեղեցիկ է ներքուստ: Իսկ այդ «ներքուստը», ներքինը չես կարող ասել՝ աթո՞ռ է, սեղա՞ն է, ներքին եսը շատ անձնական է՝ իզմ չէ: Ամբողջ իզմերի հետագայում պատմությունը ազատագրեց արվեստագետին, եւ նկարիչը դարձավ ազատ: Մեծն Մոնեն ասում էր՝ ինձ չի հետաքրքրում առարկան, ինձ հետաքրքրում է առարկայի ու իմ միջեւ եղած տարածությունը: Հիմա արվեստը լուրջ փոփոխություններ է ունեցել, Մոնեի ասածը տեղափոխվել է ավելի ներս, տարածությունը գտնվում է քո ներսում, ոչ թե առարկայի եւ նկարչի միջեւ»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը հավելում է, որ ոչ մի արտաքին ազդակ ու իրավիճակ մեծ դեր չունեն իր վրա՝ աշխարհայացքային առումով, որովհետեւ նկարչությունը լուռ արվեստ է. «Մատիսն ասում էր՝ ով ուզում է նվիրվել գեղանկարչությանը, պետք է կտրի իր լեզուն: Իսկ իմ սիրելի փիլիսոփա Լյուդվիգ Վիգենշտեյնն էլ նշել է, որ այն, ինչ հնարավոր է ցույց տալ, հնարավոր չէ նկարագրել: Ինչպես արդեն ասացի, նկարչությունը լուռ արվեստ է, այն պետք չէ երգի նման միացնել, անջատել, տոմս գնել, գնալ լսելու… Նկարչույունը միշտ կա: Նկարչի արձանագրության պահը նկարչի ամենաներկան է»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ