«Արվեստագետներին, մանավանդ երիտասարդներիս, ձգում է աշխարհի տարբեր միջավայրերում մասնագիտորեն արտահայտվելու կամ դրսեւորվելու հնարավորությունը»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ այսպես արտահայտվեց թատրոնի երիտասարդ բեմադրիչ Դավիթ Հարությունյանը, ով հայաստանյան տարբեր թատրոններում բեմադրություններ է իրականացրել եւ այժմ էլ պատրաստվում է իրեն փորձել Մոսկվայում՝ կինոյի բնագավառում, ոչ միայն ռեժիսոր, այլեւ սցենարիստ: Դավիթը մանրամասնելով իր այս ծրագիրը՝ նշեց. «Ապագա դոկումենտալ խաղարկային ֆիլմը, որը հայ-ռուսական համատեղ ձեռնարկ է, կներկայացնի Վանի թագավոր Արգիստ Առաջինի գահակալման շրջանը, ով, ինչպես հայտնի է, Մենուայից հետո ընդարձակեց, հզորացրեց թագավորությունը: Սցենարը, որտեղ ներկայացվում են այդ շրջանի քաղաքաշինությունը, քաղաքականությունը, մշակույթը, ռազմավարությունը, բանակի սպառազինությունը եւ, ամենակարեւորը՝ Ասորեստանի դեմ անվերջ մղվող պատերազմների պատճառները, այժմ թարգմանում եմ ռուսերեն: Համոզված եմ, որ դիտելով այս նկարը՝ հանդիսատեսը զուգահեռներ կանցկացնի մերօրյա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Ի վերջո, այսօր էլ պատերազմների հիմքում գերիշխանության մոլուցքն է»: Ֆիլմը Հայաստանում չնկարահանելը ռեժիսորը պատճառաբանեց տեղական կինոարտադրության տեխնիկական սպառազինման անբավարարությամբ: Մյուս կողմից էլ՝ նշեց մեզանում նյութական միջոցներ գտնելու խնդիրը, շեշտելով, որ ըստ նախնական հաշվարկի, ֆիլմն իրականացնելու համար կպահանջվի շուրջ 1 մլն դոլար: Հարցին՝ արդյոք հիասթափվա՞ծ է թատրոնից, Դավիթը պատասխանեց, որ հարգում է իր մասնագիտությունը (սովորել է անվանի բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում) ու գտնում, որ թատրոնի տեղը «կառավարական օթյակում» է: Նաեւ սրտնեղեց, թե կինոաշխարհից հեռու որոշ անհատներ իրենց իրավունք են վերապահում ֆիլմ նկարահանել ու շնորհանդես կազմակերպել «Մոսկվա» կինոթատրոնում:
Անդրադառնալով իր թատերական գործունեությանը՝ արվեստագետը հայտնեց, թե հատկապես երիտասարդներին անհրաժեշտ է անընդհատ ստեղծագործելու հնարավորություն: «Կոնկրետ ինձ ու համախոհ հասակակիցներիս առաջին հերթին անհրաժեշտ է ոչ այնքան 50.000 դրամ աշխատավարձը, այլ թատրոնում լինելու հանգամանքը»,- ասաց Դավիթը, ավելացնելով, թե ամեն բեմադրիչ իրեն չի զոհի հանուն թատրոնի, այլ պարզապես կգնան TV-ներ՝ սերիալներով գումար վաստակելու:
Տեղեկացնենք, որ Դավիթ Հարությունյանի առաջին աշխատանքը 2006-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությունն էր, որին հաջորդեցին Զորայր Խալափյանի «Դպրոցականի կատակերգություն», Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Աննա Պետրոսյանի «Արատայի առասպելները» աշխատանքները, այնուհետեւ «Մետրո» թատրոնում՝ թումանյանական հեքիաթների մոտիվներով՝ «Լոռու ձորը», Հ. Պարոնյանի անվան թատրոնում՝ Ժան Անուի «Շրջազգեստով գեներալները», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը» եւ այլն: 2010-11թթ. Դավիթ Հարությունյանը բեմադրություններ է իրականացրել Հալեպի հայկական թատերախմբի հետ: Հարցին, թե ինչո՞ւ են իր հասակակիցներից շատերը ձգտում արտերկիր, մեր զրուցակիցն ասաց՝ «գնում են, որովհետեւ Հայաստանում բեմադրիչի համար տարրական պայմաններ չի ապահովվում կամ դրանք մասամբ են տրվում»: Փաստեց նաեւ, որ մերօրյա թատերական դաշտը շարունակ փշրվում է թայֆայության ու անձնական ամբիցիաների պատճառով:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ