Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կասկածյալը հարցաքննվել է որպես վկա

Մարտ 30,2012 13:19

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Կարեն Մեհրաբյանի, Ռոմիկ Մաթեւոսյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:

Պաշտպանական ճառով հանդես եկավ Ոոմիկ Մաթեւոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սարգիս Ասլանյանը:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը Ռոմիկ Մաթեւոսյանի համար միջնորդել է 12 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրանքի կողմի՝ Կարեն Մեհրաբյանը 2011թ. սկզբներին գտնվելով Թուրքիայում՝ ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը եւ այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցներ հանդիսացող Տիգրան եւ Վարդան անուններով անձնավորությունների կողմից՝ Կ. Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում՝ ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի եւ զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի եւ սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան՝ ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ, գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների: Հավաքագրվել էր նաեւ Ռոմիկ Մաթեւոսյանը, որը ստացել էր առաջադրանքներ՝ «Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց»: Վերադառնալով Հայաստան՝ նա փորձել էր տեղեկություններ հայթայթել իրավասու՝ զինծառայողներ հանդիսացող անձանցից:

Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալ Ռ. Մաթեւոսյանն անմեղ է, նա պետք է անհապաղ արդարացվի: Ավելին՝ միջնորդեց, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն ազգային անվտանգության քննչական ծառայության պետն ու քննիչ Արմեն Թեւանյանը, վերահսկող դատախազ Արամ Ամիրզադյանը: Նա մեղադրական դատավճռի կայացման դեպքում միջնորդեց, որպեսզի վերսկսվի քրեական գործի դատաքննությունը: Պաշտպանական ճառի ժամանակ օրենքով թույլատրելի էր բացարկ հայտնելը, եւ պաշտպանը բացարկ հայտնեց գլխավոր դատախազության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանին:

Ս. Ասլանյանն ասաց, որ քրեական գործում չկա որեւէ հեռախոսազանգ, որեւէ իրեղեն ապացույց, որեւէ անձ, որը կապացուցի իր պաշտպանյալի կողմից հայրենիքի դավաճանության հանգամանքը:

«Ինչպես պատահեց, որ անցյալ տարվա օգոստոսի 6-ին «հանկարծ» արատավորվեց Ռոմիկ Մաթեւոսյանը, որը մինչ այդ արատավորված չի եղել, հասարակական-քաղաքական կյանքին չի մասնակցել, զբաղված է եղել հանապազօրյա հաց վաստակելով, ինչպես պատահեց, որ նա հայտնվեց ազգային անվտանգության ծառայության քննիչի սկուտեղի վրա»,- հարցրեց պաշտպանը:

Նա հրապարակեց հատվածներ Կարեն Մեհրաբյանի նախաքննական ցուցմունքներից, որտեղ խոսք անգամ չկար Ռոմիկի մասին: Ռոմիկը մոր հետ 2007թ.-ից աշխատել է Թուրքիայում, երբ 2011թ. հունիսին վերադարձել է Հայաստան, որպես վկա հրավիրվել է ազգային անվտանգության ծառայություն, սակայն, ըստ պաշտպանի, հարցաքննվել է որպես կասկածյալ: Նախաքննության ժամանակ նրա պաշտպանությունը ստանձնած Գայանե Գալոյանի օրինականության համար էլ պաշտպանն ասաց, որ չի եղել քննիչի որոշում ներգրավվելու մասին: Իրեղեն ապացույցների մեջ պաշտպանը հիշատակեց «Օդնոկլասնիկի» համացանցից «քաշած» Ռոմիկի 300 նկարներից մեկը, ուր հինգ հոգով են, որոնցից մեկն էլ թուրք Սայիդն է, որի հետ նրան ծանոթացրել է հայուհիներից մեկը: Ըստ պաշտպանի, ապացույցը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, խախտմամբ:

Երբ ավարտվեց ճառը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը ցանկացավ լսել կողմերի դիրքորոշումը: Պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ դատախազը սուբյեկտիվ է այնքան, որքան իրենք՝ պաշտպանները: «Նա անկախ չէ, եւ մշտապես ունենալու է մեղադրական կարծիք, սուբյեկտիվ կարծիք: Էս մարդիկ օրենքը էս ձեւ են պաշտպանելու»,- ասաց նա եւ բացարկի ճակատագիրը թողեց դատարանի հայեցողության վրա:

Դատախազն իր հերթին «կպավ» պաշտպանին, ասելով, որ նա ունեցել է 5-օր ժամանակ՝ բողոքարկելու համար, սակայն պաշտպանը նախաքննական մարմնին բողոքել է ժամկետի խախտմամբ, վերջին օրը, ինչն էլ «սուբյեկտիվ» կարծիք է դիտվում:

Դատավորը չթողեց վեճը սրվի, հորդորելով՝ «գնացեք փողոցում վիճեք» ու անցավ խորհրդակցական սենյակ:

Այնտեղից վերադառնալով՝ նա մերժեց պաշտպանի բացարկը:

Ապրիլի 2-ին ամբաստանյալները հանդես կգան ճառով ու վերջին խոսքով: Ամբաստանյալներից Աշոտ Չտրկյանն ասաց, որ իր ճառը քրեակատարողական հիմնարկում է, եւ՝ «Ես իմ ճառին տեր եմ»:

Ա. Չտրկյանի մայրը Հանրապետական կուսակցությունից է, ուսուցչուհի, իսկ աղջիկն էլ՝ ազգագրական երգերի անզուգական կատարող:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031