Լրահոս
Օրվա լրահոսը

Beeline-ը մեղավոր չէ, համակարգիչն է մեղավոր

Մարտ 30,2012 13:14

Ինտերնետ չունենալու համար բաժանորդը մեղադրում է Beeline-ին, իսկ բջջային կապի ընկերությունն է՝լ բաժանորդի համակարգչին:

Հայաստանում ինտերնետ մատակարարող բազմաթիվ ընկերություններ կան, եւ մրցակցությունը ենթադրում է, որ գոնե խոշոր ընկերությունները տարեցտարի ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց տրամադրած ծառայությունն ավելի լավը, որակյալը ու ձեռնտուն լինի սպառողների համար: Դրա համար տարատեսակ ակցիաներ են անում՝ ինտերնետի արագությունն են կրկնապատկում, գներն են իջեցնում եւ այլն:

Լաուրա Բագրատյանը մոտ 4 տարի օգտվել է Beeline-ի Hi-Line ծառայությունից, սկզբնական շրջանում շատ գոհ է եղել ընկերության ծառայությունից, սակայն վերջերս, բաժանորդի խոսքերով՝ հիասթափվել է: Տիկին Լաուրայի դստեր՝ Նունե Բագրատյանի պատմելով՝ դեռեւս 4 տարի առաջ ինտերնետին միանալու համար 20 հազար դրամով գնել է մոդեմը, այլ ոչ թե պայմանագրով անվճար ստացել ընկերությունից, սակայն նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինտերնետի արագությունից դժգոհ լինելով, դիմում է գրել՝ խնդրելով լուծարել պայմանագիրը, եւ հրաժարվել է ընկերության ծառայություններից: Սակայն մի քանի օր առաջ Beeline-ը արդեն նախկին բաժանորդին տեղեկացրել է, որ վերջինս պարտավոր է վճարել մոդեմի գումարը: Նունե Բագրատյանի ներկայացմամբ՝ մինչ պայմանագիրը խզելը մի քանի անգամ դիմել է ընկերությանը, որպեսզի շտկեն ինտերնետի հետ առաջացած խնդիրը: Ընկերության համապատասխան աշխատակիցները սկզբում ինտերնետի խոստացած արագությունը չապահովելու «մեղքը» բարդել են մոդեմի վրա, այն ստուգելուց հետո՝ գծերի, իսկ գծերը փոխելուց հետո ուղղակի հույս են տվել՝ լավ կլինի. «Ամեն օր երեկոյան ժամը 18.00-ից մինչեւ կեսգիշեր մենք ինտերնետ չունեինք: Իսկ ցերեկվա ժամերին՝ շատ թույլ: Նույնիսկ իրենք էլ են ստուգել ու հաստատել, որ իսկապես իրենց խոստացած արագությունը չեն ապահովում: Ես իմ դիմումում որպես պայմանագրի դադարեցման պատճառ նշել եմ հենց թույլ ինտերնետը, այսինքն՝ պայմանագրով սահմանված արագությունը՝ 1 մգբիթ՝ 1 վայրկյանում, չեն ապահովում: Բայց մոդեմի գումարից, պարտավորեցնում են վճարել նաեւ մոտ 44 հազար դրամ՝ իմ չստացած ինտերնետի համար: Ընդ որում, հոկտեմբեր ամսին ինձ ներառեցին ակցիայի մեջ՝ ասելով, թե անվճար կրկնապատկում են իմ ինտերնետի արագությունը, այնինչ՝ իրականում ինտերնետ չեմ ունեցել: Իսկ հիմա Beeline-ից ասում են, որ պարտավոր եմ վճարել ակցիայի շրջանակում տրամադրվող ինտերնետի գումարը եւս: Բայց ես ինքնակամ չեմ մտել այդ ակցիայի մեջ, իրենք ավտոմատ ինձ ներառել են՝ առանց հարցնելու՝ ուզո՞ւմ եմ, թե՞ ոչ: Ես ինչո՞ւ պիտի վճարեմ այդքան գումար, եթե ընդհանրապես ինտերնետ չեմ ունեցել: Եթե նորմալ կապ լիներ, չէի հրաժարվի»:

Քաղաքացու բողոքի առնչությամբ Beeline ընկերության լրատվական բաժնից այսպես պարզաբանեցին. «Բաժանորդի կողմից ներկայացված տեխնիկական բնույթի հայտերը ուսումնասիրվել եւ բավարարվել են 1 օրվա ընթացքում: Բաժանորդի մոտ եղել է նաեւ խնդիրներ համակարգչի հետ կապված՝ «ռեսթարտից» հետո ինտերնետը միացել է, դեկտեմբերի 6-ին բաժանորդի զանգի ընթացքում պարզվել է, որ բաժանորդի համակարգչում չկա LAN Driver-ը: Հնարավոր է՝ բաժանորդի խնդիրները կապված են համակարգչի հետ»:

Ըստ Beeline ընկերության պարզաբանման՝ եթե բաժանորդը դժգոհ է ծառայությունից, օրենքով սահմանված կարգով նրա դիմումի հիման վրա ընկերությունը կարող է եւ տրամադրում է հնարավոր չմատուցված ծառայությունների դիմաց բաժանորդային գումարի վերահաշվարկ. «Սակայն տվյալ բաժանորդը մեր ընկերությանը նման դիմում եւ խնդրանք չի ներկայացրել: Այս պահին բաժանորդի պարտքը ոչ թե 44 հազար դրամ է, այլ 22,708: Ինչ վերաբերում է մոդեմին, ապա բաժանորդը, պայմանագիրը լուծարելուց հետո, մոդեմի գումար չպիտի վճարի: Մենք պատրաստ ենք կապվել բաժանորդի հետ՝ իր համաձայնությամբ, լսել իր փաստարկները եւ խնդրին լուծում տալ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031