Եթե չկա շարժում՝ չկա նաեւ ժամանակ, եթե չկա խոսք՝ չկա իրականություն: Այսինքն թե՝ խոսքից դուրս՝ մնացյալը անիրական է: Եվ դա չէ՞ արդյոք պատճառը, որ բոլոր ժողովուրդների մեջ ծնվող գերզգայուն հոգիները, իրարից հեռու, նույն ցավն են ապրում, նույն տառապանքները բարբառում հազար լեզվով:
Եվ երբեմն թվում է, թե նրանք՝ համաշխարհային ցավի այդ տրուբադուրները, մի ամբողջական ազգ են, առանձին մի ժողովուրդ, նույն հոգու եւ նույն կրոնի խաչով կնքված, բայց դատապարտված են ապրելու տարբեր ազգերի մեջ, որ ժողովուրդներին մենակ չթողնեն իրենց ցավի հետ, թե չէ ցավը կելնի՝ աշխարհը կուտի:
Եվ որտեղ շատ է տառապանքը, այնտեղ հաճախ են հայտնվում նրանք, այդ ժողովրդի ցավի մեծության չափով:
Դպրոցի վերջին դասարանում էի, երբ մի օր մաթեմատիկայի մեր ուսուցչին հարցրի, թե՝ ի՞նչն է պատճառը, որ թվերը գումարելիս արդյունքում երկու դեպքում զույգ է ստացվում, միայն մի դեպքում կենտ:
Կարդացեք նաև
Օրինակ, երբ զույգ թվին զույգ ես գումարում, ստացվում է զույգ, կենտին կենտ ես գումարում, դարձյալ զույգ է ստացվում, եւ միայն զույգին կենտ գումարելիս է արդյունքում կենտ ստացվում:
Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է բացակայում չորրորդ ձեւը: Մի՞թե դա անարդար չէ:
– Չորրորդ ձեւը բանաստեղծությունն է,- կատակով ասաց մեր ուսուցիչը:
Այդ տարիներին ես ոտանավորներ էի գրում, եւ նա ինձ ծաղրելու համար այդպես պատասխանեց: Բայց տարիներ հետո ես հասկացա, որ նա սխալմամբ ճիշտ բան էր ասել. այն, ինչ կյանքում խախտված է կամ կորցրել է իր բնախոսական ներդաշնակությունը, ուղղվում եւ իր համաչափ ձեւն է ստանում խոսքի մեջ: Եվ խոսքն է, որ ղեկավարում է մարդկային կյանքը:
Ուրեմն ինչքան մեծ ու հզոր են աշխարհի աններդաշնակության ցավից ծնված խոսքի այդ առաքյալները, ովքեր մեր դեմ բացելով իրենց խոսքի հայելին՝ մեզ շարունակ հուշում են՝ գնալ հոգեւոր համաչափության ճանապարհով:
Շուտով ուշ, բայց ոչ ուշացած գարնան արդեն բացվող զրնգոցի հետ լիահուն գարունը մեր կյանք կխուժի իր ծոցի մեջ թաքցրած մեղքի եւ սիրո հմայքի խնձորները՝ եւ մեր կյանքը կդառնա նախընտրական խոսքի հայրենիք, ուր բոլորը կխոսեն, կխոստանան, կերդվեն, ինչի մասին գարունն, անշուշտ, կմնա անտեղյակ:
Միայն մենք կիմանանք, մենք կլսենք, թե մեզ ինչ ասացին, ինչ խոստացան: Եվ մեր ականջները կզրնգան ջրահեղձի նման, եւ մենք անհուսահատ կփնտրենք խոսքը կենդանի, որ գնանք հետեւից, խոսքը, որը կանչում է մեզ՝ տանելու հոգեւոր համաչափության ու ներդաշնակության երկիր:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ