Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը «ասֆալտի գեներալներից» չէ

Մարտ 30,2012 13:07

Սկիզբը՝

«ՀՀԿ-ի քաղաքական թիմը, որի մեջ եւ ՀՀԿ առաջատար գործիչներն են եւ այլ կուսակցությունների ղեկավարներ, ի վիճակի է փոխել երկրում իրավիճակը՝ դեպի ավելի լավ մակարդակ, դեպի ավելի օրինական երկիր, ինչը որ երկրի նախագահն ասել է իր ծրագրային ելույթներում, եւ ինչը մեզ համար նաեւ, որպես կուսակցություն, հանդիսանում է կարեւորագույն նպատակ»,- ՀՀԿ համամասնական ցուցակի մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԻՄ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 19-րդ անդամ Հայկ Բաբուխանյանը: Մեր դիտարկմանն էլ, որ ՀՀԿ մեծամասնական ցուցակում հիմնականում տեղական հեղինակություններ եւ օլիգարխներ են ընդգրկված, նկատեց, որ մեծամասնական կարգով ընտրված պատգամավորը «ոչ այնքան կամ ոչ միայն քաղաքական գործունեությամբ է զբաղված լինում, այլեւ ներկայացնում է իր կոնկրետ ընտրատարածքի խնդիրները»: ՀՀԿ-ի քաղաքական ուղեգծի եւ նպատակների վերաբերյալ կարծիք կազմելու համար մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս առաջնորդվել համամասնական ցուցակով: Այս առումով «Առավոտի» դիտարկմանը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում էլ ոչ քաղաքական դեմքեր կան, ասենք՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, պարոն Բաբուխանյանը հակադարձեց. «Ցանկացած ցուցակում, ցանկացած բավականին բարձր, այսպես ասած, կարգավիճակում գտնվող թեկնածուն ինչ-որ մի ասելիք է հասարակությանը: Եվ բնական է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի հայտնվելը ՀՀԿ ցուցակի 15-րդ տեղում որոշակի հաղորդում է հասարակությանը, եւ այդ հաղորդման մեջ հետեւյալ միտքն է՝ Հայաստանը  Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական վիճակում, համարյա պատերազմական կամ սառը պատերազմի մեջ Թուրքիայի հետ, մեր հարավային սահմաններում է լարված իրավիճակ ստեղծվում, որը կարող է հանգեցնել նրան, որ այդ սահմանում հնարավոր է՝ ձեւավորվի մի տարածքային միավոր՝ 90 տոկոս ադրբեջանցիներով բնակեցված: Նաեւ՝ վրաստանյան հետպատերազմյան իրավիճակը կայունացած չէ: Այս ամենը մեզ մտածելու առիթ է տալիս, որ մեր երկրում պետք է երկրապահական ոգին բարձր պահենք: Մոտակա տարիներին խորհրդարանը ստիպված կլինի լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են երկրի անվտանգության հարցերի հետ: Երկրապահների հասարակական շերտը իսկապես գնահատանքի անհրաժեշտություն ունի, քան երբեմն դրսեւորում ենք: Ռազմահայրենասիրական դաստիարակության, զորակոչի, երկրապահ գաղափարի, անձի, հ/կ-ի հետ կապված խնդիրներ ունենք, եւ կարծում եմ՝ գեներալ Մանվելը «ասֆալտի գեներալներից» չէ, որ ինչ-ինչ կարիերային սողոսկումներով ստացավ գեներալի ուսադիրները: Գեներալ Մանվելը պաշտպանել է մեր հայրենիքը՝ ամենածանր շրջաններում: Այո, գեներալի մոտ եղել են խնդիրներ կամ դրսեւորումներ, որոնք ես կամ մեր կուսակցությունը չենք ընկալել, ենթարկել ենք քննադատության, բայց դա երբեք չի նսեմացնում գեներալի ներդրումը մեր համընդհանուր հաղթանակի մեջ: Ես չեմ կարծում, որ նա պատահական մարդ է ՀՀ-ում, չեմ կարծում, որ նա չի զբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ պատերազմի ժամանակ ամենամեծ քաղաքականությունը հենց մարտերն են: Ես ուրախ եմ, որ կայացավ երկխոսություն ՀՀԿ-ի՝ երկրի քաղաքական ավանգարդի եւ ԵԿՄ-ի միջեւ՝ որպես երկրի անվտանգության մաս կազմող ինստիտուտի»:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031