Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունում փաստաթղթերը չե՞ն մուտքագրվում

Մարտ 30,2012 13:03

Զավեշտալի մանրամասներ «հնչակյաններն ընդդեմ հնչակյանների» գործից

Սա փաստաթղթերից մեկն է, որից դժվար է հասկանալ՝ ո՞ւմ կողմից եւ ի՞նչ պատճառով է ներկայացվել պետական մարմնին:

Օրերս ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանը մերժել է ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի բողոքը, որով նա վիճարկում էր պերկուպերկյանական ՍԴՀԿ-ի՝ պետռեգիստրում գրանցվելը: Մերժման փաստաթղթում ներկայացված են նաեւ հիմքերը, որոնք զավեշտալի դրվագներ են պարունակում՝ վկայակոչված փաստաթղթերի հետ համեմատությամբ: ՍԴՀԿ-ում դիմել են օրենքով սահմանված կարգով արդարադատության նախարարությունից ստանալու հնչակյանների գործին առնչվող փաստաթղթերը, որոնք, պարզվում է, ոչ մուտքի, ոչ ելքի համարներ չունեն: Սարգսյանի զարմանքին՝ նախարարության աշխատակից Էմին Աբգարյանն այսպես է արձագանքել. «Նախարարությանը չե՞ք վստահում: Համ էլ՝ մատիտով համարակալված են»: Մինչդեռ ՆԳՆ եւ ԱԱԾ համակարգերում նախկինում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը այսպես է մեկնաբանում սույն փաստը. «Առանց մուտքագրման փաստաթղթերը գործի մեջ կարել են՝ հետագա խարդախությունների համար»:

Երեկ ՍԴՀԿ գրասենյակում «Առավոտին» մի քանի հետաքրքիր համեմատություններ ներկայացրեցին: Նախ՝ 16.12. 2009 ամսաթվով թվագրված՝ Ծաղկաձորում տեղի ունեցած պերկուպերկյանական հնչակյանների 7-րդ համագումարի արձանագրության մեջ նշված է, որ Լյուդմիլա Սարգսյանը եւ Գուրգեն Եղիազարյանը հեռացվում են կուսակցության շարքերից՝ «կուսակցության ղեկավարումն անօրինական ճանապարհով յուրացնելու, կանոնագրային պահանջները» եւ մի շարք կուսակցական կարգապահական նորմեր խախտելու համար: Միաժամանակ, գործի նյութերում կա նաեւ Կոտայքի մարզի «Անի Ռիզորթ» հյուրանոցում տեղի ունեցած պերկուպերկյանական ՍԴՀԿ համագումարի քաղվածք՝ 21.01.2012 թվագրությամբ թիվ 8 փաստաթղթից: Համագումարը հաստատում է օրակարգ: Քաղվածքում նշված է, որ իր հաշվետու զեկույցում ընկեր Գեւորգ Պերկուպերկյանը ներկայացնում է կուսակցության երկու տարվա աշխատանքները՝ քաղաքական հանդիպումներ, հոբելյանական միջոցառումներ, սեմինարներ, գիտաժողովներ եւ այլն: Այնուհետեւ համագումարն ընդունում է կուսակցության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, որից հետո համագումարը նորից է օրակարգ հաստատում՝ կուսակցության ատենապետի եւ փոխատենապետի ընտրությունների հարցով: Ըստ քաղվածքի՝ այդ հարցի շուրջ ելույթ են ունենում վարչության բոլոր անդամները, մինչդեռ սարգսյանական ՍԴՀԿ-ում պնդում են, որ վարչության անդամի ցուցմունք ունեն, որ նման համագումար եւ ելույթներ չեն եղել: Ամենազավեշտալին, սակայն, այն է, որ, ըստ քաղվածքի՝ վարչության անդամները նշում են, որ՝ «ատենապետ Լյուդմիլա Հարությունյանը (քաղվածքում, չգիտես ինչու, ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դարձել է Լյուդմիլա Հարությունյան- Ն. Գ.) մի քանի անգամ թույլ է տվել կուսակցության ծրագրային դրույթներին հակասող գործողություններ, որոնք կրում են շարունակական բնույթ, ուստի անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել նրա՝ որպես կուսակցության ատենապետի լիազորությունները», մինչդեռ վերոնշյալ 7-րդ համագումարում՝ արդեն երեք տարի առաջ, Սարգսյանին հեռացրել էին՝ Եղիազարյանի հետ մեկտեղ: Այդ համագումարում էլ իբր ՍԴՀԿ ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: Նկատենք, որ ատենապետին, ըստ կանոնադրության, ընտրում է վարչությունը, ոչ թե համագումարը: «Թույլ տվեք ասել, որ կամ առաջին համագումարն է կեղծիք, կամ երկրորդը: Առաջին համագումարում եթե մարդը հեռացվել է, ինչպե՞ս կարելի է երկրորդում փաստել՝ «կուսակցության ատենապետ Լյուդմիլան…»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը՝ վկայակոչելով նաեւ քաղվածքի առաջին էջում արձանագրված Լյուդմիլա Սարգսյան ատենապետի օրոք կատարված գործերը. «Այնքան են շտապել գրանցել Պերկուպերկյանին, որ նույնիսկ չեն էլ կարդացել, թե ինչ արձանագրություններ են իրենց ներկայացված: 2009-ի եւ 2012-ի արձանագրություններին կնախանձեին նույնիսկ երգիծանքի հայրերը: Զոշենկոն երբեք նման ծիծաղելի, սարկազմային իրավիճակ չի նկարագրել իր գործերում: Արդարադատության նախարարության տեսչության պետը կամ իրավաբան չէ, կամ էլ կույր է: Լյուդմիլա Սարգսյանին ինչպե՞ս են երկու անգամ հեռացնում՝ երեք տարի ինտերվալով»: Գործի մեջ կան նաեւ փաստաթղթեր, որոնք անհասկանալի է, թե ինչի համար, ում եւ ում կողմից են ներկայացվել: Այս ամբողջը ՍԴՀԿ-ում որակում են «հոգեկան անհավասարակշիռ» վիճակում գտնվող անձանց գործողություններ ու զարմանում են ոչ այնքան իրենց ընդդիմախոսների վրա, որոնք «ամեն կեղծիքի գնով» փորձում են կասեցնել ՍԴՀԿ-ի նորմալ գործունեությունը, որքան արդարադատության նախարարության՝ նրանց մեկնած ձեռքի վրա: «Ակնհայտ կեղծ, հապշտապ, անգրագետ փաստաթղթերը ներկայացվել են՝ հերիք չէ, «արդարադատության» նախարարությունն էլ դրանք ընդունել է՝ առանց համարակալելու, մուտք անելու, որովհետեւ աչքները փակ՝ Սերժ Սարգսյանի պատվերն են կատարում՝ փակել մեր կուսակցությունը երկու բանի համար՝ որ սպանությունների փաստերն ենք նշել՝ սկսած «հոկտեմբերի 27-ից», եւ որ ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի՝ դիմել ենք սփյուռքահայությանը»,- գտնում են ՍԴՀԿ-ում: Իսկ արդարադատության նախարարին խորհուրդ են տալիս՝ մարդկանց աշխատանքի ընդունելիս, հատկապես նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ նշանակելիս, գոնե տվյալ անձի գրագիտության աստիճանն էլ հաշվի առնել:

Այդ փաստաթղթերում զավեշտալի դեպքերը բազմաթիվ են, եւ սարգսյանական ՍԴՀԿ-ում չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել: Նրանք վիճարկելու են ՀՀ արդարադատության նախարարության «խամաճիկային» գործողությունները՝ ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ: Այլ զավեշտների մասին ՍԴՀԿ-ում առայժմ չեն բարձրաձայնում՝ նախարարությանը փոփոխություններ կատարելու հնարավորություն չտալու համար:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031