Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատ ենք, բայց լավատես

Մարտ 30,2012 12:46

Վերջապես կառավարությունն իր արտագնա նիստում զբաղվեց իմ հարցով: Դե, ոչ թե անձամբ իմ, այլ մեր՝ Կոտայքի մարզի բնակիչներիս: Հավանաբար, վարչապետը համագործակցում է ինչ-որ սոցիոլոգիական ընկերության հետ (որի անունը երբեւէ չի բացահայտում) եւ դրա միջոցով իմանում է, թե ինչ ենք մենք՝ քաղաքացիներս, մտածում այս կյանքի մասին: Օրինակ՝ պարզվեց, որ չնայած Կոտայքի մարզում են Գառնի-Գեղարդն ու Ծաղկաձորը, զբոսաշրջության զարգացումը մեզ առանձնապես չի հետաքրքրում: Եվ ինչպե՞ս հետաքրքրի, եթե գները Ծաղկաձորի եւ Աղվերանի ոչ այնքան բարձրակարգ «օբյեկտներում» նույնն են, ինչ որ Եվրոպայի 5 աստղանի հյուրանոցներում: Փոխարենը մեզ հետաքրքրում են աշխատատեղերի եւ ճանապարհների խնդիրները: Որպես մարդ, որն օրը առնվազն 4 անգամ անցնում է Եղվարդի խճուղով, հաստատում եմ վերջին պնդումը: Դավիթաշենի թաղապետը, որը ցանկանում է պատգամավոր դառնալ, լցրել է փոսերը ուղիղ մինչեւ Երեւանի սահմանը, դրանից հետո առայժմ ոչ մի բարեգործ չի բացահայտվել: Այդ խճուղին, ի դեպ, ամենեւին միջգյուղական ճանապարհ չէ, բայց եթե այսպես շարունակվի, միջգյուղականից բեթար կդառնա:

Վարչապետն իր խոսքում անդրադարձել է ինքնանույնացման խնդրին՝ նշելով, որ «կոտայքցի» հասկացություն գոյություն չունի, ինչպես որ կա «լոռեցի» կամ «սյունեցի» ընդհանրականությունը: Պարոն Սարգսյանը դա բացատրում է նրանով, որ մարզի քաղաքներն իրարից հեռու են ու շատ տարբեր: Չգիտեմ, թե որքանով է նման բացատրությունը ճիշտ, բայց տեղայնական ինքնանույնացման բացակայությունը որպես բացասական գործոն հիշատակելը, իմ կարծիքով, սխալ է: Օրինակ՝ իմ նախնիների մեծ մասի արմատները Ղարաբաղից են, բայց դա ինձ համար ոչ ամաչելու, ոչ էլ պարծենալու աղբյուր է՝ պապեր են, Հայաստանի ինչ-որ մի գավառում պիտի ծնվեին: «Աշխարհագրական» նույնականացման միայն երկու նորմալ ձեւ կա՝ ազգությունը եւ քաղաքացիությունը. ես հայ եմ ու ես ՀՀ քաղաքացի եմ, եւ այդ երկու հանգամանքով էլ, անկախ ամեն ինչից, հպարտանում եմ: Մնացած բոլոր տեղայնական խմբավորումները շեշտելը մեզ միայն խանգարում է՝ ստեղծելով մեր միջեւ անիմաստ եւ անհասկանալի «բաժանարար գծեր»:

Կառավարության անցկացրած հարցման մեջ կան, իհարկե, նաեւ զավեշտական դրվագներ: Օրինակ, նշվում է, որ՝ չնայած այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական ցուցանիշները բարվոք չեն (ուրեմն, ասենք, Շիրակի մարզում ավելի՞ բարվոք են), «մարզն ամենալավատեսն է, այսինքն՝ քաղաքացիները ապագայի նկատմամբ տրամադրված են լավատեսությամբ» (վարչապետի խոսքը մեջբերում եմ ըստ gov.am-ի): Ինչ խոսք, հաճելի է ապրել լավատես մարդկանց շրջապատում: Սակայն կառավարության ղեկավարը, ցավոք, չպարզաբանեց, թե որն է այդ «մարզային» լավատեսության աղբյուրը: Ըստ երեւությին, պատճառն այն է, որ մեր մարզպետը Կովալն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կոտայքի մարզի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031