«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ական մարզպետերն իրար հետեւից արձակուրդ մեկնելու մասին դիմումներ են ներկայացնում։ Նույն քայլին են դիմում նաեւ ԲՀԿ-ական երկու մարզպետերը, քանի որ նրանք էլ ընդգրկված են իրենց կուսակցության՝ ԲՀԿ ցուցակում եւ հիմա համարվում են թեկնածու։ Երեկ արդեն արձակուրդ մեկնելու դիմում էր ներկայացրել նաեւ Արագածուոնի մարզպետ Սարգիս Սահակյանը։ Մեր հարցին՝ իր բացակայության հետեւանքով հնարավո՞ր է՝ պետական գործերը տուժեն, Սահակյանը նշեց. «Եթե գնում եմ արձակուրդ, հո չե՞մ մեկնելու Ֆրանսիա։ Ես նորից գնալու եմ աշխատելու, ինչ–որ խնդիրներ լինեն, հարց էլ լինի՝ նորից աշխատելու եմ»։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս ասաց, թե արձակուրդի ժամանակ իրեն փոխարինելու է փոխմարզպետ Արսեն Դարբինյանը։ «Բնականաբար, նա քարոզչությամբ չի զբաղվի, քարոզչությամբ կզբաղվի միայն օրենքի սահմաններում, երբ աշխատանքային ժամ չի լինի»,- պարզաբանեց մարզպետը։
Նկատենք նաեւ, որ ՀՀԿ-ն իր կուսակից պաշտոնյաներին ամենեւին էլ պատգամավոր դարձնելու համար չի ընդգրկել համամասնական ցուցակում։ Նպատակը մեկն է. իրենց անուններով ոգեւորել մանր ու մեծ չինովնիկներին, որպեսզի ձայներ բերեն ՀՀԿ-ին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ օրենքի տեսանկյունից այդ պաշտոնյաները պարտավոր են արձակուրդ մեկնել, սակայն. «Քաղաքական առումով սա ուղղակի վանդալիզմ է։ Քանի որ ողջ պետական պաշտոնյաների համակարգն այսօր կուսակցականացված է, այդ դեպքում աբսուրդի է վերածվում քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոնների բաժանման սկզբունքը»։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»