Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը շատ է բաց թողել գլորվող անիվը

Մարտ 30,2012 11:20

Հայ ազգային կոնգրեսն այսօր իր հերթական հանրահավաքն է անցկացնում, որը ըստ էության կարելի է համարել նախընտրական քարոզարշավի դե ֆակտո մեկնարկը: Սակայն այդ մեկնարկը տրվում է մի ժամանակահատվածում, երբ բավական տհաճ հարաբերություններ են առկա ընդդիմադիր դաշտում գործող երկու ուժերի՝ Կոնգրեսի եւ Ժառանգության միջեւ, այն էլ այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտին զգալի մարտահրավերներ են նետվում խայտառակ ընտրական ցուցակների եւ նաեւ իշխանության բացարձակ մեծամասնական հավակնությունների տեսքով:

Հանրապետական կուսակցության խոսնակները այսօր բացահայտ հայտարարում են, որ համամասնական ընտրակարգում ակնկալում են 37-40 տոկոս ձայն, եւ եթե սրան գումարենք նաեւ մեծամասնական ընտրատարածքներում ՀՀԿ-ական մոտ առնվազն երկու տասնյակ թեկնածուների՝ օլիգարխների եւ թաղային հեղինակությունների հավանական հաղթանակը, ապա պարզ է դառնում, որ Հանրապետականն առաջիկա խորհրդարանում հավակնում է ճնշող մեծամասնության:
Եվ ահա այս պայմաններում երկու ընդդիմադիր ուժերի փոխադարձ հայհոյանքներն ու մեղադրանքները, ըստ էության, առոչինչ են դարձնում ընդդիմադիր դաշտում կատարվող որեւէ այլ բան` լինի դա հանրահավաք, որեւէ այլ ակցիա, թե հայտարարություն կամ հռչակագիր: Ընդդիմությունն այսօր մասնատված է, մինչդեռ հենց այսօր այն պետք է լիներ համակարգված ինչպես երբեք, օգտվելու համար այն լուրջ մրցակցությունից, որ իշխանության ներսում է առկա տարբեր խմբերի միջեւ: Այն, որ Հանրապետականը այսօր ձգտում է բացարձակ մեծամասնության եւ չի թաքցնում իր այդ հավակնությունները, իրականում է՛լ ավելի է սրում իշխանության ներսում առկա իրավիճակը, մրցակցությունն ու շահերի բախումը: Սակայն ընդդիմությունը չի կարողանում օգտագործել այդ իրավիճակը ի շահ իրեն, որովհետեւ զբաղված է ներընդդիմադիր «ռազբորկաներով»: Ավելին` թերեւս հենց այդ ամենն է Հանրապետականին հիմք տալիս բացահայտորեն եւ առանց անհարմար զգալու հայտարարել, որ հասարակությունը ձայն կտա ՀՀԿ-ին, եւ հնարավոր կլինի այդ բացարձակ մեծամասնությունն ապահովել: Եվ որքան շարունակվում է ընդդիմադիր ուժերի միջեւ անիմաստ լեզվակռիվը, այդքան ավելանում են Հանրապետականի հավակնությունները:

Ի՞նչ է մտածում այս ամենին հետեւող հասարակությունը: Իսկ որեւէ մեկը մտածո՞ւմ է արդյոք, թե ինչ է մտածում հասարակությունը: Հազիվ թե: Բոլորը միայն խոսում են հասարակության անունից, իրականում չմտածելով հասարակության մասին: Այլապես նախընտրական քարոզարշավի մեկնարկից մոտ մեկ շաբաթ առաջ մենք չէինք ունենա այն պատկերը, ինչ կա այժմ: Դեռ ժամանակ կա այդ պատկերը փոխելու համար, եւ այն փոխելու բանալին ընդդիմադիր ուժերի ձեռքում է: Եվ այսօր, թերեւս, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ամենակարեւոր մեսիջը կամ ամենասպասվող մեսիջը լինելու է հենց այդ՝ պատրա՞ստ է արդյոք Կոնգրեսը անել իրավիճակը փոխելու հարցում իրենից հասանելիքը:

Հանրությանն իրենց հստակ եւ անշրջելի մեսիջները պետք է հաղորդեն նաեւ Ժառանգությունն ու Դաշնակցությունը, որոնք եւս հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից: Սակայն միարժեք է մի բան. ընդդիմադիր դաշտը իսկապես շատ ժամանակ է բաց թողել, եւ այսօր անգամ ամենահամարժեք մեսիջների պարագայում, թերեւս, ժամանակը չի բավականացնելու նրանցից որեւէ մեկին այնպիսի հասարակական մոբիլիզացիա ապահովել, որ հնարավոր լինի դիմագրավել իշխանական մեքենային, որն արդեն թափ է հավաքել եւ գլորվում է դեպի վերարտադրություն: Այժմ արդեն ընդդիմադիր ուժերն այն կանգնեցնելու այլ ելք չունեն, քան միավորումը որեւէ ֆորմատով եւ որեւէ հրատապ նպատակի շուրջ:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031