Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ավելի շատ փող ունի, քան ամբողջ մարզպետարանը

Մարտ 30,2012 11:06

Կառավարության երեկվա նիստը տեղի ունեցավ Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համալիրում։ Սա Հայաստանի ամենաթանկ ու ամենաճոխ համալիրներից է։ Ով վճարեց, որքան վճարեց եւ ինչու վճարեց այդ նիստի համար։ Այս հարցը հասարակ հարց չէ։ Կառավարության նիստը մի 20 նախարարի հավաքույթ չէ, որ հավաքվեն, մի քիչ զրուցեն, մի քանի փաստաթուղթ ստորագրեն, մի-մի գավաթ սուրճ խմեն ու ցրվեն։ Դա մասշտաբային միջոցառում է։ Նիստին մասնակցում են կառավարության անդամները, նրանց տեղակալները, առընթեր գերատեսչությունների ղեկավարները, մի քանի տասնյակ օգնական-խորհրդականներ, վարորդներ, «ախրաննիկներ»… Որպեսզի պարզ դառնա, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը, նշենք, որ համալիրի ռեստորանը, աշխատակիցների վկայությամբ, տեղավորում է մոտ 150 հաճախորդի։ Նիստից հետո այդ մեծ դահլիճը լեփ-լեցուն էր։ Բացի այդ, լեփ-լեցուն էր նաեւ 3-րդ հարկի ոչ պակաս մեծության սրահը։ Մատուցվում էին ճոխ ուտեստներ, որոնք հարիր են, թերեւս, կիսաօլիգարխիկ հարսանիքի։ Ու այնպես չէ, որ որեւէ մեկը սոված հեռացավ. կերուխումից հետո սեղանները գրեթե նույնքան լիքն էին, որքան կերուխումի սկզբում։ Եվ ուրեմն՝ ամփոփենք, նախ տեղի ունեցավ նիստ, որի համար վարձվել էր համալիրի «կոնֆերանս-զալը», հետո՝ ճոխ կերուխում։ Դժվար է կոնկրետ ասել, թե ինչ արժեցավ այդ «կառավարության նիստը», բայց որ մի քանի տասնյակ հազար դոլար կարժենա՝ հաստատ է։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Անանյանին երեկ գրավոր հարց ենք ուղղել այս նիստի ֆինանսավորման ւսղբյուրների եւ ծավալների վերաբերյալ, ու պատասխանը հավանաբար կստանանք այսօր։ Բայց երեկ նիստից հետո այդ նույն հարցը ուղղեցինք Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին։

– Պարոն Շահգալդյան, ո՞վ հոգաց այս նիստի ծախսը, մարզպետարա՞նը։

Մարզպետարանին որտեղի՞ց էդքան փող։

– Բա ինչո՞ւ մարզպետարանում չարվեց նիստը, լավ էլ դահլիճ կա շենքում։

Ինչի՞, որպեսզի գովազդվեր էս հաստատությունը, կառավարության անդամներին ի ցույց դնեինք, որ մենք մարզում ունենք նաեւ այսպիսի օջախներ։

– Եթե դուք էիք ի ցույց դնում, ուրեմն՝ դուք էլ պետք է վճարեիք, չէ՞։

Բա ես եմ վճարել, բա դու գիտես՝ ո՞վ ա վճարել։

Ստացվում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ավելի շատ փող ունի, քան ամբողջ մարզպետարանը։ Ու եթե այդքան փող ունի, ուրեմն՝ շատ տեղին է նրա հարցը. «Մարզպետարանին որտեղի՞ց էդքան փող»:

Ինչեւէ, կառավարության երեկվա նիստի օրակարգի կարմիր թելը Կոտայքի «սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ» մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությունն էր։ Դե, արտառոց բան չկար՝ սովորական սովետական հաշվետվություն էր աճերի մասին։ Չնայած այդ աճերին՝ մի քիչ լրացուցիչ փող ուզեցին կառավարությունից. մի քիչ հարկային արտոնություններ եւ այլն։ Բայց վարչապետի եզրակացություններն ուղղակի ցնցող էին։ Պարզվում է, որ Կոտայքի մարզում ինչ-որ հարցումներ են անցկացվել, եւ գիտե՞ք՝ ինչ է պարզվել։ Պարզվել է, որ մարզում թիվ 1 խնդիրը գործազրկությունն է, աղքատությունն է եւ այլն։ Իսկ գիտե՞ք ինչու։ «Կոտայքի մարզը միակն է, որը չունի արտաքին սահմաններ, եւ դա նաեւ ազդում է մեր քաղաքացիների սպասումների վրա»,- երեկ ասաց վարչապետը։ Պահո՛։ Ասենք, Արագածոտնի մարզը մի 40 կմ սահման ունի Թուրքիայի հետ, ու դա մի անդառնալի ազդեցություն է ունենում Արագածոտնի բնակիչների վրա։ Օրինակ, ապարանցիները ամեն առավոտ արթնանում են գիտակցելով, որ իրենց մարզն ընդհանուր սահման ունի Թուրքիայի հետ, ու դա ազդում է նրանց սպասումների, հոգեկերտվածքի, առողջության վրա։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031