Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի կարծիքով, իր էլեկտրոնային փոստն ու հեռախոսը գտնվում են վերահսկողության տակ, քանի որ լրագրողներն անսպասելիորեն հայտնվում են այն վայրերում, որտեղ ինքը հանդիպումներ է ունենում:
Դեսպան Մայքլ Մըքֆոլը հինգշաբթի օրը «Twitter»-ի իր էջում գրել է, թե հարգանքով է վերաբերվում մամուլի ամենուրեք ներկա լինելու և հարցեր տալու իրավունքին: Սակայն դեսպանը հարցադրում է կատարել այն մասին, թե արդյոք լրատվամիջոցներն ունեն իր էլեկտրոնային փոստը կարդալու և հեռախոսային զրույցները գաղտնալսելու իրավունքը:
«Երբ «լրագրողներին» հարցրեցի, թե ինչպես են տեղեկացել իմ օրակարգի մասին, պատասխան չստացա», – նշել է դեսպանը:
«Twitter»-ում հրապարակված հաղորդագրություններից մեկում դեսպան Մըքֆոլը հետաքրքրվել է, թե ով է տրամադրում տեղեկություններն իր օրակարգի մասին ռուսական «Էն-Տե-Վե» հեռուստաընկերությանը՝ ասելով, որ այս հեռուստաընկերության լրագրողները ներկա են գտնվում իր այցելած «բոլոր վայրերում»:
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգների արտգործնախարարության փոխխոսնակ Մարկ Թոները համոզմունք է հայտնել, որ դեսպանի հաղորդագրություններն ուղղված չեն Ռուսաստանի կառավարության, լրագրողների կամ լրատվամիջոցների դեմ:
Թոներն ասել է, թե «դեսպանը պարզապես հռետորական հարցադրում է արել՝ մեկնաբանելով այն փաստը, որ Մոսկվա կատարվող իր այցելությունների ժամանակ նրան միշտ հետևում են մեծ թվով լրագրողներ»:
Ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Թոների, որոշ լրագրողներ բավականին թշնամաբար են տրամադրված լինում, և դեսպանին չի կարող չհետաքրքրել այն հանգամանքը, թե ինչպես են նրանք տեղեկանում իր օրակարգի մասին:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»