Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիասյանին մերժել են, իսկ Մադաթյանն ինքնաբացա՞րկ է հայտնել

Մարտ 29,2012 23:20


Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական թեկնածուների ցանկը շարունակում է սրբագրվել: Aravot.am-ը ԿԸՀ պաշտոնական կայքում մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների գրանցումներին վերաբերող տեղեկանքից մի քանի հարաբերականորեն թարմ փաստեր հայտնաբերեց:

Նախ՝ պարզեցինք, որ Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում գրանցման հայտ ներկայացրած 4 թեկնածուներից երկուսը՝ ինքնաառաջադրված անկուսակցականները ինքնաբացարկ են հայտնել, ու այդ ընտրատարածքում ընտրապայքարը շարունակելու են ՀԱԿ-ից առաջադրված Վլադիմիր Կարապետյանն ու ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:

Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտնել երկու ԲՀԿ-ականներից մեկը՝ ինքնաառաջադրված Ալեքսանդր Հակոբյանը:

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտնել «Ժառանգության» թեկնածուն՝ Գառնիկ Մարգարյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ առաջադրումից անմիջապես հետո, ինքնաբացարկ էր հայտնել նաեւ «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչ՝ թիվ 20 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ռոբերտ Շահբազյանը: Այսպիսով, այս պահի դրությամբ «Ժառանգությունը» մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ ունի միայն 6 ընտրատարածքում:

Թիվ 22 ընտրատարածքում էլ ինքնաբացարկ է հայտնել ՀԱԿ-ի թեկնածու ՀՀԿ-ական Վահագն Հակոբյանը, որից հարկ է եզրակացնել, որ Կոնգրեսն այլեւս ոչ թե 38, այլ 37 մեծամասնական ընտրակարգով թեկնածու ունի:

Վայոց Ձորի թիվ 39 ընտրատարածքում ինքնաբացարկ է հայտնել ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Բաբայանը:

Բայց ամենաուշագրավն այն է, որ Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Խաչատուր Սուքիասյանի անվան դիմաց նշված է՝ «մերժված է», իսկ ահա եւ Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների թիվ 11-ում՝ Էդուարդ Մադաթյանի անվան դիմաց նշում կա, թե նա ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ այս երկու թեկնածուներին էլ նույնատիպ խնդիրների առաջ կանգնեցին, երբ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը վերանայեց իր որոշումն ու հրաժարվեց նրանց գրանցման համար անհրաժեշտ՝ վերջին 5 տարում ՀՀ-ում մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք տալ:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031