Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը մտահոգված է. «Որոշակի դռներ հաստատ փակ կլինեն իմ եւ իմ ընտանիքի առաջ» (Տեսանյութ)

Մարտ 29,2012 23:31

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Պարզվում է՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր զեկույցը հրապարակելուց հետո լուրջ անհանգստություններ ունի:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ սպառնալիքներ, զանգեր ստանո՞ւմ եք «վերին օղակներից»՝ նա պատասխանեց. «Չէի ասի վերին, որովհետեւ իմ համար վերին օղակ այս պահին գոյություն չունի: Կան մարդիկ, որոնց իմ գնահատականները բնականաբար դուր չի գալիս, որոնք իսկապես ունեն որոշակի ուժ, ազդեցություն: Երբ դու բոլոր մարմինների մասին ասում ես բացասական երեւույթներ, դու ձեռք ես բերում եթե ոչ անձնական թշնամիներ, ապա լուրջ  հակառակորդներ: Ինձ համար ամենացավալին եւ վիրավորականն այն է, որ փոխանակ հասարակությունը մտածի ինչպես լուրջ հասարակական աջակցություն տալ պաշտպանին, որպեսզի ավելի հանգիստ բարձրացնի խնդիրները հաջորդ տարի՝ մտածում են ինչպես վարկաբեկեն պաշտպանի զեկույցը, որ այդ նախարարությունները ոնց շարունակում էին իրենց խնդիրներն ունենալ, այդպես էլ պահեն»:

Հայտնի է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր բուռն արձագանքել օմբուդսմենի քննադատություններին՝ ասելով, որ դրանք ոչ մասնագիտական են: Մենք ճշտեցինք, որ,  այնուամենայնիվ, պարոն Աշոտյանից Անդրեասյանը սպառնալիքներ ու զանգեր չի ստացել, ինչ եղել է, եղել է հրապարակային. «Պարոն Աշոտյանն ինձ երբեք չի սպառնացել, որեւէ խնդիր նրա հետ չկա: Կան հրապարակային գնահատականներ, որոնք ես հաշվի եմ առնում, ինչպես  այլ մարդկանց հրապարակային գնահատականները: Միեւնույն ժամանակ ասեմ՝ խնդիրները անձերի, սպառնալիքների մեջ չեն: Այո, վտանգելով որոշակի մարդկային հարցեր, ընտանեկան հարցեր, դու փորձում ես դուրս բերել պրոբլեմները, որոնք կան տարբեր մարմինների, գերատեսչությունների ոլորտներում»: Մեր հարցին այսինքն հիմա վտանգել եք ձեր ընտանի՞քը՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ հիմա լուրջ սպառնալիքներ ունեմ, բայց մենք ապրում ենք հասարակությունում, մարդկային հիշողությունն այսպիսին է՝ դու ինձ ասեցիր վատը, ուրեմն դու այլեւս լավը չես : Եվ այդ  սկզբունքով Հայաստանում շատ մարդիկ են առաջնորդվում: Ես չեմ կարող ասել, որ բոլոր դռները փակվել են իմ առաջ, բայց բնական է, որ այդքան քննադատությունից հետո որոշակի դռներ հաստատ փակ կլինեն եւ իմ, եւ իմ ընտանիքի առաջ: Բայց մենք ապրում ենք, այնպիսի պայմաններում, որ ես կարող եմ դա ինձ թույլ տալ, ես իմացել եմ՝ ինչ աշխատանքի եմ ես գնում»:

Քանի որ ՄԻՊ-ին համարում են կառավարության քարոզչության շղարշը, մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ զեկույցը հրապարակելուց առաջ ՀՀ նախագահի կամ որեւէ մեկի «դաբրոն» չե՞ք ստանում՝ Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Որեւէ մեկի դաբրոն չեմ ստանում, չեմ ստացել: Դաբրոյով աշխատելը հեշտ կլիներ, բայց ես ասում եմ, որ իմ  աշխատանքը դժվար է: Ես ասում եմ այն, ինչին անկեղծ հավատում եմ: Եթե իմ ասածների մեջ էլ որոշ պրոֆեսիոնալ բացթողումներ կարող է լինի կամ չհասցնեմ ասել՝ դա կարող է լինել իմ անձնական որոշումը: Օրինակ, մեր բանակի ոլորտում չկա խնդիր, որը չեմ բարձրացրել, բայց միեւնույն ժամանակ աշխատել եմ կոռեկտ գտնվել իմ գնահատականների եւ ձեւակերպումների մեջ, որովհետեւ ՄԻՊ-ի զեկույցն ավելի արագ սպառվում է Ադրբեջանում եւ այլ երկրներում, քան Հայաստանում:՚ Այսինքն, ազգային անվտանգության, պետական արժեքների պաշտպանության իմաստով ես ոչ թե կեղծում եմ իրականությունը, այլ իմ գնահատականներում ավելի զուսպ եմ: Միեւնույն ժամանակ իմ ներքին համոզմամբ է, որ  դա այդպես է, այլ ոչ թե ինչ-որ մեկի վախեցնելով կամ դաբրոյով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031