Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար հղի կինը ամենագեղեցիկն է, իսկ Գյումրիում ուր գնաս, ամեն փողոցում հղիներ են»

Մարտ 29,2012 21:42

Այսօր Եվրամիության անդամ երկրների 18  ներկայացուցիչներին Գյումրին այսպիսի վառ գույներով ներկայացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ, հանրապետական Սահակ Մինասյանը:

Եվրոպացիները եկել էին Գյումրի` ծանոթանալու  հայ երիտասարդների հիմնախնդիրներին, հասկանալու, թե ինչպես կարելի է  համագործակցել ու դրանց համար լուծումներ գտնել, մինչդեռ մարզպետարանի պաշտոնյան այնպես նկարագրեց  ավերակ Գյումրին, որ թվաց,  թե այն աշխարհի ամենադրախտային վայրն է: «Շիրակը Հյուսիսային Հայաստանն է, ես կասեի մտավորական ու մշակութային Հայաստանը, 1-ին անգամ «Անուշ» օպերան բեմադրվել է այս քաղաքում: Աշխարհին հայտնի Երևանի պետական  համալսարանը ծնվել է  Գյումրիում, առաջին համալսարանը հենց այստեղ է բացվել: Բավարարվենք այս երկու փաստով, այս մարզը հայտնի է նաև որպես հումորի ու մեծախոսների  մարզ, չասեն թե մեծախոսությամբ եմ զբաղվում», -իր խոսքը նման նախաբանով սկսեց  կրթության վարչության պետը:

Իսկ երբ եվրոպացի երիտասարդները հարցեր ուղղեցին,  օրինակ հետաքրքվեցին, թե ինչքա՞ն երիտասարդ կա մարզում, ինչու՞ տղաները չեն զբաղվում հասարակական գործունեությամբ, վարչության պետը, մեկ անգամ ևս զննելով, որ շուրջբոլորը եվրոպացիներ են,  մի հնարամիտ պատասխան հնչեցրեց. «Գիտեք, Գյումրին երիտասարդների քաղաք է, երիտասարդներից  ովքեր դուրս են գնում, հերթով վերադառնում են, իսկ քաղաքում միշտ նոր մարդիկ են ծնվում. ինձ համար հղի կինը ամենագեղեցիկն է, իսկ Գյումրիում ուր գնաս, ամենուր, ամեն փողոցում հղիներ են»:

Հիշեցնենք, որ Գյումրին դատարկվելու վտանգի տակ է.  արտագաղթի ու ծնելիության նվազման ամենաբարձր ցուցանիշներն են այստեղ գրանցված, Շիրակը պաշտոնապես ճանաչվել է հանրապետության ամենաղքատ մարզը:  Ի դեպ պարոն Միասյանը, նկատելով  իրադարձությանը մասնակցող լրագրողների  թերահավատ ու զարմացած հայացքները` խորհրդավոր ժպտաց ու հեռացավ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031