ՀՀԿ-ի ներկայացուցիչները վերջին շրջանում կանխատեսում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց հարազատ կուսակցությունը նոր գումարման ԱԺ-ում էլի մեծամասնություն է կազմելու եւ միայն համամասնական ընտրակարգով 37- 40 տոկոս վստահության քվե է ստանալու: Համանման կանխատեսմամբ հանդես է եկել նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում, ասելով, թե «հաշվի առնելով նաեւ այն, որ դեռ չի սկսվել քարոզարշավը եւ մենք շատ բան ունենք ասելու եւ ներկայացնելու մեր հասարակությանը, ապա եթե հինգ տարի առաջ մենք հավաքել ենք 33,8%, ապա հիմա շատ իրատեսական է հավաքել 37-40%»:
Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ի այս հավակնություններին, «Ժառանգություն» կուսակցության եւ «Ազատ դեմոկրատների» համատեղ նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «ՀՀԿ-ի գնահատականը, իհարկե, չափազանցված է: Հավանաբար իրենք հենվել են այն սոցիոլոգների հայտարարությունների վրա, որոնց հենց իրենք էլ պատվիրում են նման թվեր հրապարակել: Կարծում եմ, դա իրականությունից կտրված թիվ է, բայց բոլոր դեպքերում մենք առաջիկա ընտրապայքարում բոլորին էլ հաջողություններ ենք մաղթում»:
«Ժառանգության» նախընտրական շտաբի խոսնակը, անդրադառնալով ՀՀԿ-ի ակնկալիքների առնչություններին՝ առաջիկա ընտրություններում հնարավոր կեղծիքներ իրականացնելու մասշտաբների ու նաեւ ուռճացված ընտրացուցակի հետ, ասաց, թե չի կարծում, որ եթե անգամ կեղծելու մտադրություն որեւէ մեկն ունի, դա այս անգամ հաջողելու է, որովհետեւ «առնվազն այն, որ «Ժառանգությունը» բոլոր ընտրական տեղամասերում ունի ներկայացուցիչներ՝ կանխարգելիչ դեր է խաղալու նման կեղծիքներ թույլ չտալու համար»: Ինչ վերաբերում է ընտրացուցակների հետ առնչվող կեղծարարության մեխանիզմները բացահայտելու ընդդիմության հնարավորությանը, ապա Խուրշուդյանի մատուցմամբ՝ «Ժառանգությունը», այո, պատկերացում ունի այդ հնարավոր մեխանիզմների կիրառման մասին. «Վստահ եմ, որ եթե նման փորձեր արվեն՝ մենք անպայման կբացահայտենք, կարձանագրենք եւ կհրապարակենք»:
Հովսեփ Խուրշուդյանին խնդրեցինք նաեւ սեփական կանխատեսումն անել նոր գումարման ԱԺ-ում «Ժառանգության» եւ հնարավոր այլ ուժերի ներկայացվածության վերաբերյալ: Այս առնչությամբ վերջինս ասաց, որ եթե առաջիկա ընտրություններն իսկապես ազատ ու արդար անցկացվեն, ապա «Ժառանգությունը» մարզերում առնվազն 25 տոկոս քվե կհավաքի, իսկ Երեւանում՝ կհաղթի, ինչպես դա եղել է 2007 թվականի ընտրությունների ժամանակ: Մնացած ուժերի մասին՝ նախընտրական շտաբի խոսնակը համեստորեն լռեց:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ