Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը զգուշացնում է «հետեւանքների» մասին

Մարտ 29,2012 20:40

Այսօր ՀՀ ոստիկանությունը տարածել է հետեւյալ հայտարարություն-նախազգուշացումը. «ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին, ժամը 13.ՕՕ-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում և աոաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ կայացված վարչական ակտը կարող է վիճարկվել միայն դատական կարգով: Այլ անձանց սահմանադրական իրավունքները սահմանափակող, այդ թվում՝ սեփականության իրավունքի իրացմանը խոչընդոտող և հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանը սպառնացող ցանկացած գործողություն դիտվելու է որպես սահմանված կարգի խախտում և օրենքով ամրագրված հիմքերի առկայության դեպքում կհանգեցնի հարկադրանքի կիրառման: Ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում և պահանջում է զերծ մնալ հակաիրավական գործողություններ   կատարելուց, սադրանքներից և իրավիճակի անհարկի սրումից: Ի դեպ, այսօր ոստիկանության ծառայողները Մաշտոցի պուրակի ակտիվիստներին զգուշացրել են իրենց հնարավոր գործողությունների հակաիրավական բնույթի և դրանից բխող հետևանքների մասին»:

Նկատենք, որ այս հայտարարությանը նախորդել էր բնապահպան ակտիվիստների հետեւյալ հայտարարությունը.

«Հետևելով և անմիջական մասնակիցը լինելով Մաշտոցի պուրակում վերջին ամիսների ընթացքում ծավալված իրադարձություններին՝ փաստում ենք, որ.

– Մաշտոցի պուրակի ձևափոխման և բարեկարգման հարցը վերջին ամիսներին հասարակության մեջ մեծ հնչեղություն է ստացել և քաղաքացիների, ինչպես նաև մասնագետների կողմից բազմաթիվ առաջարկություններ են հնչել` այդ հանրային զբոսայգու բարեկարգման և նպատակային օգտագործման վերաբերյալ,

– Մյուս կողմից, անցած շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը սկսել է Մաշտոցի պուրակում բարեկարգման և ոռոգման համակարգի տեղադրման ուղղությամբ մի շարք քայլեր ձեռնարկել:

Այդուհանդերձ, մեր դիտարկումների արդյունքում ստիպված ենք արձանագրել հետևյալը.

– Քաղաքապետարանի բարեկարգման աշխատանքները տարվում են առանց պուրակի ապագա տեսքը կանխորոշող բարեկարգման նախագծի վերաբերյալ հանրային կարծիքը հաշվի առնելու,

– «Կանաչապատում» ՓԲԸ-ն այգու ոռոգման համակարգի և բարեկարգման համար փորձում է տեղադրել հնամաշ և շահագործման համար ոչ պիտանի խողովակներ, որոնք չեն կարող երկար ծառայել հանրությանը,

– «Կանաչապատում» ՓԲԸ-ն նաև չի կարողանում բացատրել բետոնի շրջանակում մնացած ծառերի ոռոգման եղանակը. ըստ էության, բարեկարգման նախագիծը լիարժեք չէ և այն անխուսափելիորեն հանգում է տաղավարների շուտափույթ ապամոնտաժման հրամայական խնդրին,

– Եվ վերջապես «Կանաչապատում» ՓԲԸ-ն մի կողմից թանկարժեք շինանյութ է օգտագործում մասնավոր ընկերությունների համար «իբր» ժամանակավոր կրպակների շինարարության համար, իսկ մյուս կողմից հնամաշ և անպիտան գույք է օգտագործում հանրային զբոսայգին բարեկարգելու համար: Այս փաստերը լուրջ հարցեր են առաջ բերում կանաչապատման համար հատկացվող Երևանի համայնքային միջոցների օգտագործման պրակտիկայի շուրջ:

Ելնելով վերոշարադրյալից` առաջարկում ենք հետևյալը.

– Նախքան Մաշտոցի պուրակում բարեկարգման աշխատանքների իրականացումը հանրային զբոսայգու բարեկարգման ցանկացած նախագիծ այսուհետ ենթակա է հանրային քննարկման` քաղաքացիների և մասնագետների առկա և մշակվող բազմաթիվ առաջարկներն ու գաղափարները հաշվի առնելու նպատակով: Ուստի, առաջարկում ենք հանրությանը ներկայացնել քաղաքապետարանի կողմից այգու բարեկարգման և կանաչապատման համար այս պահին իրագործվող ծրագրի նախագծային փաստաթղթերը, նախահաշվարկները և կատարված աշխատանքների կատարողական ակտերի պատճենները:

– Ցանկանում ենք տեղեկանալ նաև, թե ով է իրականացնում նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը, քանի որ աշխատանքների իրականացման որակն ակնհայտորեն բավարար չէ:

– Հանրության առջև հաշվետվականության և թափանցիկության սկզբունքներից ելնելով՝ առաջարկում ենք հանրայնացնել այգու բարեկարգման աշխատանքների իրականացման համար նախատեսվող բյուջեն և ֆինանսական հաշվետվությունները:

– Միմիայն քաղաքացիների մասնակցությամբ հանրային այգու բարեկարգման նախագիծը կստանա հանրային լեգիտիմություն, կվերականգնի այգու հանրային գործառույթը և կապահովի քաղաքային իշխանության ու հասարակության լայն շերտերի համերաշխությունը` հանրային կանաչ տարածքի տեսքի և նպատակային նշանակության շուրջ:

– Առաջարկում ենք վերոհիշյալ հարցերի շուրջ համատեղ քննարկում կազմակերպել մոտակա տասն օրվա ընթացքում:

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն»

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031