«Ես ինքս եմ որոշումներ կայացնում, առավելապես այդ հարցում: Ես արդեն հայտարարել եմ ԶԼՄ-ներով իմ լիազորությունները վայր դնելու մասին եւ չեմ բացառել «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս գալու հանգամանքը»,-այսօր Henaran.am-ին ասել է ՕԵԿ նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը` անդրադառնալով առավոտյան ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի արած այն հայտարարությանը, թե Սուսաննա Աբրահամյանը չի պատրաստվում ՕԵԿ-ից դուրս գալ: Հիշեցնենք, որ վերջինս, դժգոհ լինելով կուսակցության համամասնական ցուցակում իրեն հատկացված երեսունվեցերերոդ հորիզոնականից, հրաժարական էր տվել: Նա նշել էր, որ կուսակցության ղեկավարը իրեն ըստ արժանվույն չի գնահատել: Նշենք, որ Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ-ից դուրս գալու կամ ընդհակառակը` ՕԵԿ-ը չլքելու մասին հայտարարություն չէր արել:
Henaran.am-ի ճշտող հարցին, թե նշանակո՞ւմ է, որ Սուսասննա Աբրահամյանը պատրաստվում է լքել ՕԵԿ-ը, կուսակցության նախկին մամլո խոսնակը պատասխանեց.«Այո, բնականաբար, իմ հայտարարությունից հետեւում էր, որ ես պատրաստվում եմ դուրս գալ ՕԵԿ-ից: Այդ մասին առաջիկայում ես հրապարակավ կբարձրաձայնեմ»: Մեզ հետ զրույցում Սուսաննա Աբրահամյանը նաեւ շեշտեց.«Ես ինքս, լինելով ինֆորմացիայի ոլորտի մարդ, առհասարակ աշխատել եմ զգուշավորությամբ օգտագործել ինֆորմացիան եւ խորհուրդ եմ տալիս ոմանց նույնպես զգուշավորությամբ օգտագործել այն, քանի որ դա լուրջ ազդեցություն կարող է ունենալ մարդու բնութագրի վրա»: