Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարողանում ժողովրդին համոզել»

Մարտ 29,2012 17:34

ՀԱԿ-ը խոստովանում է իշխանափոխության ձախողումը

«Բարեկամական խորհուրդ տամ՝ անիմաստ գաղափարների վրա իզուր ժամանակ մի վատնեք, հատկապես, որ հազիվ կարողացաք միասնական նախընտրական ցուցակ կազմել: Ամեն ինչ արեք՝ ԱԺ-ում ինչ-որ չափով ներկայացված լինելու համար եւ պատրաստվեք արդեն դասագիրք հրապարակել, թե ինչու չստացվեց ձեր՝ տարիներով հայտարարված հեղափոխությունը կամ իշխանափոխությունը: Հարգելիներս, հասարակության կարծիքի հետ հաշվի նստեք, որովհետեւ հասարակությունը բոլորովին այլ բան է ակնկալում»,- երեկ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը այսպես արձագանքեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի հերթական կոչին, թե պատրաստվում են իշխանափոխություն անել, Սերժ Սարգսյանն էլ հրաժարական է տալու:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Կարապետյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք անընդհատ խոստանում ու չեք իրականացնում այդ իշխանափոխությունը, ժողովուրդը ոտքի չի՞ կանգնում՝ Վլադիմիր Կարապետյանը անկեղծորեն պատասխանեց. «Որովհետեւ չենք կարողանում բոլորին համոզել: Միգուցե որովհետեւ դեռ մեր գաղափարները յուրաքանչյուր տուն չենք հասցրել: Կփորձենք այս ընտրարշավի ժամանակ յուրաքանչյուրին հասցնել»:

Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը հաշվարկներ էին ներկայացնում, խոպանչիների թվերն էին հաշվում, որ փետրվարը հեղափոխության համար ամենահարմար ամիսն է, հիմա փետրվարն անցավ, մարտի վերջն է, ժողովուրդը դեռ ոտքի չի ելել: Մեր հարցին՝ նո՞ր եք եկել այն եզրակացության, որ ձեր գաղափարները յուրաքանչյուրի տուն չեն հասել՝ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ, որ մենք հիմնական նպատակին չենք հասել, բայց հավատացնում եմ ձեզ, որ պայքարը շարունակվում է: Մենք մեր կողմից անում ենք հնարավորը, որպեսզի հասնենք մեր նպատակին: Կարեւորը՝ քաղաքացիները, ժողովուրդը տեսնում են, որ կա պայքարող: Կա քաղաքական մի ուժ, որը գնում է իսկապես իշխանափոխության: Չի խնայում ոչ մի բան դրա համար: Այսինքն՝ այսքան զրկանքների միջով անցած, բանտերի, «Մարտի 1»-ի միջով անցած՝ կանգնած է, համախմբված է եւ իր նպատակներին չի դավաճանում»:

Մեր հարցին՝ եթե ժողովուրդը ոտքի չի կանգնում, ձեր կոչերին չի հետեւում, գուցե չի՞ ուզում իշխանափոխություն լինի՝ ՀԱԿ անդամը վստահեցրեց, որ  այդպես չէ. «Հաշվի առնելով այն, որ ժողովուրդն ավելի վատ է ապրում, հուսալքված է, փոքր-ինչ արհամարհանք կա ժողովրդի նկատմամբ՝ ասելով, որ ժողովուրդը ոչինչ չի ուզում: Չէ, ժողովուրդն ուզում է, պարզապես, կարծում եմ, մենք պետք է լույսը վառենք ավելի պայծառ եւ ավելի  հետեւողական լինենք մեր գործողություններում, մենք էլ անելիքներ ունենք»:

ՀՌԻՓՍԻՄԵ  ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031