Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզի բնակիչներին հատուկ է լավատեսությունը

Մարտ 29,2012 17:29

Այսօր Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. և 2012 թ. հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությամբ։ Նշվել է, որ հաշվետու տարում սահմանված կարգով և ժամանակին իրականացվել է պետբյուջեից մարզային ենթակայության կազմակերպությունների համար նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործման հսկողությունը։ Նախատեսված 1 մլրդ 618 մլն դրամի դիմաց հավաքվել է շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի սեփական եկամուտ, կամ պլանը կատարվել է 102. 4 տոկոսով։ Ընթացիկ տարվա երկու ամիսների ցուցանիշն ավելի բարձր է` 111.3 տոկոս։ Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել Կովալենկո Շահգալդյանի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաև Կոտայքի մարզում, որտեղ արձանագրվել են հետևյալ առանձնահատկությունները. «Առաջինը պետք է նշենք, որ Կոտայքի մարզը միակն է, որը չունի արտաքին սահմաններ, և դա նաև ազդում է մեր քաղաքացիների սպասումների վրա։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է։ Մարզպետը նույնպես իր հաշվետվության մեջ նշեց, որ Չարենցավանում, Նոր Հաճնում, Բյուրեղավանում, Հրազդանում, որոնք խոշոր արդյունաբերական կենտրոններ էին, Սովետական Միության փլուզումից հետո խոշոր գործարանները դադարեցրին իրենց աշխատանքը, և գործազրկությունը թիվ մեկ խնդիրը դարձավ մարզի համար։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ ընտանեկան բյուջեների սպառման 35 տոկոսը հիմնականում սնունդն է, և սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Կոտայքի մարզն աչքի է ընկնում առաջին հերթին աղքատության բարձր մակարդակով, ինչը պայմանավորված է հենց այս առաջին հանգամանքով։

Կոտայքի մարզի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ քաղաքներից ամեն մեկն ունի իր յուրահատկությունը, և ներքին ինտեգրվածության աստիճանը բավական ցածր է։ Հետաքրքրական է, որ բնակչության չնչին մասն է առաջնահերթ ոլորտ համարում տուրիզմը։ Չնայած Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, տուրիստական բազմաթիվ օբյեկտներ մարզում կան, բնակչությունը մարզի ապագան տեսնում է առաջին հերթին աշխատատեղերի ստեղծման մեջ, բայց ոչ տուրիզմի ոլորտում։ Դա նաև այս մարզի առանձնահատկությունն է։

Առաջնահերթությունները հետևյալ հերթականությամբ են գնահատում մարզի մեր քաղաքացիները։ Առաջին տեղը աշխատատեղերի ստեղծումն է, երկրորդ տեղում ճանապարհաշինարարությունը, երրորդ տեղում` գյուղի աջակցությունը, չորրորդ տեղում` առողջապահության ոլորտը։ Եվ միայն հինգերորդ տեղում է աշխատավարձի բարձրացման խնդիրը։ Մարզի հաջորդ խնդիրը ուսուցիչների պակասն է։ Չնայած դպրոցները բավական մեծ թափով նորոգվել են, այսօր դպրոցներում համար մեկ խնդիրն այն է, որ երիտասարդները չեն գալիս դպրոցում աշխատելու` որպես ուսուցիչ, և սա ըստ հարցումների արդյունքի մարզի բնակչությունը համարում է կարևոր խնդիր։ Մի առանձնահատկություն էլ կա, որը բխում է բազմազանությունից, որ կա մարզում. ինքնանույնացման խնդիրն է, որը լուծված չէ, այսինքն` կոտայքցի հասկացությունը չկա, ինչպես ասենք` լոռեցի, սյունեցի, և դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքներն իրարից շատ են տարբերվում և իրար հետ կապված չեն ու այդ առումով էլ ներքին ինտեգրվածության խնդիրը մարզի համար չափազանց կարևոր է։ Միգուցե  դրանով է պայմանավորված, որ մարզի բնակիչները աշխատատեղերից հետո թիվ մեկ խնդիրը համարում են ճանապարհաշինարարությունը, միջհամայնքային ճանապարհների կառուցումը և ընդհանրապես ճանապարհների վիճակը, որը երևի այդ խնդրի պատասխանը կտա։ Հետաքրքիր է, որ չնայած այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական ցուցանիշները բարվոք չեն, մարզն ամենալավատեսն  է, այսինքն` քաղաքացիները ապագայի նկատմամբ տրամադրված են լավատեսությամբ, և ինչն է հետաքրքիր, որ արտագնա աշխատանքի տեսակետից ամենացածր տեսակարար կշիռը կա, և հարցումները ցույց են տալիս, որ բնակչության շատ չնչին մասն է, որ իր ապագան կապում է արտագաղթի հետ` ի համեմատություն այլ մարզերի։ Նման տրամադրությունները Կոտայքի մարզում համեմատաբար քիչ են»։

Գործադիրը որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի հիմնական ուղղություններով սահմանված գումարների ճշգրտմամբ և մարված հիմնական գումարների հաշվին նոր վարկերի ֆինանսավորման մեխանիզմի հստակեցմամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունը նախորդ տարի 14 միլիարդ դրամ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար։ Դրա տոկոսները սուբսիդավորվել են պետական բյուջեից։ «Այս տարի ևս 7.5 մլրդ դրամ ենք հատկացնում վարկավորման համար, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Տոկոսադրույքները սուբսիդավորելու համար գումար ենք հատկացնում պետական բյուջեից։ Արդյունքում ցածր տոկոսով վարկերը հասանելի են դառնում գյուղացիների համար։ Ավելին, մարզպետների խնդրանքով որոշում ենք կայացրել, որ այս արտոնություններից օգտվողների ցուցակները հասանելի լինեն հանրությանը։ Այս հնարավորությունից օգտվում են հազարավոր ֆերմերային տնտեսություններ, և եթե ցանկություն կա  ըստ մարզերի ու համայնքների ծանոթանալ այն ցանկին, թե ում է պետությունը ցուցաբերում այդ օժանդակությունը, այդ տեղեկատվությունը բաց և հրապարակային է լինելու, որպեսզի հանրությունը և մեր գործընկերները կարողանան վերահսկել այս գործընթացը, որպեսզի պետական բյուջեի այս սուբսիդավորումը ծառայի բուն նպատակին։

Կոտայքի մարզում էլ է բնակչությունն օգտվել այդ սուբսիդավորումից, և հայտերի գրեթե 90 տոկոսը բավարարվել է։ Սա բավական լուրջ ցուցանիշ է։ Այսինքն` բանկերն ամբողջությամբ բավարարում են այն հայտերը, որոնք ներկայացնում են գյուղացիական տնտեսությունները։ Մերժում է լինում հայտերի չափից շատ ռիսկային լինելու դեպքում։ Գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններն ամբողջությամբ կարող են օգտվել այս վարկերից և այս 7,5 միլիարդը հասանելի է լինելու ապրիլի 1-ից։ Սա լուրջ արդյունք է տալու»։

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրությունից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031