Լրահոս
Օրվա լրահոսը

Կե՞ղծ են շուկայում հայտնված դեղերը թե ոչ. «Նիկոմեդն» առաջարկում է սպասել

Մարտ 29,2012 17:13

«Նիկոմեդ» ընկերությանը պատկանող մի քանի դեղեր (Actovegin Forte 200 mg, Concor 5 mg, Concor Cor 2,5 mg ) բոլորովին այլ արտադրության սերիայով հայտնվել են հայաստանյան դեղատներում: Առայժմ պարզ չէ՝ դրանք կե՞ղծ են, թե՞ ոչ, միայն հստակ է, որ այս դեղերը մեր երկրում գրանցված չեն:

ՀՀ Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի մեկնաբանմամբ, քանի դեռ դրանց «ինքնությունը» պարզված չէ, թե որ երկրից է ներկրվել, ինչ բաղադրություն ունի եւ այլն, ուրեմն դրանք համարվում են կեղծ դեղեր եւ անկախ ամեն ինչից դրանք շրջանառությունից հանելու համար, ՀՀ քաղաքացիների առողջության համար պատասխանատու մարմինները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն եւ խմբաքանակը հավաքեն, մինչեւ որ իրավապահները կպարզեն մնացած հարցերը:
Փոխարենը մեկնաբանություններից զերծ է մնում «Նիկոմեդի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Մաշուրյանը, որն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «կեղծ» բառն այստեղ տեղին չէ, քանի դեռ փորձաքննության արդյունքները պարզ չեն. «Առողջապահության նախարարությունն ու դեղգործակալությունը զբաղվում են այս հարցով եւ քանի դեռ չկա փորձաքննության պատասխանը, մենք չենք կարող որեւէ բան ասել»: Ըստ պարոն Մաշուրյանի, «Նիկոմեդը» ներկրող ընկերություն չի հանդիսանում, ոչ էլ դեղերի վաճառքով է զբաղվում. «Մենք արտադրող ենք, զբաղվում ենք շուկայի ուսումնասիրությամբ եւ ընկերության շահերի պաշտպանությամբ մեր երկրում: Մեր դեղերի ներկրմամբ զբաղվում են այլ կազմակերպություններ»: Պարոն Մաշուրյանը առաջարկեց սպասել մինչ կհրապարակվի նախարարության պատասխանը:

Ինչ միջոցներ է ձեռնարկում առողջապահության նախարարությունը չգրանցված դեղերը դեղատներից հավաքելու ուղղությամբ՝ Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ առողջապահության նախարարի մոտ այս պահին դեղերի թեմայով խորհրդակցություն է եւ կպատասխանեն ավելի ուշ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031