«Հայե′ր, միացե′ք իրավական երկրում», «Ճշմարիտ սոցիալ-իրավական պետություն և իրավունքի գերակայություն», «Կյանքի կոչենք ազգին ծառայող օրենքի գերիշխանությունը». սրանք «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցության կարգախոսներն են: Կուսակցությունն այսօր ներկայացրել է իր քաղաքական ծրագիրը, որը հաստատվել է ՄՀԿ 6-րդ արտահերթ համագումարում: Այն հրապարակված է «Միավորված հայեր» պաշտոնաթերթում և mhktert.am էլեկտրոնային կայքում:
Ծանոթանալով ծրագրին՝ կարելի է նկատել, որ կուսակցությունն իրեն համարում է ազգային հայրենասիրական, կենտրոնաձիգ ,հզոր և կայուն պետականության կողմնակից երրորդ ուժ: Նպատակն է «Հայաստանում ճշմարիտ սոցիալ–իրավական, ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության ստեղծումը, որտեղ կգործի իրավունքի գերակայությունը, բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, կպաշտպանվեն մարդու իրավունքները»:
Ծրագրում հատուկ շեշտադրումներ են կատարված հայրենիքի շուրջ համախմբման, Հայ Դատի, նրա մաս կազմող ղարաբաղյան հիմնահարցի, ՀՀ Սահմանադրության շրջանակներում իշխանությունների ձևավորմանը վերաբերող խնդիրներում: Դրանց լուծումը ՄՀԿ-ն տեսնում է ժողովրդավարական ուղիներով՝ արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով, Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
ՄՀԿ-ն առաջարկում է խնդիրների լուծում 6 հիմնական ոլորտներում: Օրինակ՝ ազգային հոգեկերտվածքի և բարոյականության տեսանկյունից կուսակցությունն առաջարկում է վերականգնել հայոց բուն թվականությունը՝ մ.թ.ա. 2492, պետականորեն՝ Նոր Տարին՝ Նավասարդը, նշել օգոստոսի 11-ին, վերականգնել Երևան քաղաքի Էրեբունի անվանումը:
Կարդացեք նաև
Սահմանադրության ոլորտում ՄՀԿ-ն առաջարկում է արգելել քաղաքական կուսակցություններին զբաղվել բարեգործությամբ, նվազեցնել ԱԺ պատգամավորների թիվը 50 տոկոսով, հանել մեծամասնական ընտրակարգը, համամասնական ընտրակարգի համար նախատեսված ընտրագրավը, մանդատների համար 5 և 7 տոկոս անցողիկ սահմանագիծը իջեցնել 3 և 5:
Տնտեսական ոլորտում ՄՀԿ-ն առաջարկում է անտոկոս վարկերի, ոռոգման ջրի և պարարտանյութերի անվճար տրամադրում՝ գյուղատնտեսության զարգացման համար:
Սոցիալական ոլորտում ՄՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում կրթական հիմնախնդիրներին, առաջարկում է սպորտը դիտարկել որպես պետական ռազմավարության հիմնախնդիր:
Պետական կառավարման ոլորտում ՄՀԿ-ն առաջարկում է պետական ապարատի աշխատավարձերի և ֆինանսական այլ միջոցների անիրատես շռայլման կասեցում:
Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում ՄՀԿ-ն առաջարկում է հետևել Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների ու Հեթումյանների վարած ճկուն, կոմպլիմենտար քաղաքականությանը:
Սփյուռքի հետ գործուն մեխամիզմներ ունենալու համար ՄՀԿ-ն առաջարկում է ստեղծել հայրենիքի և Սփյուռքի միասնության խորհուրդ:
Ըստ քաղաքական ծրագրի՝ կուսակցության գործունեությունը առաջնահերթ պետք է ուղղված լինի արտագաղթի կասեցմանը, հայ ազգի համախմբմանն ու հասարակական-քաղաքական, սոցիալ-իրավական, տնտեսական ու հոգևոր ներուժի համատեղմանն ու կենսապայմանների բարելավմանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ