Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը հավատում է կառավարության խոստումներին

Մարտ 29,2012 16:35

 «Մեր հասարակությունը, ցավոք, այսօր բավական ցինիկ է վերաբերվում մարդու իրավունքներին: Մարդիկ մտածում են, որ կարեւորը հաց ունենաս՝ առանց մարդու իրավունքների»,- այսօր նշեց Մարդու իրավունքների պաշտպանԿարեն Անդրեասյանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ հուշագրի ստորագրման ժամանակ: Ըստ հուշագրի, ԱՄՆ ՄԶԳ-ն ՄԻՊ գրասենյակին կտրամադրի տեխնիկական օժանդակություն, որպեսզի ՄԻՊ-ն արդյունավետ արձագանքի «թեժ գծի» միջոցով քաղաքացիների բողոքներին:

Հարցին՝ առաջիկայում ընտրություններ են, դեսպանատունը որեւէ միջոց կձեռնարկի՞ ընտրախախտումների հարցում՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանեց. «Կարեւոր է այն, որ ազատ ընտրություններին ուղղված ջանքերը հիմա էլ սկսվեն, պետք չէ սպասել ընտրությունների օրվան: Մենք փորձում ենք գտնել այն գործընկերներին կառավարությունից, նրանց համար անել այն, ինչ կարող ենք, որ նրանք կարողանան ազատ, արդար ընտրություններին ուղղված իրենց ջանքերը կատարեն»:

Aravot.am-ի հարցին՝ այս անգամ մեր իշխանությունները լուրջ խոստումներ են տալիս, որ լինելու են ավելի ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ, քան նախորդ տարի, հավատո՞ւմ եք այդ խոստումներին՝ դեսպանը պատասխանեց. «Մենք ողջունում ենք այդ հավաստիացումները, երբ ամենաբարձր մակարդակներում են այդ հավաստիացումները տրվում, մենք ենթադրում ենք, որ դրանք կկատարվեն: Ուրբաթ համաժողովում վարչապետը նորից վերահաստատեց այդ հավաստիացումները: Նա եւ երկրի նախագահը նոր Ընտրական օրենսգիրքն իրականացնելու ընտրությունները ազատ անցկացնելու պարտավորություն են ստանձնել: Այդ ամենը միայն նրա խնդիրը չէ իրականացնելը: Դրանում իրենց դերակատարումը պետք ունենան ընդդիմադիր ուժը, լրագրողները, քաղաքացիական հասարակությունը, որպեսզի կառավարությունը կարողանա իրագործել իր խոստումը»:

Մենք նաեւ ԱՄՆ դեսպանին հարցրինք՝ մեր ՄԻՊ գրասենյակի գործունեությունն ինչպե՞ս եք գնահատում, եւ այլ երկրներո՞ւմ էլ են կառավարության անդամները այդպես բուռն ընդունում, երբ պաշտպանը որեւէ քննադատություն է անում: Նա ըստ էության չպատասխանեց. «Մենք ընտրում ենք գործընկերներ եւ աշխատում ենք այնպիսի գործընկերների հետ, որոնց նկատմամբ վստահություն ենք տածում: Եթե գտնեինք, որ ՄԻՊ գրասենյակը լավ չի աշխատում, ապա այս կառույցը մեր գործընկերը չէր դառնա: Այս հուշագրով մենք ամրագրում ենք, աշխատելու ենք կարողությունների զարգացման ուղղությամբ»:

Կարեն Անդրեասյանի խոսքերով՝ «Միացյալ Նահանգները չունեն ՄԻՊ: Այլ երկրներում ՄԻՊի ցանկացած հայտարարություն նույնպես չունի օրենքի ուժ, բայց հասարակությունն է ստիպում, որ այն օրենքի ուժ ստանա: Երբ ՄԻՊն ասում է, որ այս ոլորտում կա կոռուպցիա, ձեր գործողություններով պետք է պետական մարմնին ստիպել, որ այդ սխալը ուղղվի, շտկվի: Սա է միակ ձեւը, որ ՄԻՊի առաջարկությունները կյանքի կոչվեն: Հասարակությունը պետք է տեր կանգնի մեր՝ բարձրացված խնդիրներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031