Լրահոս
Օրվա լրահոսը

Ալերգիայի սեզոնը բացվում է

Մարտ 29,2012 16:10

Ալերգիաների ծաղկման շրջանը սկսվում է ապրիլի վերջերից, մայիսից եւ տեւում նույնիսկ մինչեւ օգոստոս ամիսը: Հայաստանում ամենատարածված ալերգիաների պատճառը խոտերի խառնուրդներն են եւ հենց այդ սեզոնին արտահայտվում են ալերգիաների ախտանիշները՝ քթի փակվածություն, աչքերի փակվածություն, քոր, հոսք քթից: Այս մասին «Արմատ» ակումբում ասաց ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Aravot.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է ազդում շրջակա միջավայրի աղտոտվածությունը ալերգիաների վրա եւ արդյոք անհրաժեշտ չէ՞ ճիշտ ծառերի եւ բույսերի միջոցով կանաչապատում իրականացնել, որոնք ալերգածին նյութեր չեն արտադրում, Աստղիկ Բաղդասարյանն ասաց. «Մենք մի խնդիր ունենք Հայաստանում՝ ծառ չունենք: Եւ այս դեպքում ինչ ծառ էլ տնկեն՝ լավ է, բայց իհարկե պետք է տնկել այնպիսի ծառեր, որոնք մեր կլիմայական պայմաններում ավելի լավ կաճեն ու ավելի լավ արդյունք կտան»:

Բժշկուհու վստահեցմամբ՝ մեր երկրում ծառերի նկատմամբ ալերգիան այնքան էլ տարածված չէ եւ հետազոտություններից պարզվել է, որ իրականում մոլախոտերն են պատճառ դառնում ալերգիաների, ավելի կոնկրետ՝ նրանց արտադրած ծաղկափոշին: Իրականում «դրանց քոքը ճիշտ ժամանակին կտրելով», ինչպես ասաց մասնագետը, հնարավոր է խիստ նվազեցնել ալերգիա ունեցողների քանակը. «Բնապահպանական տեսանկյունից, ալերգիկ հիվանդների վրա շատ ազդում են մանր մասնիկները, որոնք ի վիճակի են շնչուղիներով ներթափանցել եւ հասնել փոքր բրոնխների մակարդակին ու լրացուցիչ գրգռվածություն առաջացնել արդեն ալերգիա ունեցողների մոտ: Իսկ բազմաթիվ ծառերի առկայությունը խոնավություն է առաջացնում, խոնավության դեպքում էլ այդ մասնիկները նստում են գետնին եւ մթնոլորտային աղտոտվածությունն այդպիսով նվազում է»:

Մեր այն հարցին էլ, թե քիմիական պարարտանյութերը, որոնք այսօր գյուղատնտեսության մեջ օգտագործում են, որպեսզի բերքը շուտ հասնի, կարո՞ղ են ալերգիաների պատճառ լինել, Աստղիկ Բաղդասարյանը պատասխանեց. «Այո, քիմիական նյութերից եւս կարող են լինել ալերգիաներ, բայց դրանք սովորաբար այլ ձեւով են դրսեւորվում՝ ոչ հարբուխի, այլ եղնջացանի ձեւով, եւ շատ մարդիկ կան, որոնց մոտ նման նյութերից կարող է ալերգիա առաջանալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031