Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Հակոբ Հակոբյանն աշխատել իր առաջին միլիոնը

Մարտ 29,2012 15:52

«Իհարկե դիմել եմ, իմ բիզնեսի համար դիմել եմ պաշտոնյաների, աջակցել են այն ժամանակ որպես դեպուտատի, այո՛»,-ասել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը՝ մարտի 27-ին «Ա1+»-ի եթերում «Պոստ Սկրիպտում» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով Արամ Աբրահամյանի «Ձեր բիզնեսի համար երբեք չե՞ք դիմել որևէ պաշտոնյայի» հարցին: Այս պատասխանից հետո, լրատվամիջոցներում մեկնաբանություններ եղան, որ, փաստորեն, Հակոբ Հակոբյանը օգտագործել է իր պաշտոնեական դիրքը՝ սեփական բիզնեսի հարցերը լուծելու նպատակով։ Դրանով, Հակոբ Հակոբյանը փաստացի հաստատել է, որ բիզնեսով է զբաղվել՝ խախտելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը, որը սահմանում է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Aravot.am-ի հետ այսօր հեռախոսազրույցում Հակոբյանը դիտարկմանը, այն բանից հետո, երբ ինքը հրապարակային ընդունում է, որ երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունն է խախտել, ինչպե՞ս է կրկին հավակնում մանդատի, պարզաբանեց. «Այո, ասել եմ աջակցել են, բայց դա չի նշանակում, որ չգիտեմ ինչե՜ր են արել, օրենքներ են խախտել: Ես իմ բիզնեսով չեմ զբաղվում, ուրիշներն են զբաղվում» ու մանրամասնեց, որ աջակցությունը «ֆորմալ» բնույթ է կրել. «Մի գործի, մի թղթի համար եթե մի պաշտոնյայի մոտ էր պետք մտնել, սովորական քաղաքացուն կարող է մի ամիս տանեինբերեին, իսկ ինձ, որպես պատգամավորի, անմիջապես են ընդունել: Էդ օրենքի խախտում ա՞»: Ավելին, Հակոբյանն իր քայլը որակում է «համարձակ մարդու» քայլ. «Ինձ պետք ա, որ ես տարբերվեմ մնացածի շաբլոն արած բառերից՝ ես բիզնեսով չեմ զբաղվում, ոչինչ չեմ անում, էս չեմ անում, էն չեմ անումմարդիկ բոլորին էլ ճանաչում են, ամեն ինչ լավ էլ գիտեն; Հիմա, որ Սամվելն (Սամվել Ալեքսանյանը-Ն. Գ.) ասում ա բիզնեսով չեմ զբաղվում՝ քանի՞ տոկոսն ա հավատում»:

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ պատրաստվել էր անգամ պատասխանելու Արամ Աբրահամյանի հարցին, թե ինչպե՞ս է իր առաջին միլիոնն աշխատել. «Բայց չհարցրեց»: Մեր նույն հարցին՝ Ֆորդի օրինակը բերեց ու ասաց, որ բոլորն են այդպես աշխատել իրենց առաջին միլիոնը:

Հիշեցնենք, որ Արամ Աբրահամյանի հաջորդ հարցին՝ Դուք հիմա էլ ուզում եք, որ ձեր բիզնեսը մի քիչ զարգանա, դրա համար ե՞ք պատգամավոր ուզում դառնալ, Հակոբ Հակոբյանը պատասխանել էր «Ո՛չ։ Հիմա ես ավելի շատ դրսում եմ բիզնես անում։ Իմ բիզնեսը փոքրացրել եմ շատ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031