Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 29,2012 15:09

Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հաճախ բարձրացված խնդիրներից է ընդերքն ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու լիցենզավորման գործընթացում առկա թերությունները: Մասնագիտացած որոշ կազմակերպությունների գնահատմամբ` հան­ք­արդ­յու­նա­hանման լիցենզավորման գործընթացում  հաշվի չի առնվել հասարակության կարծիքը, չի կատարվել անհրաժեշտ վերլուծություն նման գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության տեսանկյունից: Մինչդեռ, ըստ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (6 նոյեմբերի 2002թ.), որն ուժը կորցրել է 2012թ. հունվարի մեկին, սահմանվում էր հասարակական միավորումների ու քաղաքացիների  ընդերքի պահպանության հետ կապված հարցերի քննարկմանը մասնակցության և պետական մարմինների կողմից նրանց առաջարկությունները ըստ ամենայնի հաշվի առնելու պարտավորության մասին դրույթը:

 

Լիցենզիավորման գործընթացում խախտումներ են արձանագրվել նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից չի իրականացվել պատշաճ վերահսկողություն ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններով խախտումներ են արձանագրվել ըն­դեր­քօգտագործող ընկերությունների կող­մից օրենքով և “Կոնցեսիոն վճարի չափը և վճարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի թիվ 562-Ն որոշմամբ սահմանված կոնցեսիոն վճարների հաշվարկման և ՀՀ պետական բյուջե վճարման գործ­ընթացում: Թվով 20 հանքարդյունահանման լիցենզիա ու­նեցող ընկերությունների համար հաշվարկված կոնցեսիոն վճարը կազմել է 158.979.6 հազ. դրամ, սակայն պետական բյուջե է վճարվել է 79,812.2 հազ. դրամը: Արձանագրված խախտումների քանակն ու բնույթն ինքնին վկայում է Նախարարության կողմից համապատասխան ընկերությունների նկատմամբ իրականացված  ոչ պատշաճ հսկողության մասին:

 

Էլեկտրաէներգիայի օգտագործման անվտանգության ապահովման բնագավառում բավարար չի եղել Նախարարության կողմից տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացման մակարդակը: Ըստ Նախարարության պաշտոնական տվյալների` 2011թ. էներգետիկայի բնագավառի ընկերությունների էներգատեղակայանքներում նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացված տեխնիկական ստուգումների արդյունքներով 10 պաշտոնատար անձանց նկատմամբ թույլ տված վարչական իրավախախտումների համար իրականացվել է վարույթ և նշանակվել են տուգանքներ: Խախտումներ են արձանագրվել նաև բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսման պատշաճ արձանագրման բնագավառում: Նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնագետների կողմից իրականացված համատեղ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել և չեղյալ են համարվել 124 բնակիչ-բաժանորդների քարտերում առկա էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ անճշտությունները:  Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի, էներգիայի մատակարարման կանոնների և մատակարար-բաժանորդ(բնակիչ) պայմանագրային պարտավորությունների խախտման կամ ոչ պատշաճ կատարման համար համապատասխան ընկերությունների 5 աշխատակիցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, 34 աշխատակիցներ հեռացվել են զբաղեցրած պաշտոններից, 206-ի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ: Վերոգրյալ վիճակագրությունն ինքնին վկայում է քաղաքացիների կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովման, ինչպես նաև մատակարարի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացման բնագավառում հետևողական և արդյունավետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:

 

Ընդերքօգտագոծման ոլորտի մտահոգիչ հիմնահարցերից է շարունակում մնալ ըներքօգտագործողների կողմից բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ  պատշաճ հսկողության բացակայությունը:

 

2011թ.  ընթացքում բնապահպանական և իրավապաշտպան կազ­մա­կեր­պու­թյուն­ների կողմից պարբերաբար բարձրացվել է նաև «Ընդերքի մասին” ՀՀ օրենսգրքի նախագծի վե­րա­բեր­յալ հանրային քննարկումների չապահովման խնդիրը, օրենսգրքի փակ և հապճեպ ընդունման գործընթացը: Թեև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ 2010թ. սեպտեմբերի 23–ին և  հոկտեմբերի 8–ին անց է կացվել ՀՀ ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծի հասարակական լսումներ Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Նախարարությունը մասնակցել է նախագծի շուրջ մի քանի մարմինների և կազմակերպությունների կողմից անցկացված քննարկումներին (բնապահպանական ուղղվածության խնդիրներն ու  առաջարկությունները փոխանցվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի կողմից ամփոփված առաջարկությունների փաթեթը Նախարարության կողմից ամբողջությամբ ներառվել է   նախագծում), այնուամենայնիվ որոշ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից արտահայտված մտահոգություններն ու դժգոհությունները գործընթացի վերաբերյալ վկայում են, որ քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցություն չի կազմակերպվել, իսկ հանրային կարծիքը հիմնականում հաշվի չի առնվել:

 

ՀՀ օրենսդրությամբ մինչ օրս չեն կարգավորվել  հանքարդյունաբերության թափոնների` մակաբացման շերտի ապարների և պոչանքների հետ կապված հարաբերությունները: «Թա­փոնների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1 մասի համաձայն օրենքի գործողությունը տա­րած­վում է արտադրության և սպառման ընթացքում գոյացած թափոնների գործածության վրա, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն օրենքի գործողությունը չի տարածվում ռա­դիո­ակտիվ թափոնների, հոսքաջրերին խառնվող և բնական ջրատարներ թափվող նյութերի,  արտանետման աղբյուրներից անջատվող գազային խառնուրդների հետ մթ­նո­լորտ արտանետվող նյութերի,  հանքարդյունահանող կազմակերպությունների մա­կա­բացման շերտի ապարների վրա: Նշված թափոնների գործածության հետ կապված հա­րա­բե­րու­թյուն­ները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրա­վա­կան ակտերով: Վերոնշյալ օրենքի ընդունմանը հաջորդող ութ տարիների ընթացքում չի ընդունվել հիշատակված հարաբերությունները կարգավորող որևէ իրավական ակտ, ինչի հետևանքով  ընդերքոգտագործող  կազմակերպությունները հանքարդյունաբերական թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու համար փաստացիորեն ազատվել են բնապահպանական վճարներ  վճարելու պարտականությունից:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031